ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ԱՆԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախեան վերջին պատերազմն ահռելի վնասներ է պատճառել Արցախի ենթակառուցուածքներին՝ հաղորդակցութիւնից մինչ գիւղատնտեսութիւն, փոքր բիզնեսներից մինչ խոշոր ձեռնարկութիւններ: Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներով տարիներ շարունակ իրականացուել են խոշոր նախագծեր: Միլիոնաւոր դոլարներ են ծախսուել ենթակառուցուածքների հիմնման կամ վերանորոգման վրայ, որոնցից շատերն այժմ անցել են ադրբեջանական վերահսկողութեան տակ: Թէեւ ընդհանրական վնասի ծաւալ պաշտօնապէս ու ամբողջական ներկայացուած չէ, «Սիվիլնեթ»ը հաշուարկել է ամենախոշոր ենթակառուցուածքային ծրագրերի կրած վնասը:
ՎԱՐԴԵՆԻՍ – ՄԱՐՏԱԿԵՐՏ ԱՒՏՕՃԱՆԱՊԱՐՀ
2017ին շահագործման յանձնուեց Վարդենիս-Մարտակերտ աւտօմայրուղին, որի կառուցումն իրականացուել էր Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներով: Այս ճանապարհը ռազմավարական նշանակութիւն ունէր Արցախի ու Հայաստանի համար:
Ճանապարհն աւելի որակեալ էր, քան Գորիս-Բերձոր ճանապարհը ու մօտ 1.5 ժամով կրճատում էր Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի տեւողութիւնը: Ծրագրի ընդհանուր արժէքը, ըստ հիմնադրամի, կազմել էր մօտ 17 մլրդ, դրամ, որից 7.5 միլիարդ դրամը յատկացրել է Հայաստանի կառավարութիւնը, մօտ 2 միլիարդ էլ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը: 2013 եւ 2014 թթ. հիմնադրամի հաւաքագրած միջոցներն ուղղուել էին հէնց այս ծրագրին: Սա հիմնադրամի 25 տարուայ գործունէութեան ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն էր:
Նշենք, որ կառուցուած ճանապարհի մի մասը՝ նախկին ԼՂԻՄ հիւսիսային սահմանից մինչեւ Մարտակերտ, մնացել է հայկական վերահսկողութեան ներքոյ: Խօսքը Դադիվանքից Մարտակերտ ընկած ճանապարհի մասին է՝ 69 կիլոմետրով:
ԹԱԼԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
2016ի ապրիլեան քառօրեայ պատերազմի ամենատուժած համայնքներից էր Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղը. հարիւրաւոր թալիշցիներ լքել էին իրենց տները, գրեթէ հիմնովին վնասուել էին գիւղի ենթակառուցուածքները: 2016-2019 թուականներին Հայաստան Համահայկական հիմնադրամը երկու միջոցառում իրականացրեց Թալիշում: Ծրագրերից մէկով հաւաքուած 2 միլիոն դոլարով հիմնադրամը խմելու ջրի ու կոյուղու նոր համակարգեր ստեղծեց, նաեւ հիմնուեց համայնքային կենտրոն‘ ժամանցի, կրթական, համայնքային միջոցառումների կազմակերպման համար: Միւս ծրագրով 1.7 միլիոն դոլար հաւաքուեց, ինչի արդիւնքում Թալիշում կառուցուեց 18 բնակելի տուն, ակումբ, կենցաղի տուն, հանդիսութիւնների սրահ, հասարակական նշանակութեան կենտրոն: Այս նպատակի համար միջոցներ յատկացրել էր Արցախի կառավարութիւնն ու բարերար Անդրանիկ Բաղդասարեանը: Ծրագիրն աւարտուել է 2019ի Մայիսին: Թալիշը ներկայում ադրբեջանական զինուժի վերահսկողութեան ներքոյ է:
ՔԱՐՎԱՃԱՌԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
