JERUSALEM POST-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՀԵՏ
ՀՀ ԱԳ նախարար Զօհրապ Մնացականեանը հարցազրոյց է տուել իսրայէլական Jerusalem Post թերթին, խօսել հայ-ադրբեջանական սահմանային լարուածութիւնից, իսրայէլական ԱԹՍ-ներից, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից։ ԱԳ Նախարարութիւնը հրապարակել է հարցազրոյցի թարգմանուած տարբերակը։
JERUSALEM POST.- Ինչպէ՞ս բռնկուեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեճանը ինչի՞ է ձգտում հասնել:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այս յուլիսեան բախումները վակուումում (պարապութեան մէջ- Խմբ.) չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դէմ ուղղուած տարածքային եւ պատմական պահանջներ, որոնք ուղեկցւում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան հանդէպ բարձրաձայնուող դժգոհութիւններով:
Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղեան հակամարտութիւնը բացարձակապէս սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարուածութիւնը ցոյց տուեց, որ Ադրբեջանի կողմից ուժի եւ իր թուացեալ ռազմական առաւելութեան ցուցադրումը շեշտակիօրէն անյաջողութեան մատնուեցին, եւ մենք ականատես եղանք ակնյայտ սխալ հաշուարկի:
JERUSALEM POST.- Արդեօք Հայաստանը պատրա՞ստ է հրադադարի:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ի տարբերութիւն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն աւելացնելու եւ զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ (կառուցակազմերու- Խմբ.) ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերեալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդէս գալ այդ եւ այլ միջոցառումներին՝ ուղղուած լարուածութեան ռիսկերի (վտանգներու- Խմբ.) նուազեցմանը:
JERUSALEM POST.- Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայէլական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդեօք երբեւէ ձեր անհանգստութիւնները բարձրաձայնե՞լ էք Իսրայէլի կառավարութեան առջեւ: Արդեօք դիմե՞լ էք Իսրայէլին՝ վերանայել այդ զէնքի վաճառքն Ադրբեջանին:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ադրբեջանին զէնքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զէնքերը քաղաքացիական ենթակառուցուածքների, քաղաքացիական բնակչութեան դէմ:
Մենք հետեւողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապէս լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թէ՛ երկկողմ եւ թէ՛ միջազգային հարթակներում: Իսրայէլը պէտք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:
JERUSALEM POST.- Ասում են՝ վերջին մարտական գործողութիւնների ժամանակ Հայաստանը յաջողութեամբ խոցել է իսրայէլական ԱԹՍ-նէր: Ին՞չ կարող էք մեզ ասել այդ առնչութեամբ:
ԶՈՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մեզ համար այդ զէնքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չէզոքացրել են Ադրբեջանի զէնքերը՝ անկախ դրանց ենթադրեալ ծագման աղբիւրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերուած եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցուածքների եւ բնակչութեան դէմ կիրառուած սպառազինութեան մասին փաստերը բազմաթիւ են, եւ յուլիսեան դէպքերը յաւելեալ ապացոյցներ տրամադրեցին:
JERUSALEM POST.- Տարիներ շարունակ Իսրայէլը երկմտում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում: Արդեօք դուք այդպիսի ակնկալիքներ ունէ՞ք Իսրայէլից: Արդեօք Դուք վերջերս բարձրացրե՞լ էք այդ հարցը Իսրայէլում ձեր գործընկերների մօտ:
ԶՕՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհաւիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրէաներ՝ հանրային դէմքեր, մտաւորականներ եւ հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակէտը: Այնուամենայնիւ, Իսրայէլի իշխանութիւնները պէտք է որոշեն՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը թէ ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաեւ Իսրայէլին: