ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Իգոր Մուրադեանը 2016ի ապրիլեան քառօրեայ պատերազմին նախորդող մի քանի տարիներին Lragir.am-ի էջերում պարբերաբար անդրադառնալով արցախեան կարգաւորման գործընթացին եւ Ռուսաստանի հովանու ներքոյ ծաւալուած այսպէս ասած կազանեան պլանին, գրում էր, որ Մոսկուայի պատրոնաժութեամբ (հովանաւորութեամբ- Խմբ.) հասունանում է ազատագրուած տարածքների յանձնման պլան (ծրագիր- Խմբ.), որի ռազմավարական նպատակը արցախեան գօտում ռուսական ռազմական ներկայութեան հաստատումն է՝ խաղաղապահների ձեւաչափով:
Իգոր Մուրադեանն այսօր ողջ կը լինէր, եթէ ունենար արցախեան շարժման իր կենսագրութիւնը տարիների ընթացքում բանկային (դրամատնային- Խմբ.) հաշիւների եւ գոյքային կապիտալիզացիայի (դրամագլուխի-Խմբ.) ենթարկելու հնարամտութիւն ու հաւանաբար կ՛ունենար այդ մասին խօսակցութիւնը շարունակելու առիթ:
Այն ժամանակ, երբ արցախեան շարժման հիմնադիրներից ու գաղափարախօսներից մէկն իր համեստութեան դիրքից ահազանգում էր Հայաստանի ու Արցախի դէմ հասունացող ռեգիոնալ (շրջանային- Խմբ.) պլանների մասին, Հայաստանի ու Արցախի անունից այն ժամանակ եւ այսօր երդուող շատերը զբաղուած էին շարժման իրենց բաժնի անմնացորդ կապիտալիզացիայի շուրջ ներհամակարգային յարաբերութիւններ ու հաշիւներ մաքրելով, որ կուտակել էին համատեղ իշխանութեան ընթացքում:
Մուրադեանն ու Լրագիրը ահազանգում էին, որ այդօրինակ զարգացող պլանները հնարաւոր չէ իրագործել քաղաքական համաձայնութեամբ, եւ կ՛առուի դրանք փակուղի մղելու եւ դրա հետեւանքով պլանը պատերազմով առաջ մղելու փորձ, ռազմական գործողութիւններով պարտադրելու եւ իրագործելու ջանք: Դրա չափազանց վառ վկայութիւնը ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքի միլիարդաւոր դոլարների ծաւալն ու այդ ֆօնին «խորապատկերին- Խմբ.) Ադրբեջանի օրէցօր սանձարձակ սահմանային պահուածքն էր:
Իսկ Հայաստանում կապիտալիզացիայի եւ իշխանութեան հաշիւները պարզաբանող ներհամակարգային խմբերը եւ նրանց սպասարկող, նաեւ «ռուսական աշխարհի» քաղաքական ծրագրերը համակարգող ու սպասարկող շրջանակները Իգոր Մուրադեանին ու Լրագրին մեղադրում էին հանրութեանն ապակողմնորոշելու համար, որովհետեւ ահազանգերը խախտում էին նրանց ներքին յարմարաւէտութիւնն ու ներդաշնակութիւնը, ստիպելով պատասխանատուութիւն ստանձնել Հայաստանի քաղաքական ճակատագրի համար, Հայաստանի դէմ հասունացող պատերազմը կանխելու համար:
Այսօր բոլորը սկսել են յիշեցնել, թէ ինչ պլանների տակ է ստորագրութիւն կամ հաւանութեան կնիք դնելու պատրաստ եղել Սերժ Սարգսեանը: Դա ի հարկէ կարեւոր հարց է, բայց առաւել քան կարեւոր է հասկանալ, թէ Հայաստանում ով ինչ էր կարող կամ ինչի էր պատրաստ Հայաստանի ու Արցախի դէմ ապրիլեան ագրեսիան (յարձակումը- Խմբ.) հասունացնող պլանների կանխարգելման հարցում: Բանն այն է, որ դա պէտք է օգնի հասկանալ նաեւ, թէ իրականում ով ինչի է պատրաստ Հայաստանի հարցում՝ պատասխանատուութիւնն ամբողջութեամբ Սերժ Սարգսեանի վրայ դուրս գրելուց բացի: Որովհետեւ Սերժ Սարգսեանը գնացել է, Հայաստանն է մնացել ու մնալու: Իսկ դրա համար շատ կարեւոր է, որպէսզի գնացած Սերժ Սարգսեանը չվերածուի պատասխանատուութիւնից խուսանաւելու յարմար թաքստոցի: Այլապէս յաջորդ թաքստոց դարձնելու են Նիկոլ Փաշինեանին:
«ԼՐԱԳԻՐ»