ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
«Ըստ պաշտպանութեան նախարարի մօտեցման` 102րդ ռազմաբազայի (ռազմակայան- Խմբ) գործունէութեան կասեցման թեմայով յայտարարութիւններն ու հրապարակումները բարոյականութեան պակասի, աշխարհքաղաքական եւ ռազմաքաղաքական տհասութեան հետեւանք են»: Նախարար Դաւիթ Տօնոյեանի այդ արձագանգը ներկայացրել է պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը:
Նախարարի արձագանգը բաւականին կոշտ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ խօսքը լոկ ռազմակայանի վերաբերեալ մօտեցման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական այն աւելի լայն համատեքստի, որում ներկայում շօշափւում է հարցը: Բանն այն է, որ ռազմակայանի վերաբերեալ կարծիքները Հայաստանում տարբեր են եղել միշտ էլ, եւ տարբեր խմբեր ու անհատներ պարբերաբար խօսել են այն Հայաստանից դուրս բերելու մասին, ինչպէս որ միշտ էլ տարբեր կարծիքներ են հնչում այլ քաղաքական, հասարակական նշանակութեան հարցերի վերաբերեալ:
Բայց, ակնառու է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկայ Գիւմրու ռուսական ռազմակայանի դուրս բերման հարց, այն չի շօշափւում արդիական որեւէ քաղաքական հարթակում կամ հասարակական-քաղաքական շերտում: Ըստ այդմ առաջանում է հարց, թէ ինչու՞ են որոշ քաղաքական խմբեր յղում անում ինչ որ յայտարարութիւնների եւ փորձում ստեղծել տպաւորութիւն, թէ Հայաստանում կայ կամ հասունանում է այդպիսի հարց: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը հէնց ռազմակայանի մասին ինչ որ յայտարարութիւնների յղում անելով էր ազդարարել, թէ ինքը որպէս խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդ կը կանխի «հակառուսականութեան սադրանքը» Հայաստանում:
Ին՞չ է պատահել: Հնարաւոր է դիտարկել թերեւս երկու հիմնական շարժառիթ: Կամ Հայաստանում ինչ որ ուժեր փորձում են ամէն գնով ստանալ ռուսական աջակցութիւն, ինչի համար էլ ամէն կերպ փորձում են Հայաստանում ստեղծել «հակառուսականութեան սրման» տպաւորութիւն, իրենց որպէս «հակառուսականութեան հրանօթը կրծքով փակող» յունանաւէտիսեաններ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ խմբի կամ հէնց քաղաքական ղեկավարութեանը վաճառելու համար, ի հարկէ ոչ կեանքի գնով վաճառելու:
Կամ հէնց ռուսական որեւէ շրջանակ փորձում է լուծել իր խնդիրները, օգտագործելով Հայաստանի ներքին սուբյեկտներին (լծակներ-Խմբ). եւ նրանց միջոցով ստեղծելով «հակառուսականութեան սրման» տպաւորութիւնը, յետոյ այդ ամէնը Հայաստանի քաղաքական իշխանութեանը ներկայացուող պահանջի կամ փաստարկի առիթ ծառայեցնելու համար:
Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանի, ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցիկ շրջանակների համար ունի առանցքային նշանակութիւն ոչ միայն երկկողմ յարաբերութեան եւ ռեգիոնալ (շրջանային- Խմբ) իրողութիւնների տեսանկիւնից, այլ նաեւ Ռուսաստանի լայն աշխարհքաղաքական դերի: Այդ իմաստով, ամենեւին չափազանցութիւն թող չհնչի, հայ-ռուսական յարաբերութեան բնոյթը էական նշանակութիւն է ունենալու ռուսական ներքին կեանքի, իշխանութեան վրայ: Եւ այդ տեսանկիւնից Հայաստանում տեղի ունեցող փոփոխութիւններն էլ այդ իշխանութեան ներկայիս շատ շրջանակների համար ինդիկատոր (ազդանիշ- Խմբ) են՝ իրենց համար ոչ այնքան հաճելի ցուցիչներով:
Այդ համատեքստում տեղի է ունենում հայ-ռուսական յարաբերութեան վերափոխման բարդ, բաւականին տարողունակ, խրթին գործընթաց, որտեղ Հայաստանը դնում է մի շարք կարեւոր հարցադրումներ՝ սկսած տնտեսական յարաբերութիւնից մինչեւ ռազմաքաղաքական, անվտանգային խնդիրներ: Այդ համատեքստում է նաեւ այն, որ ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանութեան շրջանակում հաստատուած ռուսական ռազմական ներկայութիւնը «տրանսֆորմացուի» (ձեւափոխուի-Խմբ) հայ-ռուսական ռազմավարական պայմանագրերի քաղաքական շրջանակ, ամբողջապէս ծառայելով Կովկասում արցախեան յաղթանակով Հայաստանի ձեւաւորած ռազմաքաղաքական նոր համակարգին ու ստատուսքուոյին (իրերու դրութեան-Խմբ) :
Գլխաւորը՝ Երեւանն այդ ամէնը շարադրում է, չտալով դաշնակցային նպատակների վերաբերեալ կասկածի որեւէ տեղիք, այսինքն Ռուսաստանին չտալով հարցադրումները նենգափոխելու որեւէ առիթ: Որովհետեւ պաշտօնական Երեւանը հիանալի պատկերացնում է իր խնդիրը, որը բացարձակապէս Ռուսաստանի հետ հակադրութիւնը չէ, այլ հակառակը՝ այնպիսի յարաբերութեան կառուցումը, որը լինելով փոխշահաւէտ, կը լինի էլ աւելի յուսալի ու կանխատեսելի: Մի բան, որը սակայն բացարձակապէս հակոտնեայ է մինչ այժմ ռուսական քաղաքականութեան մշակման համար պատասխանատու տնտեսաքաղաքական ազդեցիկ խմբերի համար, որոնք հայ-ռուսական «աւանդական» յարաբերութեան վախճանը նոյնացնում են իրենց քաղաքական ազդեցութեան վախճանին:
Արդեօք այդտեղ չէ բուն շարժառիթը, որ հնարաւոր ազդեցութեան տակ գտնուող խմբերի միջոցով փորձ է արւում ստեղծել այդ առիթները:
Եւ արդեօք դա չէ նաեւ պաշտպանութեան նախարարի կոշտ յայտարարութեան պատճառը, որը շօշափելով բարոյականութեան պակասի եւ աշխարհքաղաքական տհասութեան հանգամանքը, դիտարկում է նաեւ հէնց այդ ասպեկտը՝ Հայաստանը ներկայում իրականացնում է թէ հայկական, թէ նաեւ ռուսական պետականութեան ու համաշխարհային անվտանգութեան համակարգի համար կարեւորագոյն առաքելութիւն: Այն դէպքում, երբ կարող են լինել խմբեր, որոնք կարող են փորձել փայտ խրել այդ առաքելութեան անիւի մէջ՝ մանրախնդիր նպատակներով:
«ԼՐԱԳԻՐ»