ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցութեան ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Թուրքիան չի միանայ Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածաւալ յարձակումի սանձազերծման հարցում: Այս մասին, իշխող կուսակցութեան ներկայացուցիչը յայտարարել է Յուլիսի 27ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Սեփական զինուած ուժերի անզօրութիւնը յստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանութիւններն անում են առաւելագոյնը, որպէսզի Թուրքիան ներգրաւուի այս կոնֆլիկտում (հակամարտութեան մէջ): Կարծում եմ, Թուրքիան չի դիմի նման քայլի եւ որեւէ կերպ կողմ չի հանդիսանայ: Երբ խօսքը Ադրբեջանի ագրեսիայի (յարձակումի) մասին է Հայաստանի նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալուելու է Ցեղասպանութեան համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետութիւններ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրաւուած է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողութիւնները չեն ընկալուելու շատ պետութիւնների կողմից», տեղեկանում ենք «Արմէնպրես» գործակալութիւնից:
Առնուազն տարօրինակ է, Լիլիթ Մակունցի կողմից նման յայտարարութիւնը՝ հաշուի առնելով այն փաստը, որ Յուլիսի 12ից Տաւուշի մարզի ուղղութեամբ ադրբեջանական զինուած ուժերի յարձակման ընթացքում եւ յաջորդող օրերին, Թուրքիայի ղեկավարութիւնը, այդ թւում՝ նախագահը, պաշտպանութեան նախարարը, հանդէս են եկել յայտարարութիւններով, որտեղ անվերապահ աջակցութիւն են յայտնել Ադրբեջանին, նաեւ՝ ընդգծել են Հարաւային Կովկասի նկատմամբ տարածաշրջանային իրենց յաւակնութիւնների մասին:
Յուլիսի 16ին Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Հ. Աքարը, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի տեղակալի եւ նրա գլխաւորած պատուիրակութեան հետ հանդիպումից յետոյ, մամլոյ ասուլիսի ժամանակ մասնաւորապէս նշել էր, որ «հայերը վճարելու են իրենց արածի դիմաց»: «Հայաստանը կը թաղուի իր իսկ դաւադրութեան մէջ, կը խեղդուի նրանում եւ ամբողջովին կը վճարի այն ամէնի համար ինչ արել է: Ադրբեջանի թուրքերի ցաւը մեր ցաւն է։ Մենք կանգնած ենք Ադրբեջանի քաջարի ժողովրդի կողքին իրենց մղած բոլոր կռիւներում», յայտարարել էր Աքարը, եւ աւելացրել՝ «Ադրբեջանը եւ Թուրքիան երկու պետութիւն են, բայց մէկ ժողովուրդ, որ միասնական են՝ լեզուի, կրօնի, պատմութեաւն, ուրախութեան, վշտի եւ հպարտութեան մէջ»:
Նոյն օրերին, Թուրքիայի նախագահ Էրդողանն իր խօսքում սպառնաց շարունակել հայերի դէմ ցեղասպանական քաղաքականութեան իրականացումը՝ մասնաւորապէս նշելով. «Մենք կը շարունակենք իրականացնել այն առաքելութիւնը, որը մեր նախնիները կատարել են դարեր շարունակ Կովկասեան տարածաշրջանում»։ Յուլիսի 22ին, Թուրքիայի անվտանգութեան խորհրդի նիստից յետոյ պաշտօնական յայտարարութեան մէջ էլ ասւում է. «Թուրք ժողովուրդը տէր է կանգնելու ցանկացած որոշման, որը կ’ընդունի եղբայրական Ադրբեջանն իր արդարացի դատի շրջանակներում»: Այս յայտարարութիւնների առարկայական արտայայտումն էլ՝ Յուլիսի 29ից մինչեւ Օգոստոսի 10ը նախատեսուած թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններն են, որոնք կ’ընթանան երկու փուլով: Օգոստոսի 1-5ը Բաքւում եւ Նախիջեւանում տեղի կ’ունենան ցամաքային զօրքերի զօրավարժութիւններ, իսկ Յուլիսի 29ից մինչեւ Օգոստոսի 10ը՝ հրետանային ուժերի, ռազմական օդուժի ներգրաւմամբ զօրավարժութիւններ կ’անցկացուեն Բաքւում, Նախիջեւանում, Գեանջայում, Քիւրդամիրում եւ Եւլախում:
Հարց եմ ցանկանում ուղղել իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավարին՝ ի՞նչ աղբիւրներից է օգտւում եւ ի՞նչ տեղեկութիւնների է տիրապետում՝ վստահութեամբ նման պատասխանատու յայտարարութիւն անելիս: Միաժամանակ, նշեմ, որ այն աղբիւրները, որոնք իւրաքանչիւր հայի ծայրաստիճան մտահոգուելու առիթ կարող են տալ՝ թուրք-ադրբեջանական պաշտօնական աղբիւրներն են, որոնք ներկայացնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների անթաքոյց թշնամանքն ու շարունակուող ցեղասպանական ծրագրերն ողջ հայ ազգի նկատմամբ: Այս մասին ահազանգում են նաեւ ոլորտի հայ գիտնականներն ու փորձագէտները, ովքեր իրենց խօսքն ասում են հիմնուած փաստերի ու վերլուծութիւնների վրայ՝ միաժամանակ ՀՀ իշխանութիւններին կոչ անելով դադարեցնել ինքնախաբէութիւնն ու անտեղի եւ անիմաստ խաղաղասիրութիւնը, եւ չթուլացնել Հայաստանի անվտանգութիւնն ապահովող կառոյցները: Արդեօ՞ք բանասիրական գիտութիւնների թեկնածու Լիլիթ Մակունցն իր ենթադրութիւնները բարձրաձայնելուց առաջ խորհրդակցել է ոլորտի մասնագէտների հետ, կամ գոնէ ընթերցել նրանց մեկնաբանութիւններն իրավիճակի շուրջ: Հարկ է նկատել, որ ՀՀ իշխանութեան բարձրաստիճան պաշտօնեայի կողմից, ժողովրդի զգօնութիւնը թուլացնող իւրաքանչիւր անհիմն յայտարարութիւն նոյնքան վտանգաւոր կարող է լինել, որքան հակառակորդինը: