Նորայր Պ0ղոսեան
Մեր եկեղեցու Ամերիկայի Արեւմտեան թեմի նախաձեռնութեամբ մէկ տարի առաջ ստեղծուեց նոր մատենաշար՝ «Ոսկեղենիկ»ը: Ի սկզբանէ այս շարքի հիմքում դրուած է, ինչպէս անուանումն էլ յուշում է, մեր ոսկեղէն լեզուի ու մատենագրութեան նորովի արծարծումը։
Անպարփակ գրաւոր ժառանգութիւն ունի մեր ժողովուրդը, եւ նրա միջից օգտակար՝ նոր օրերի անհատին սնուցող ազդակները երբեւէ չեն կարող սպառուել: Ժամանակ առ ժամանակ հանրութեան մէջ քննարկուող թեմաները, չափորոշիչների եւ այլնի մասին տեսակէտները բնաւ չեն դիպչում ու սասանում մեր բացարձակ արժէքները, այդ թւում՝ դասական լեզուն, մատենագրութիւնը, որ մշտապէս ուսանելի են ամէնքիս համար: Մանաւանդ որ դեռ ունենք մեծաքանակ երկեր, որոնք դեռ տպագրուած կամ թարգմանուած չեն ու «ննջում են» ձեռագիր մատեաններում:
Այդպիսի մտայնութեամբ է ստեղծուել մատենաշարը․ առաջին յուսադրող քայլերից յետոյ, կարելի է ասել, այն կենսունակ դառնալու միտում ունի: Արդէն տպագրուել են երկու հատորներ` Յովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածու (2019) եւ Յակոբ Նալեանի «Գանձարան Ծանուցմանց» գրքից ծաղկաքաղ ժողովածուն (2020): Մասնաւորապէս վերջին հեղինակը մեր մեծ մտածողներից է, Նարեկի առաջին խոշոր մեկնիչներից մէկը, եւ իր արժանի տեղը պիտի ունենայ գրական հսկաների շարքում: Պիտի շեշտենք, որ երկերը գրաբարից աշխարհաբար են փոխադրւում առաջին անգամ:
Թարգմանական այդ ընթացքին այս կամ այն կերպ ներգրաւուած են նախ եւ առաջ Հայաստանի մասնագէտները: Իսկ մատենաշարի բովանդակային առանցքը հոգեւոր անփոփոխելի գանձերն են՝ առաքինութիւնը, սէրը, համեստութիւնը, բարի կենցաղը:
Ներկայումս սրբագրման ու վերջնականացման փուլում են եւս երեք հատորներ, որոնք առաջիկայ ամիսներին կը յանձնուեն տպագրութեան. Յովնան արք. Տէրտէրեանի «Պատգամներ» խորհրդածութիւնների ժողովածուն, Բարսեղ Կեսարացու երկերի թարգմանութիւնը, Կարապետ Պալատեցու քարոզներից մի ծաղկաքաղ, որի ձեռագրի օրինակը պահւում է թեմի առաջնորդարանում: Վերջինը` Կ. Պոլսի 1823-31 թթ. պատրիարք Կարապետ Պալատեցին նոյնպէս քիչ յայտնի հեղինակներից է մեզանում, եւ նրա խորիմաստ քարոզները պարկեշտութեան, ողորմածութեան, պահեցողութեան մասին չեն կորցրել արդիականութիւնը: Օրինակ, հեղինակը գրում է՝ «պարկեշտութիւնը հայելու պէս ցոյց է տալիս մարդու ներսը», կամ՝ «ձեռքերն ու երեսը լուանալուց առաւել հարկ է լեզուն լուանալ, որպէսզի այն մաքրուի հայհոյութեան ախտից, բամբասանքից, արհամարհանքից», որոնց ընթերցումը, ի դէպ, վատ չի լինի, որ փոխարինի հանրային ցանցերում անպտուղ քարկոծումներին:
Առհասարակ` մատենաշարի սկզբունքներից մէկն է ընթերցողին նոր երկեր ու հեղինակներ մատուցելն ու շրջանառութեան մէջ դնելը: Այդ կերպ են ընտրուել ու սկսուել նաեւ յաջորդող հատորների պատրաստութիւնը, որոնք ընդրկում են Յովհաննէս Ջուղայեցու (17րդ դար), Պաղտասար Դպիրի (18րդ դար), Յակոբ Շամախեցու, Պետրոս Նախիջեւանցու երկերը:
Արեւմտան թեմը եւ նրա առաջնորդը գրահրատարակչական լայն գործունէութիւն է ծաւալում։ Այդ մասին պատմող գրքոյկը եւ հրատարակութիւնների pdf տարբերակները կարելի է գտնել առաջնորդարանի կայքում հետեւեալ յղումով https://www.wdacna.com/publications:
Եւ վստահ ենք, որ գրատպութեան աւանդներով խիստ հարուստ Արեւմտեան թեմը «Ոսկեղենիկ» մատենաշարով յաւելեալ շունչ հաղորդած կը լինի միջնադարի մեր հոգեւոր գրականութիւնը նոր օրերում թարգմանելու եւ տարածելու նպատակադիր գործին: