Հեմոգլոբինը էրիթրոցիտների (արեան կարմիր բջիջներ) մէջ պարունակուող սպիտակուց է: Թոքերում հեմոգլոբինը միանում է թթուածնի հետ եւ արեան հոսքով տեղափոխում է դէպի օրգան-համակարգեր: Oրգաններում տեղի է ունենում գազափոխանակութիւն. հեմոգլոբինը տալիս է թթուածինը եւ վերցնում է ածխաթթու գազը: Թոքերում հեմոգլոբինը տալիս է ածխաթթու գազն ու կրկին միանում` թթուածնին: Արեան մէջ հեմոգլոբինի նորմալ մակարդակը տատանւում է. տղամարդկանց մօտ՝ 140-180 գ/լ, կանանց մօտ՝ 120-160 գ/լ: Երեխաների մօտ կան տարիքային առանձնայատկութիւններ եւ իւրաքանչիւր տարիք ունի իր նորմաները:
Արեան մէջ հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է առաջացնել թուլութիւն, քնկոտութիւն, դիւրհոգնելիութիւն, աշխատունակութեան անկում եւ այլ ախտանշաններ:
Հեմոգլոբինի ցածր (ոչ-ծայրայեղ ցածր) մակարդակը, բացի դեղորայքային բուժումից, հնարաւոր է բարձրացնել նաեւ ճիշդ սննդակարգի միջոցով: Ռացիոնում` օրուտեստում հարկաւոր է աւելացնել երկաթ եւ ֆոլաթթու պարունակող մթերք:
Երկաթ պարունակող սննդամթերքներն են՝ տաւարի, խոզի, հաւի միսը, տաւարի լեարդը, ծովամթերքը, բրոկոլին, սպանախը, կանաչ լոբին, կաղամբը:
Ֆոլաթթու պարունակող սննդամթերքներն են՝ աւոկադոն, հազարը, բրինձը, հատիկովոր լոբին, գետնանուշը:
Երկաթի օրական նորման` չափանիշը, տղամարդկանց համար սահմանւում է 8 մգ/օր, կանանց համար՝ 18 մգ/օր, իսկ յղիների համար՝ 27 մգ/օր:
Յիշէ՛ք. հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է ունենալ լուրջ պատճառներ: Ինքնաբուժմամբ զբաղուել չի կարելի, մասնաւորապէս երկարատեւ պահպանուող գունատութեան, մկանային թուլութեան, կրկնուող գլխացաւերի դէպքում պէտք է դիմել բժշկի: