ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տուել ռուսաստանեան РБК (RBK) լրատուամիջոցին: Քանի որ նախկին նախագահը վերջերս յաճախ է հրապարակային ելոյթներ ունենում, դրանք այլեւս բուռն քննարկման առարկայ չեն դառնում. Քոչարեանն այլեւս որպէս նախկին նախագահ չի ընկալւում, նա ընդդիմադիր գործիչներից մէկն է:
Եւ եթէ նրան մօտենում ես այդ չափանիշներով, ապա կարելի է սառնասրտօրէն քննարկել նրա ասածները: Երբ, օրինակ, նախկին նախագահը, կրկնում է հակասորոսական հեքիաթը, պարզ է, թէ ինչու է նա անդրադառնում այդ հարցին հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում: Մերձկրեմլեան շրջանակներին այդ հեքիաթը հոգեհարազատ է, իսկ Քոչարեանը ցանկանում է ներդաշնակ լինել այնտեղից եկող ազդակների հետ: Իրականում մեր ինքնութեանը, մեր հաւատին եւ ընտանիքին ոչինչ չի սպառնում. մի քանի հասարակական կազմակերպութիւններ եւ անգամ մի քանի կառավարութիւններ, եթէ անգամ մեծ ցանկութիւն ունենան, չեն կարողանայ վտանգի ենթարկել այն, ինչ ստեղծուել է հազարամեակներով: Այնպէս որ՝ այդ բոլոր մտահոգութիւնները, ինչպէս ասում են, կեղծ օրակարգ է:
Իրական օրակարգ է, ի հարկէ, ազդեցիկ ընդդիմութեան ձեւաւորումն այն պայմաններում, երբ մարդիկ, ինչպէս արդարացիօրէն նշում է Քոչարեանը, «2018ի էյֆորիայից դուրս են եկել»: Այս առումով հետաքրքիր է նրա հետեւեալ դիտարկումը. «Փորձագիտական համայնքի առումով, մտաւորականութեան առումով, ովքեր ունակ են վերլուծել իրավիճակները, խօսել, որոշ հարցազրոյցներ տալ, համեմատութիւններ կատարել, վերլուծութիւններ կազմել, այսինքն ՝ ստեղծել իմաստալից, հետաքրքիր բովանդակութիւն, մենք, անկասկած գերակշռում ենք»: Բնական հարց է առաջանում՝ ովքե՞ր՝ «մենք»: Եթէ Քոչարեանը նկատի ունի, որ այսօր վերլուծելու, տեսակէտ յայտնելու, հարցազրոյցներ տալու հնարաւորութիւններն անհամեմատ աւելի շատ են, քան իր ղեկավարման տարիներին, երբ հեռուստատեսութեամբ հնչող ամէն մի բառ վերահսկւում էր նախագահականից, ապա, նա, անշուշտ, իրաւացի է: Բայց եթէ նախկին նախագահը կարծում է, որ վերլուծաբանների, փորձագէտների եւ մտաւորականների մեծ մասն իր կողմնակիցներն են, ապա նա լուրջ մոլորութեան մէջ է: Ընդդիմադիր կամ քննադատական դիրքորոշումը ունենալն ամենեւին չի նշանակում, որ երկրորդ նախագահը հէնց այն բեւեռն է, որի շուրջ համախմբւում են այդ դիրքորոշումն ունեցողները: Աւելին՝ ինձ թւում է, որ եթէ այդ քննադատներն ու ընդդիմադիրները կանգնեն ընտրութեան առջեւ՝ Փաշինեա՞ն, թէ՞ Քոչարեան, նրանց գերակշիռ մասն առանց վարանելու կանգնելու է ներկայ իշխանութեան կողքին:
Ընդհանրապէս, վերջերս ականատես ենք դառնում հետաքրքիր «ինքնառաջադրումների»: Մի խումբ մարդիկ իրենց «ազգային-ժողովրդավար բեւեռ» են հռչակում: Արդեօք դա նշանակու՞մ է, որ այդ բեւեռում լինելու համար պէտք է զէնքով յարձակուել ոստիկանական գնդի վրայ ու մարդ սպանել կամ առնուազն ողջունել նման գործելակերպը: Հիմա էլ ընդդիմադիր բեւեռի մասին են խօսում. կարո՞ղ է պատահել, որ այնտեղ հաւաքուել են Քոչարեանի համակիրները:
https://www.aravot.am/2020/09/04/1132968/
«ԱՌԱՒՕՏ»