ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Քարվաճառի Արմաթ լաբորատորիան (տարրալուծարանը-Խմբ.) գործում է արդէն երեք տարի: Պատանիներն այստեղ սովորում են ծրագրաւորման եւ երկչափ ու եռաչափ գրաֆիկայի (գծանկարի-Խմբ.) հիմունքներ:
Covid 19 համավարակով պայմանաւորուած` այս տարուայ Մարտ ամսից դադարեցուել են նաեւ «Արմաթ» լաբորատորիաների օֆլայն (արտահամացանցային-Խմբ.) պարապունքները. դրանք տեղափոխուել են առցանց տիրոյթ:
Հեռավար աշխատանքն առաւել բազմաբովանդակ դարձնելու, տանը եղած ժամանակն առաւել արդիւնաւէտ օգտագործելու, նոր գիտելիք ձեռք բերելու նպատակով Քարվաճառի «Արմաթ» լաբորատորիայի խմբակավար Դաւիթ Եղիազարեանի նախաձեռնութեամբ մօտ երկու ամիս համագործակցութիւն է իրականացուել Քարվաճառի Վիքիակումբի հետ, որի ընթացքում «Արմաթ» լաբորատորիայի սաները, որոնք նաեւ Քարվաճառի Վիքիակումբի խմբագիրներ են, խմբակավարի օգնութեամբ «Վիքիպեդիա» հանրագիտարանում ստեղծել են յօդուածներ իրենց օգտագործած ծրագրերի մասին:
«Այս համագործակութեան ընթացքում երեխաները յօդուածներ էին թարգմանում անգլերէն «Վիքիպեդիա»ից, ինչի արդիւնքում հարստացրին իրենց թեմատիկ բառապաշարը, աւելի լաւ ծանօթացան տուեալ ծրագրերին, հնարաւորութիւն ունեցան կրկնել նախկինում ձեռք բերած տարբեր հմտութիւններ», պատմում է Դաւիթ Եղիազարեանը:
«Թարգմանութեան ընթացքում սովորում եւ կրկնում էինք մի շարք տերմիններ, ինչպէս նաեւ` կատարելագործեցինք Վիքիպեդիայում խմբագրելու մեր գիտելիքը, սովորեցինք մի քանի նոր գործիքներ», նշում է նախագծի մասնակիցներից Նունէ Ազարեանը:
Նշենք, որ համագործակցութեան արդիւնքում «Հայերէն Վիքիպեդիա»ում աւելացել է համակարգչային ծրագրերի վերաբերեալ ինը նոր յօդուած, որոնք բոլորը թարգմանուել են անգլերէն «Վիքիպեդիա»ից:
Դաւիթ Եղիազարեանի խօսքով` Վիքիակումբի հետ համագործակցութիւնը շարունակական կը լինի: «Այսպիսով երեխաները հնարաւորութիւն են ստանում թեմատիկ նիւթեր գրել, ինչն օգտակար է թէ՛ «Վիքիպեդիա» հանրագիտարանի, թէ՛ իրենց համար: Իրենք, կարելի է ասել, մասնագիտական որոշ գիտելիք են ձեռք բերում, նաեւ` թարգմանելիս կիրառում են իրենց սովորածը, ինչը եւս կարեւոր է, իսկ հանրագիտարանը հարստանում է թեմային տեղեակ խմբագիրների գրած մասնագիտական կարեւոր յօդուածներով»:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից