ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ե՞րբ է սկսուել պատերազմը: 2020 թուականի Սեպտեմբերի 27ի՞ն: 2016 թուականի Ապրիլի՞ն: 1992 թուականի՞ն, երբ սկսուեցին ակտիւ (աշխոյժ-Խմբ.) մարտական գործողութիւնները: Ամէն մէկը, հաւանաբար, ունի իր սուբեկտիւ (ենթակայական-Խմբ.) ընկալումը: Անձամբ ինձ համար պատերազմը սկսուեց 1988 թուականի Փետրուարի 28ին Սումգայիթում, որովհետեւ մինչ այդ պահը ես կարծում էի, որ հայերով բնակուած ինքնավար մարզը Մոսկուան կարող է փոխանցել Խորհրդային Հայաստանին, եւ խնդիրը դրանով կը փակուի: Ի հարկէ, պատրանք էր, որը, հաւանաբար, կիսում էին հայերից շատերը: Իսկ երբ 1991ին Խորհրդային միութիւնը փլուզուեց, մենք այլեւս չէինք հաւատում, որ ադրբեջանցիների հետ խաղաղ, քաղաքակիրթ ձեւով կը բաժանուենք իրարից, ինչպէս Չեխիան եւ Սլովակիան: Բայց մեզանից շատերն այդպէս են մտածում, որովհետեւ դա՛ ենք տեսել մեր աչքով, դա՛ ենք զգացել մեր մաշկի վրայ: Իսկ նրանք, ովքեր ապրել են մեզնից առաջ կամ նրանք, ովքեր խորացած են պատմական իրողութիւնների մէջ, հաւանաբար, կը հաստատեն, որ մեր ժողովրդի դէմ պատերազմն ընթանում էր նաեւ խորհրդային ժամանակաշրջանում՝ առանց հրացանների կրակոցների եւ հրանօթների համազարկերի: Հակառակ դէպքում ինչպէ՞ս բացատրել, որ, օրինակ, 1988 թուականին ժամանակին հայաբնակ Նախիջեւանում մնացել էր միայն երկու հայկական գիւղ: Կամ արդեօք նոյն Սումգայիթը խորհրդային շրջանում չէ՞ր: Մնացած փաստերը չթուարկեմ՝ ամէն ինչ առանց այդ էլ պարզ է: Իսկ դրանից առաջ՝ Օսմանեան կայսրութիւնում միթէ՞ հայերի դէմ պատերազմ չէր մղւում:
Միակ տարբերութիւնն այն է, որ 1918-20 թուականներին եւ 1991ից սկսած մենք ունենք պետութիւն եւ բանակ, եւ հայորդիները հնարաւորութիւն ունեն դիմադրելու մեր դէմ տարուող պատերազմում, իսկ դա, համաձայնէք, հսկայական տարբերութիւն է: Թուրքերը, ինչպէս նաեւ 20-21րդ դարերում նրանց գործիքը հանդիսացող ադրբեջանցիները, գերադասում են պատերազմել անզէն մարդկանց դէմ, ու երբ տեսնում են, որ իրենց դիմադրում են, դա, ըստ ամենայնի, նրանց համար անակնկալ է: Պարզապէս պիտի հաշուի նստեն այն իրողութեան հետ, որ այլեւս անպատիժ չեն մտնի մեր տները, չեն սպանի կամ աքսորի անզէն մարդկանց: Իսկ որ յարձակուել են եւ դեռ յարձակուելու են, դա, իր հերթին, չպիտի անակնկալ լինի մեզ համար: Յարձակուել եւ յարձակուելու են՝ անկախ նրանից, թէ ով է Հայաստանում իշխանութեան, անգամ անկախ նրանից, արւում են մեր արտաքին քաղաքականութեան մէջ սխալներ, թէ ոչ (ի հարկէ, արւում են, բայց դրա մասին խօսելու ժամանակը չէ): Յարձակւում են այսօր, յարձակուելու են նաեւ վաղը, եթէ նոյնիսկ մի քանի օրով, շաբաթով կամ ամսով հրադադար հաստատուի: Յարձակուելու են ժողովրդավարական, աւտօրիտար (մենատիրական-Խմբ.) կամ բռնապետական Հայաստանի վրայ: Պարզապէս հրադադարի օրերին նոյնպէս պէտք կը լինի հասկանալ, որ պատերազմը շարունակւում է:
«ԱՌԱՒՕՏ»