2013ին Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներով Քարվաճառ քաղաքում ստեղծուեց 7-8 կիլոմետրանոց ջրամատակարարման նոր համակարգ: Այդ նպատակով ծախսուեց աւելի քան 41,000 դոլար: Քարվաճառցիները սկսեցին կայուն ջրամատակարարում ունենալ, 120 ընտանիքի ջրամատակարարումը կանոնակարգուեց: Բացի այդ՝ կառուցուեցին 50 խորանարդ մետր տարողութեամբ օրուայ կարգաւորման ջրամբարներ: Նախատեսւում էր 2021ին Քարվաճառում աւարտին հասցնել տարածաշրջանային բժշկական կենտրոնի վերակառուցումը՝ 440,000 դոլարով:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՇՈՒՇԻՈՒՄ
2020ի Հոկտեմբերի 30ին նախատեսւում էր աւարտել Շուշիի Դանիէլ Ղազարեանի անուան երաժշտական դպրոցի վերանորոգումը՝ դարձեալ հիմնադրամի ջանքերով: Այս նպատակի համար հանգանակուել էր մօտ 172,000 դոլար: Երաժշտական դպրոցի ներկայ շէնքը, ըստ ծրագրի, պիտի վերանորոգուէր, համերգասրահը, լոգասենեակը եւս պիտի հիմնանորոգուէին, ու տեղադրուէին նոր պատուհաններ:
Դեռ 2012ին Շուշիում վերակառուցուել էր Խաչատուր Աբովեանի անուան դպրոցը՝ 2.2 միլիոն դոլարով: Դպրոցն ամբողջութեամբ (7300 քառակուսի մետր մակերես) վերակառուցուեց: Շուշիում 2017ի Յուլիսին աւարտուեց երիտասարդութեան ու մշակոյթի կենտրոնի վերակառուցումը: Ծրագրի արժէքը 1.3 միլիոն դոլար էր: Այն ներառում է խոշոր համերգադահլիճ, հանդերձարաններ, օժանդակ սենեակներ, այս կենտրոնում է գործում նաեւ Ատոմ Էկոյեանի անուան տիկնիկային թատրոնը:
Շուշիում Հայաստան հիմնադրամի միջոցներով հիմնուեց Եզնիկ Մոզեանի անուան արհեստագործական ուսումնարանը: Ծրագրի արժէքը կազմել է 3.9 միլիոն դոլար: Ծրագիրն իրականացուել էր ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզեանի կտակած գումարներով ու Արցախի կառավարութեան համաֆինանսաւորմամբ: Ուսումնարանը նախատեսուած է 450 սանի համար: Առկայ են դասասենեակներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստներ:
Հիմնադրամի ջանքերով Շուշիում նաեւ 804,000 դոլարով 2013ին ջրամատակարարման նոր համակարգ էր կառուցուել:
Շուշիում խոշոր ներդրումներ կատարուել են նաեւ գործարարների, մասնաւոր հիմնադրամների միջոցներով: Օրինակ Շուշիում գործող «Աւան Շուշի պլազա»ն հիմնուել էր ամերիկահայ Ալէք Պաղտասարեանի ջանքերով ու «Աւան Իշխան փարթներշիփ» ընկերութեան միջոցով: Այս ընկերութիւնը վերակառուցեց նաեւ Շուշիի քաղաքային բաղնիքն ու շուկան: Շուշիում գործող մէկ այլ հիւրանոց՝ «Շուշի հոթել»ը Արցախում հիմնուած առաջին հիւրանոցներից էր, հիմնուել է 2001ին:
Մերձաւոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարօ Քեպապճեանի մասնակցութեամբ Շուշիում հիմնուել էր նաեւ «Շուշի գրանդ հոթել»ը: Idea հիմնադրամի միջոցներով անցեալ տարի աւարտուեց Շուշիում 19րդ դարի ճարտարապետական-կրօնական համալիր Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները: Մզկիթի վերականգնման համար տրամադրուել էր 1.5 միլիոն դոլար:
2006 թուականից Շուշիում գործունէութիւն էր ծաւալում նաեւ «Նարեկացի» արուեստի միութիւնը:
ԾՐԱԳՐԵՐ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
Համահայկական հիմնադրամի գումարներով 1997ին կառուցուել էր ջրամաքրման կայան: Այս նպատակի համար հիմնադրամին միջոցներ տրամադրել էին Գեւորգ եւ Անահիտ Քաջազնունիները: Աւելի քան 1 միլիոն դոլարով հիմնադրամը 2007-2009 թթ. կառուցեց Տող-Հադրութ գազամուղը, որն անցնում էր Ջրակուս, Յօշեր, Ակնաղբիւր, Կիւրաթաղ, Ուխտաձոր, Ծաղկավանք, Պլեթոնց, Մելիքաշեն, Այգեստան համայնքներով:
Վերակառուցուեց նաեւ Հադրութի շրջանային հիւանդանոցը՝ 680,000 դոլարով: Ձեռք են բերուել շտապօգնութեան նոր մեքենաներ, հիւանդանոցի համար սարքաւորումներ, հիմնուել է ատամնաբուժարան եւ այլն: Հադրութի ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար հիմնադրամն իրականացրել է երկու ծրագիր. դրանցից մէկով, որն աւարտուել է 2016ին ու արժեցել է 1.4 միլիոն դոլար, կառուցուել է աւելի քան 20 կիլօմետր ջրատար դէպի Հադրութ, վերակառուցուել է օրուայ կարգաւորման ջրամբարը, նորոգուել են բաշխիչ հորերը: Այս նպատակի համար հիմնադրամին աւելի ուշ տրամադրուել է եւս 930,000 դոլար: Հիմնական նուիրատուներն են եղել հիմնադրամի Ֆրանսիայի գրասենեակը, բարերարներ Ջերալդ Թրփանջեանը, Հրայր Յովնանեանը եւ այլք:
Աւելի քան 28.5 միլիոն դոլարով 2000 թուականից մինչ 2009 թուականը կառուցուեց ու շահագործման յանձնուեց Հիւսիս-հարաւ մայրուղին, որը ձգւում էր Մարտակերտից մինչեւ Հադրութ: Ճանապարհի ընդհանուր երկարութիւնը 160 կիլոմետր է, այն ռազմավարական նշանակութիւն ունի Արցախի համար: Այս մայրուղու որոշ հատուած՝ Հադրութի հարեւանութեամբ, անցել է հակառակորդի վերահսկողութեան ներքոյ:
«ԹՈՒՖԷՆՔԵԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ
«Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը մօտ 15 տարի ակտիւ ներդրումներ է իրականացրել Արցախում: Հիմնադրամի գործադիր տնօրէն Րաֆֆի Տուտագլեանը «Սիւիլնեթ»ի հետ զրոյցում, ներկայացնելով իրենց իրականացրած ծրագրերը, ասաց, որ ենթակառուցուածքների՝ շէնքերի, շինութիւնների, այգիների հիմնման ու վերանորոգման համար ծախսել են աւելի քան 4 միլիոն դոլար. »Գրեթէ ամբողջը մնում է հակառակորդի ձեռքում՝ կլինիկաներ, մանկապարտէզներ, դպրոցներ, այգիներ: Հադրութի հարաւում՝ Ջեբրայիլի կողքերը, մենք գիւղ էինք հիմնել՝ Առաջամուղը, որն ամբողջութեամբ մնաց նրանց: Գիւղի հիմնումը մօտաւորապէս 1.5 միլիոն դոլար արժեցաւ: Սարքել էինք 24 տուն, դպրոց, մանկապարտէզ եւ այլն: Տասը տարուայ նախագիծ էր»:
Տուտագլեանի խօսքով՝ մանկապարտէզներ, դպրոցներ էին վերանորոգել ու հիմնել նաեւ Քաշաթաղի տարբեր գիւղերում:
«Թուֆէնքեան» հիմնադրամը 2004-2011 թթ. բժշկական ամբուլատորիա էր հիմնել Իշխանաձոր համայնքում, ալրաղաց՝ Այգեհովիտ համայնքում, երաժշտական դպրոց Բերձորում, վերանորոգել էր Շուշիի քաղաքապետարանի շէնքը եւ այլն: Տուտագլեանի խօսքով՝ կրած վնասները դեռեւս հաշուարկի փուլում են:
ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՎՆԱՍԸ ԱՒԵԼԻ ՔԱՆ ՄԷԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ Է
Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցուածքների նախարար Արմէն Թովմասեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ ներկայում կրած վնասի հաշուարկ է ընթանում:
Անդրադառնալով, օրինակ, կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»ի կրած վնասներին՝ Թովմասեանը ասաց. «Մի քանի օր է՝ կապը վերականգնուել է, բջայինն աշխատում է, ինտերնետ կայ: Հիմա քննարկում ենք մի քանի նոր բաներ կառուցելու հարց մեր տարածքում»:
Նրա խօսքով՝ հիդրոէլեկտրակայեանների մեծ մասը մնացել է հակառակորդի վերահսկողութեան տակ. «Մեր վերահսկողութեան տակ է հինգ ՀԷԿ. մէկը Սարսանգ ՀԷԿն է ու եւս չորս փոքր ՀԷԿեր»: Նրա կարծիքով՝ հաշուարկի դէպքում կորուստները կարող են գերազանցել մէկ միլիարդ դոլարը:
ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ
Արցախի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Ժիրայր Միրզոյեանն էլ «Սիւիլնեթ»ի հետ զրոյցում մանրամասներ ներկայացրեց հանքավայրերի ենթակայութեան հետ կապուած: Ըստ նրա՝ Արցախ ենթակայութեան ներքոյ են մնում Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայրը, Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը, իսկ Կովսականի շրջանի Թոնդիրգետի ոսկու հանքավայրը կարող է անցնել ադրբեջանական կողմին:
ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ
Արցախի գիւղատնտեսութեան նախարար Աշոտ Բախշիյեանը «Սիւիլնեթ»ին յայտնեց, որ վարելահողերի, ինչպէս նաեւ պարէնամթերքի հետ կապուած հնարաւոր դեֆիցիտի վերաբերեալ ներկայում հաշուարկներ են ընթանում: «Մօտ 95,000 հեկտար վարելահող ենք կորցրել‘ հացահատիկ եւ այգիներ: Այգիներում ամէն ինչ աճեցւում էր, բայց հիմնականում նուռ, խուրմայ: Թիւ չեմ կարող ասել, վերջնական հաշուարկ չկայ, անասնագլխաքանակը չենք հաշուարկել», ասաց նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանի հացահատիկի պահանջարկի 25 տոկոսը բաւարարում էր Արցախը:
Նա յոյս յայտնեց, որ Արցախի վերահսկողութեան ներքոյ մնացած վարելահողերի մշակմամբ դեռ հնարաւոր կը լինի փակել Արցախի պարէնային դեֆիցիտը: Բախշիյեանի խօսքով՝ Արցախի հիմնական խոշոր այգիները արդէն հակառակորդի ենթակայութեան ներքոյ են, անհրաժեշտ է հիմնել նոր այգիներ, ջերմոցներ. «Ամբողջ պետական համակարգում հիմա գնում է վնասների ճշգրտում, ու յետագայում մենք մեծ այգիների, հողատէրերի վարկային միջոցների հարցն ենք փորձում գնահատել: Ի հարկէ, կը լինի աջակցութիւն, բայց ինչ կարգով ու ծաւալով, չեմ կարող ասել: Դժուար է լինելու Հայաստան հացահատիկի արտահանումը, մեզ մնացել է մեր վարելահողերի 25 տոկոսը»: Նախարարն ընդգծում է, որ եղած ռեսուրսները հազիւ կարող են բաւարարել Արցախին:
Հակառակորդին է անցել նաեւ Հադրութի Տող գիւղում գտնուող «Կատարօ» գինու յայտնի գործարանն ու Շեխերի գինու գործարանը:
ՇԵԽԵՐԻ ԳԻՆԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ
Մի քանի տարի է՝ Հադրութի եւ Մարտունու սահմանագօտում գտնուող Շեխեր համայնքում Բաղդասար Ղուլեանը հիմնել էր գինու արտադրութիւն: Պատերազմի հետեւանքով գինու գործարանն անցել է հակառակորդին: Ղուլեանի խօսքով՝ գործարանն իր սարքաւորումներով, արտադրանքով ու մնացած ողջ ենթակառուցուածքներով արժեր մօտ 1.5 միլիոն դոլար. «Ես այգիները դեռ չեմ հաշւում, միայն շէնքերը, սարքաւորումները, մէջի գինին: Այգիները մօտ 30 հեկտար էին, օրինական պայմանագրերով գինիներ ունէինք, որ պիտի ուղարկէի Ամերիկա: Եղած ապրանքը դուրս բերելու հարցով ոչ ոք չի ուզում օգնել, ռուսական կողմն ասում է՝ մենք չենք կարող, նրանց կողմում է: Կարմիր Խաչն ասում է՝ մենք դիակներով ենք զբաղուած, իշխանութիւն էլ չկայ», ներկայացնում է Ղուլեանը, որն այս պատերազմում կորցրել է որդուն:
Նրա խօսքով՝ պատերազմից առաջ 45,000 շիշ գինի պիտի Ամերիկա ուղարկէր Հոկտեմբերի 10ին, եւս մի խոշոր խմբաքանակ պիտի մարտին ուղարկուէր: Հարցին, թէ հնարաւոր չէ՞ր արդեօք արտադրանքը գործարանի տարածքից դուրս բերել, գինեգործը պատասխանեց. «Երբ արդէն որոշել էինք, որ պիտի դուրս հանենք, տարածքի մեքենաները միայն արկեր էին տեղափոխում, ջահէլներ չկային, իսկ յետոյ երբ տղաս զոհուեց, արդէն իրար էինք խառնուել, ու չստացուեց»:
«ՍԻՎԻԼՆԵԹ»