ԹԱԴԵՒՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի (լծակից զոյգ-Խմբ.) ակտիւացումը (աշխուժացում-Խմբ.) եւ պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգութեան եւ կայուն զարգացման տեսանկիւնից:
Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը (աղբիւրը-Խմբ.) Ադրբեջանի նաւթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակւում է տարբեր զինատեսակներով:
Ադրբեջանի արտաքին մահաբեր առեւտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նաւթի եւ գազի արտահանման գրեթէ 40 տոկոսը, որը կազմում է տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթէ 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբիւրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan):
Վաղուց արդէն յայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զէնքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դէպի այս երկրներ ադրբեջանական նաւթի եւ գազի արտահանման եւ այս երկրներից Ադրբեջանի երեւացող ընդհանուր ներմուծման տարբերութիւնը (տարեկան միջինը՝ 6.2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիօրէն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարուող զէնքի ծաւալները՝ «զէնք նաւթի դիմաց» շղթայով:
Հաշուի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երեւացող ծաւալները՝ կարելի է ենթադրել. այս երկրները ադրբեջանական նաւթի ու գազի դիմաց՝ ընդհուպ մինչեւ 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրութեան զինատեսակները:
Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգուտներ: Վերջինիս ընդհանրական գնահատման տեսանկիւնից յատկանշական են նաեւ հետեւեալ իրողութիւնները՝
– Ադրբեջանական նաւթի ու գազի արտահանման գները առնուազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձեւաւորուող համապատասխան գներին, եւ նշուած շեղումը պատերազմական այս օրերին առաւել խորանում է,
– Զէնքի միջազգային առեւտուրն ինքնին գերշահոյթներ ապահովող բիզնես (գործառնութիւն-Խմբ.) է, որի նուազագոյն շահութաբերութիւնը՝ տարբեր գնահատումներով տատանւում է 30-50 տոկոս միջակայքում:
Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով ստացւում է՝ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առեւտրից ընդհանուր առմամբ ստանում են տարեկան առնուազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետեւանքներին:
Ադրբեջան-Իտալիա մահաբեր առեւտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդիւնքները հրապարակել ենք օրերս:
Ադրբեջանական նաւթի եւ գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում եւ երկրորդը ԵՄ-ում (Իտալիայից յետոյ) հանդիսանում է Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծաւալով:
Յատկանշական է նաեւ այն, որ 2016թ. ապրիլեան քառօրեայ եւ 2020թ. Սեպտեմբերի 27ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատուածում ադրբեջանական նաւթի եւ գազի արտահանումը դէպի Գերմանիայ գրանցել է թռիչքաձեւ աճ: Մասնաւորապէս, 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը: Ի դէպ, ամենաբարձր աճերը գրանցուել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին:
Ադրբեջանական նաւթի եւ գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում եւ երրորդը ԵՄ-ում (Իտալիայից եւ Գերմանիայից յետոյ) հանդիսանում է Իսպանիան՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծաւալով: Այստեղ եւս յատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նաւթի ու գազի արտահանումը դէպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնաւորապէս, 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը:
Կարելի է ամփոփ եզրակացնել.
Տնտեսական այս գերօգուտները, հակադրուելով նաեւ եւրոպական արժեհամակարգին, փաստացի պատճառ են դառնում այն իրողութեան, որ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առեւտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դէմ արտայայտուեցին Յունաստանի առաջարկին, որն ուղղուած էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:
Եւ վերջում.
Տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրաւէրներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրուող անմարդկային հետեւանքներով:
Իսկ շարունակութեան դէպքում՝ այս մարտահրաւէրներն ու հետեւանքներն անխօս տեղափոխուելու են նաեւ այլ տարածաշրջաններ ու երկրներ …
ԹԱԴԵՒՈՍ ԱՒԵՏԻՍԵԱՆ, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի
ծրագրերի համակարգող, տնտեսագէտ
Եթէ աջ ձերքդ քեզ կը գայթակղէ՝ կըտրէ աջ ձեքը և նետէ.
Matthew 5:30 And if your right hand causes you to sin, cut it of and throw it away from you.