Հայ Դատի յանձնախումբը պէտք է կարողանայ բոլոր պայմաններում աշխատանք ծաւալել, մենք չենք կարող սպասել, որ աշխարհը մեզ յարմարուի: Այս մասին «Ապառաժ»ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերեանը՝ խօսելով համավարակի պայմաններում յանձնախմբի աշխատանքների մասին:
Կորոնավիրուսային վարակի պատճառով փոխուել է միայն յանձնախմբի մարտավարութիւնը, ռազմավարութիւնը մնացել է նոյնը: Նախատեսուած մի շարք ձեռնարկներ իրականացրել են առցանց:
«Նոր իրավիճակն, անշուշտ, բացասական երանգներ ունի, բայց դրականն էլ կայ: Կորոնավիրուսի տարածման սկզբնական օրերին Հայաստանը եւ Աւստալիան նոյն դժուարութիւններն ունէին. թէ հայ, թէ աւստարալացի խորհրդարանականները գրասենեակներում էին կամ տանը: Այս հանգամանքը մենք դրական առիթ նկատեցինք, որ նրանց իրար հետ կապենք: Անցեալ տարի խորհրդարանական պատուիրակութիւն է այցելել Հայաստան ու Արցախ եւ որոշեցինք այդ պատուիրակութեան անդամների մասնակցութեամբ խորհրդակցութիւն կազմակերպել: Խորհրդարանականները լսեցին իրենց գործընկերներին, կիսուեցին փորձառութիւններով», նշել է Հայկ Կայսերեանը:
Նահանգներից մէկում էլ առցանց լսարան է կազմակերպուելու երիտասարդների համար, որի ընթացքում վերջիններս կարող են լսել Հայ Դատի առաջնահերթութիւնների, ծրագրերի մասին, յայտնել իրենց կարծիքները, հարցադրումներ անել: Առցանց լսարանը կը կազմակերպուի ընթացիկ ամսուայ երկրորդ կէսին:
ՀՅԴ Աւստրալիայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատուն, խօսելով Արցախի հետ կապուած ծրագրերի մասին, նշել է, որ դրանք եւս ընթացքի մէջ են: Ըստ Հայկ Կայսերեանի՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման համար, որպէս նախապատրաստական քայլ, աշխատում են քաղաքապետարանների կամ նահանգային մակարդակով տարբեր ոլոտներում համագործակցութիւն ապահովել:
«Աւստրալիայի խորհրդարանի անդամներից Ջոն Ալեքսանդրը անցեալ տարի Սեպտեմբերին այցելել էր Արցախ, եղել նաեւ Քերոլայն Քօքսի անուան վերականգնողական կենտրոնում: Նրա միջնորդութեամբ Արցախի եւ Աւստրալիայում գործող նմանատիպ կենտորի միջեւ կապ է հաստատուել: Ներկայումս աշխատում ենք երկու կենտրոնների միջեւ առցանց հանդիպում կազմակերպելու եւ յետագայ համագործակցութեան ուղղութեամբ», նշել է մեր զրուցակիցը:
Բացի դրանից, Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը ստեղծուած իրադրութեան պայմաններում ակտիւացրել է Արցախի բարեկամների շրջանակի ընդլայնման աշխատանքները: Աւստրալիայի Արցախի բարեկամների խումբը բաղկացած էր մօտ 40 հոգուց՝ խորհրդարանի անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք հանդէս են գալիս Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտապանութեան դիրքերից:
«Մենք կորոնավիրուսի ժամանակ աշխատանք ենք տարել, որպէսզի այդ խմբի թիւը մեծացնենք: Խմբին անդամակցելով նրանք ճանաչում են Արցախի ինքորոշման իրաւունքը, ադրբեջանցիների կատարած անարդարութիւնների դէմ արդարութիւն են պահանջում եւ իրենց ստորագրութեամբ հաստատում դա: Նամակը եւ ստորագրութիւնը թուային եղանակով ներկայացրել ենք տարբեր գործիչների եւ ուրախ ենք յայտնել, որ հիմա Արցախի բարեկամների խմբի անդամների թիւը հասել է 53-ի», ասել է Հայկ Կայսերեանը՝ յաւելելով, որ այդ գործում յաջողութեան են հասել, քանի որ կորոնավիրուսի պատճառով աւստրալացի գործիչները շատ զբաղուած չէին ամէնօրեայ գործերով:
«ԱՊԱՌԱԺ»