
ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի վարակը նահանջել է, Lragir.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց բժիշկ Հայկ Մանասեանը։
«Իմունիզացուած բարիերը (ախտամերժութեան պատնէշը- Խմբ.) բաւականաչափ ձեւաւորուել է, եւ համաճարակն սկսել է նահանջել։ Համաճարակն իր պրոգրեսը (յառաջընթաց- Խմբ.) դադարեցրեց Յունիսի 15-16ին, այդ օրուանից կայունութեան մէջ ենք մինչեւ վերջին մէկ շաբաթը։ Մէկ շաբաթ առաջ այլեւս համաճարակն սկսել է դանդաղ նահանջել։ Վերջին մէկ շաբաթուայ ընթացքում ունենք փաստացի բուժման մէջ գտնուող անձանց մօտ 1000ով պակաս թիւ։ Վաղը կ՛ունենանք արդէն փաստացի բուժման մէջ գտնուող անձանց եւս մի քանի հարիւր հոգով պակասում։ Եւ այդպէս դանդաղ, բայց նահանջելու է համաճարակը, որովհետեւ բաւականաչափ իմունիզացուած բարիեր է ձեւաւորուել»,- ասաց Մանասեանը։
Անդրադառնալով այն տեսակէտներին, որ վարակուած անձանց օրգանիզմում հակամարմինները երկար չեն մնում, եւ չպէտք է այս դէպքում յոյս դնել կոլեկտիւ իմունիտետի (հաւաքական ախտամերժութիւն- Խմբ) վրայ, Հայկ Մանասեանն ասաց, որ հակամարմիններն իմունիտետի միակ գործիքը չեն։
«Իմունիտետն ունի ազդելու տարբեր գործիքներ, որոնցից միայն մէկն է հանդիսանում հակամարմինը, այն էլ հակավիրուսային պաշտպանութեան մէջ առանձնակի մեծ կամ գլխաւոր դերակատարում չունի։ Պարզապէս լաբորատոր (տարրալուծարանային- Խմբ.) ուսումնասիրման համար դա հեշտ մեթոդ է, իսկ ինչը հեշտ է, այն էլ ստուգում են։ Բայց չեն ստուգում այն, ինչն անհրաժեշտ է հակավիրուսային իմունիտետը հասկանալու համար։ Փաստը մնում է փաստ, որ կրկնակի վարակման դէպքերը հիմնականում եղել են մէկ ամսուայ ընթացում, ինչը յուշում է, որ դա ոչ թէ կրկնակի վարակ է, այլ հին վարակի վերաակտիւացում (վերաշխուժացում- Խմբ.) է։ Դրանից դուրս գրեթէ չկան կրկնակի վարակման դէպքեր կամ այնքան հազուադէպ են, որ իմունզիացուած բարիերի ամրութեան վրայ չեն ազդում»,- յաւելեց նա։
Ի՞նչ սպասել աշնանը՝ հաշուի առնելով, որ օդակաթիլային վարակներն ակտիւանում են այդ շրջանում։ Հայկ Մանասեանի խօսքով՝ աշնանը ոչ թէ աճ կը լինի այսօրուայ համեմատ, այլ, օրինակ, Հոկտեմբերին կարող է աճ գրանցուել Սեպտեմբերի համեմատ կամ Դեկտեմբերին Հոկտեմբերի համեմատ, այնպէս, ինչպէս լինում են բոլոր սեզոնային (եղանակային- Խմբ.) շնչական ինֆեկցիաները (բորբոքումներ- Խմբ.)։
«Սա չպէտք է յանկարծ շփոթել երկրորդ ալիքի հետ, ինչը սպառնում է այն երկրներին, որոնք իմունիզացուած բարիերի ճանապարհը չորդեգրեցին։ Նման երկրներն ահ ու սարսափով սպասելու են երկրորդ ալիքին։ Եւ մերոնք, եթէ զանազանութիւն չդնեն պայքարի ռազմավարութիւնների միջեւ, ապա կարող է շփոթմամբ սպասեն ու վախենան երկրորդ ալիքից։ Իրականում մեզ ընդամէնը սպասում է սեզոնային որոշակի ակիտուացում, բայց ոչ երկրորդ ալիք։ Մենք ընտրեցինք իմունիզացուած բարիերի ուղին՝ այդպիսով կանխարգելելով երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների հնարաւոր ռիսկերը (վտանգները- Խմբ.)»,- ասաց Մանասեանը։
Մասնագէտն անդրադարձաւ նաեւ դիմակների խնդրին։ Վերջին շրջանում շատ է քննարկւում հարցը, թէ շոգ եղանակին բացօթեայ տարածքներում ինչու՞ պէտք է մարդիկ դիմակներ կրեն։ Ըստ Մանասեանի՝ առնուազն բացօթեայ տարածքներում դիմակներ չպէտք է կրել, մարդկանց հարկադրելը սխալ քայլ է։
«Գոյութիւն ունեն օդափոխուող ու չօդափոխովող փակ տարածքներ։ Անգամ չօդափոխուող փակ տարածքների դէպքում բաւականաչափ ապացուցուած չկայ դիմակների անհրաժեշտութեան վերաբերեալ, առողջ մարդկանց մասին է խօսքը»,- ասաց նա՝ յաւելելով, որ պէտք չէ դիմակներին վերագրել այն, ինչն իմունիզացուած բարիերի շնորհիւ է տեղի ունենում։
«ԼՐԱԳԻՐ»
Այս լրագրութիւնը, Անգլերենի՞ թէ Հայերենի՞ Խեղկատակութիւն է… նկատի ունիմ – Հայկ Մանասեանը և
«ԼՐԱԳԻՐ»ի Ռոզա Յովհաննիսեանը լեզուական «ինֆեկցիաներ» կը բորբոքէն