ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Վաշինգթոն նահանգի Սիէթըլ քաղաքում անցկացուած խաղաղ ցոյցի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին՝ դատապարտելով Սեպտեմբերի 27ին Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմն Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների դէմ: Քաղաքի կենտրոնական հատուածում հաւաքուած շուրջ 1000 ցուցարարները նաեւ զօրակցութիւն յայտնեցին Հայաստանում եւ Արցախում հերոսաբար կռուող հայրենակիցներին:
Ցոյցի մասնակիցները կոչով դիմեցին Վաշինգտոն նահանգից ԱՄՆ Ծերակոյտի անդամներ Մարիա Քանթուելին եւ Փեթթի Միւրէյին եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Սիւզըն Դելբենին, որպէսզի վերջիններս ԱՄՆ Կոնգրեսում բարձրաձայնեն Արցախի ու Հայաստանի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացուող վայրագութիւնների, ամէն օր շարունակուող ռազմական յանցագործութիւնների մասին: Հանրահաւաքի կազմակերպիչների ու մասնակիցների պահանջն էր, որ պաշտօնական Վաշինգտոնը խստագոյնս դատապարտի եւ պատժամիջոցներ կիրառի երկու յարձակող պետութիւնների նկատմամբ, ինչպէս նաեւ՝ դադարեցնի ռազմական օժանդակութիւն տրամադրել ահաբեկչական խմբաւորումների հետ համագործակցող Թուրքիային եւ Ադրբեջանին:
Հանրահաւաքի ժամանակ իր ելոյթում, Սիէթլի Ս. Յարութիւն եկեղեցու հովիւ Տէր Վազգէն քահանայ Պօյաճեանը տեղական եւ նահանգային իշխանութիւնների ուշադրութիւնը հրաւիրեց իրողութեանը, որ Արցախի ու Հայաստանի բնակչութիւնը կեանքի ու մահուան կռիւ է մղում՝ պաշտպանելու ոչ միայն իր արդար դատը. «Այն, ինչ այսօր կատարւում է մեր հայրենիքում, մեր ժողովրդի կեանքում, այսօր դարձել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ՝ ամբողջ աշխարհի հարցը, որովհետեւ հայն այսօր միայնակ պայքարում է միջազգային սպառնալիք հանդիսացող ահաբեկիչների, բարբարոսների դէմ: Այս պատերազմի միջոցով թուրքիան կրկին փորձում է կեանքի կոչել պանթուրքիզմի գաղափարախօսութիւնը, ինչը նշանակում է, որ հայերն այսօր քաղաքակրթական եւ գոյաբանական պայքար են մղում: Թշնամի Թուրքիան՝ իր հարիւր տարուայ երազանքն այսօր ցանկանում է իրականութիւն դարձնել ազերիների, վարձկանների ձեռքով՝ շարունակելով իր ցեղասպանական քաղաքականութիւնը»: Տէր հայրը հաւաստիացրեց, որ թշնամուն չի յաջողուի իրականացնել մտադրութիւնը, որովհետեւ հայերը միասնաբար յաղթելու են: Նա քաջալերեց Սիէթլի հայ համայնքին եւ յորդորեց ամէն կերպ սատարել հայրենիքին:
Ադրբեջանի ու Թուրքիայի գործողութիւնները դատապարտող յայտարարութեամբ, եւ միասնականութեան կոչով հանդէս եկան նաեւ Ս. Յարութիւն եկեղեցու երիտասարդաց միութեան ատենապետուհի Քրիստինէ Պօղոսեանը, Voice of Washington Armenians կազմակերպութեան ներկայացուցիչներ Վահէ Ղազարովը, Հայկ սարկաւագ Թադեւոսեանը, Թամարա Նալբանդեանը, Լեւոն սարկաւագ Էսիպով, Ֆրանց Բդոյեանն ու Ալեքս սարկաւագ Էսիպովը:
«Կանգնեցրէ՛ք Թուրքիային», «Դադարեցրէ՛ք սպանել», «Դադարեցրէ՛ք ատելութիւնը, ադրբեջանա-թուրքական յարձակումը», «Հայաստանն ու Արցախը ցանկանում են խաղաղութիւն» պաստառներով ցոյցի մասնակիցների նպատակն էր նաեւ հանրութեան իրազեկումը, եւ այդ նկատառումով հանրահաւաքն անցկացւում էր քաղաքի այն հատուածում, որտեղ կենտրոնացած են հիմնական լրատուական կենտրոնները:
Յատկանշական է, որ Սիէթըլի հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը ԱՄՆ են տեղափոխուել Բաքւում հայերի դէմ իրականացուած ջարդերից յետոյ: Համայնքի մաս են կազմում նաեւ համաշխարհային տեխնոլոգիական մայրաքաղաքի ոլորտի առաջատար կազմակերպութիւններում ներգրաւուած հայ արհեստավարժները: