ԱՐԹԻՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ*
1938 թուականի Սեպտեմբերի 30ին, Միւնխենից վերադառնալով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբեռլենը, դիմելով ժողովրդին, թափահարելով Միւնխենեան համաձայնագիրը, յայտարարեց. «Ես մեր ժամանակների համար խաղաղութիւն եմ բերել»: Չեմբեռլենն անկեղծ էր իր մոլորութեան մէջ, նա իրօք հաւատում էր, որ խաղաղութիւն է բերել, կարողացել է «փոքրը զիջելով մեծը պահել»: Եկէք անկեղծ լինենք. բրիտանացիների զգալի մասը ցնծաց ստանալով «չեխոսլովակիայի հարցի լուծման» մասին լուրը: Առաջին Համաշխարհային պատերազմը քսան տարի էլ չկար ինչ վերջացել էր եւ «կոնտինենտում» (աշխարհամասի-Խմբ.) պոտենցիալ (հաւանական-Խմբ.) նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու ցանկութիւնը շատ մեծ էր: Սակայն ժողովրդի կողմից ընտրուած առաջնորդը սխալ էր գնահատել թշնամու մտադրութիւնները, հաւատացել էր, թէ թշնամին կը բաւարարուի ստացածով ու կը զսպի իր նկրտումները, մինչդեռ Սուդեթները (Չեխոսլովաքիոյ գերմանախօսներ – Խմբ.) ոչ թէ «կշտացրեցին» Հիտլերի ախորժակն, այլ աւելի այն գրգռեցին: Ինչ ժամանակներ թեւակոխեց աշխարհն այդ համաձայնագրի ստորագրումից յետոյ, բոլորին է յայտնի: Միւնխենեան համաձայնագրով հաստատուած «խաղաղութիւն»ը մէկ տարի էլ չտեւեց եւ աւարտուեց մարդկութեան պատմութեան ամենաարիւնալի ու դաժան պատերազմով: Չեմբեռլենը հասկացաւ իր սխալը, գիտակցեց, որ ինքն է անմիջական պատասխանատուն, չփորձեց մեղաւորներ նշանակել, չյայտարարեց, թէ պատերազմն անխուսափելի էր, քանի որ Գերմանիան քսան տարի զինւում էր, իսկ Անգլիան նոյնիսկ բաւարար թուով հրացան չունէր ու ստիպուած է լինելու Միացեալ Նահանգներից լենդ-լիզով հրացան վարձակալել: Չեմբեռլենն արժանապատուութիւն ունէր. նա հեռացաւ…
2020 թուականի Նոյեմբերի 9ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինեանը ստորագրեց մի եռակողմ յայտարարութիւն, որը շատերի կարծիքով Հայաստանի ամբողջական ու անվերապահ կապիտուլեացիա (անձնատուոթիւն-Խմբ.) էր Ադրբեջանի առաջ: Փաշինեանը չհանդիպեց ցնծացող ամբոխի հետ, ցոյց չտուեց իր եւ Ալիեւի ստորագրութիւնը կրող փաստաթուղթը: Նա գերադասեց թաքնուել ինչ-որ ծածուկ բունկերում ու ֆէյսբուքեան ուղիղ եթերով դիմել յուսահատուած, պարտուած ու զայրացած ժողովրդին: Փաստաթղթի բնօրինակն էլ երեւի միայն Փաշինեանի մերձակայ շրջանակն է տեսել:
Իր տխրահռչակ «լայվում», որն այնուհետեւ անհետացաւ Փաշինեանի ֆէյսբուքեան էջից, եւ դրան հետեւած ուղերձներում ու հարցազրոյցներում Փաշինեանն արդարացաւ, որ ստեղծուած պայմաններում այլ հնարաւորութիւն չունէր, այլապէս կը վտանգուէր 20,000 զինուորի կեանքը (այդ թիւը յետոյ սահուն մեծացաւ մինչեւ 35,000), մեղադրեց «նախկիններին», որոնց վարած սխալ քաղաքականութիւնը եւ ձախողած բանակցութիւնները յանգեցրեցին պատերազմի, մեղադրեց ժողովրդին, որ 30 հոգանոց կամաւորական ջոկատներ չկազմեց, մեղադրեց օլիգարխներին, որոնց ջոկատները Շուշի չհասան, Շուշին անուանեց «դժգոյն ու դժբախտ քաղաք» եւ դարձեալ օգտագործեց բանականութեան հետ անհամատեղելի «Եոթ շրջան ներառեալ Շուշին» արտայայտութիւնը: Սակայն հիմնական ուղերձը, որ նա յղեց, որը երկրորդեցին նրա կողմնակիցները, որը տիրաժաւորեցին (տպագրեցին-Խմբ.) նրա ենթակայութեան կամ ազդեցութեան տակ գտնուող լրատուամիջոցները եւ ֆէյքերը հետեւեալն էր. «Ես խաղաղութիւն եմ բերել»:
Դարձեալ անկեղծ լինենք. ժողովրդի մի հատուած համաձայն էր եւ հիմա էլ համաձայն է «խաղաղութիւն ամէն գնով» մօտեցման հետ, մանաւանդ որ կշեռքի մի նժարի վրայ «դժգոյն ու դժբախտ քաղաքն» էր, որի տեղը քարտէզի վրայ քչերը կը կարողանան գտնել, իսկ միւս նժարի վրայ՝ 35,000 երիտասարդի կեանքը: Եթէ նկատե՞լ էք, զինուորականութիւնը չհաստատեց շրջապատման վտանգի մէջ գտնուող 35,000 զինուորի մասին պնդումը, բայց դա թաւշեայ պրոպագանդիստների (քարոչութիւն ընողներուն-Խմբ.) մօտ խղճի խայթ չառաջացրեց: Իսկ պատերազմի սարսափի միջով անցած ժողովուրդը դա երեւի չնկատեց էլ. պատերազմի 44 օրերի ընթացքում ճիշդն ու սուտն այնքա՜ն հմտօրէն էին իրար միախառնել…
Փաշինեանի որոշ համախոհներ, ոգեւորութեան պահին, խաղաղութիւնից բացի նաեւ տնտեսական զարգացման հնարաւորութիւններ տեսան այդ փաստաթղթում եւ դրանից յետոյ հաստատուելիք հայ-ադրբեջանական յարաբերութիւններում: Սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին կանգնած մեր պետութեան հպարտ քաղաքացիներին, ովքեր իրենց մաշկի վրայ են զգացել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները եւ ովքեր դեռ զգալու են պատերազմի տնտեսական հետեւանքները պէտք էր ոչ միայն խաղաղութիւն հրամցնել, այլեւ բարեկեցութիւն. Ղարաբաղի հարցը լուծուեց, հիմա մարդիկ լաւ կ՛ապրեն: Այժմ չքննարկենք այդ «հնարաւորութիւնների» հարցը: Ուղղակի ասեմ, որ լուրջ չէ ակնկալել, որ Թուրքիան, ում առաջ թէկուզ վեց ամսով փակում ես քո շուկան, պատրաստ է քո համար բացել իր նաւահանգիստները: Ազնիւ չէ գործարարներ կոչ անել ներդրում կատարել, օգտուել թուրքական ապրանքների նկատմամբ վեց ամսեայ էմբարգոյով (նաւարգելով-Խմբ.) պայմանաւորուած «հնարաւորութիւնների պատուհանից», իսկ յետոյ էլի հայկական շուկան բացել թուրքերի առաջ եւ կառավարութեանը հաւատացած բիզնեսներին կանգնացնել սնանկացման վտանգի առաջ: Բայց հիմա լրջութիւնն ու ազնուութիւնը յարգի չեն:
Արդեօք մենք թեւակոխեցինք կայուն խաղաղութեան ժամանակաշրջա՞ն: Խաղաղութիւն կը հաստատուի միայն, եթէ հակամարտող բոլոր կողմերը խաղաղութիւն ուզեն: Միակողմանի միայն կապիտուլեացիան է լինում, միակողմանի խաղաղութիւն չի լինում: Իսկ արդեօք թուրք-ադրբեջանական հրոսակապետութիւնները պատրա՞ստ են խաղաղութեան: Ադրբեջանցիները երբեք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդէպ: Հիմա, երբ Հայաստանը պարտուած է, միթէ՞ ճիշդ ժամանակը չէ Էրիւանն ու Գեօքչան «յետ բերել» ու վերջապէս լուծել Զանգեզուրի պատկանելիութեան հարցը: Նոյնիսկ, եթէ Ադրբեջանը իրեն կատարեալ երջանիկ զգայ Նոյեմբերի 10ից յետոյ ձեւաւորուած սահմաններում, արդեօք աւագ եղբայրը՝ Թուրքիան, կը բաւարարուի՞ միայն Արցախի հարաւային շրջանները Հայաստանից պոկելով: Կասկածում եմ: Պատահական չէր, որ Բաքւում Էրդողանը յիշատակեց Էնվերին. Էնվերի գործը կիսատ է մնացել:
Նացիստական Գերմանիային Սուդեթները պէտք չէին, նրանց համաշխարհային տիրապետութիւն էր պէտք եւ նրանք միայն Սուդեթներով չբաւարարուեցին: Թուրքերին ու ադրբեջանցիներին միայն Արցախի հարաւը չի պէտք: Նրանց ախորժակը շատ աւելի մեծ է: Ցաւօք, մեր հայրենակիցներից ոմանք, որ համարեա երեսուն տարի կրկնում էին «ինչո՞ւ մեր երեխեքը պէտք է ղարաբաղցիների համար կռուեն» չեն հասկանում, որ Արցախը պահում է Հայաստանի թիկունքը, գրաւելով Արցախը, վաղը թուրքերն ու ադրբեջանցիները կը պահանջեն Երեւանը: Իսկ միգուցէ՞ շատ լաւ հասկանում են…։
Հասկանանք, թէ ինչ վիճակում են յայտնուել Հայաստանն ու նրա արցախեան հատուածը կապիտուլեացիոն յայտարարութեամբ աւարտուած պատերազմից յետոյ: Մենք երբեք այսքան խոցուած չենք եղել: Ժողովուրդը յետ-պատերազմեան անկումային տրամադրութեան մէջ է: Ողբերգութիւնը թակել է հազարաւոր ընտանիքների դուռը: Մարդիկ հարազատներ ու ընկերներ են կորցրել: Հազարաւոր որբեր, այրիներ, որդեկորոյս մայրեր: Որքան էլ կառավարութիւնը ձգձգի զոհերի ընդհանուր թիւը հրապարակելու պահը, 5000 թիւն արդէն որեւէ մէկը չի վիճարկում: Անյայտ են գերի ընկածների անունները, ընդհանուր թուաքանակը, նրանց ճակատագիրը: Ադրբեջանցիները, որպէս «բարի կամքի» դրսեւորում, վերջերս հայկական կողմին վերադարձրեցին երեք տարեց քաղաքացիական անձի (եւ քաղաքացիական անձի մէկ խոշտանգուած դի): Վերադարձուածները ռազմագերիներ չէին, պարզ պատանդներ էին: Այդպիսի պատանդներ կարող են ապագայում տասնեակներ լինել, հաշուի առնելով հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծուած անհասկանալի իրավիճակը: Անհետ կորած զինուորների հարազատները երանի են տալիս նրանց, ովքեր իրենց զոհերին բաց դագաղով են յուղարկաւորել… Վիրաւորների թիւը միտումնաւոր չի յայտարարւում:
Հասարակութիւնն էլեկտրականացուած է: Երկուս եւ կէս տարի հասարակութեան պառակտումը տուեց իր պտուղները: Հասարակութեան համերաշխութիւնն ապահովելու փոխարէն, Փաշինեանը քաղաքացու վրէժի կոչ է անում ու սպառնում, թէ հեսայ տղերքն առաջնագծից կը գան ու վա՜յ վնգստացողներին: Տղերքն «առաջնագծից» եկան ու պարզուեց, որ մէկը Քելբաջարում է կռուել` Ջէբրաիլի կողմերը, իսկ միւսի եղբօր որդին դեռ Հադրութում է, չնայած Հադրութում արդէն միայն թշնամին է: Փաշինեանի հրաժարականն են պահանջում երկրի գործող նախագահը, նախկին նախագահները, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներն ու եպիսկոպոսաց դասը, մտաւորականները, գիտնականները, ուսուցիչները, բժիշկները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնութիւնը, սփիւռքեան ամենաազդեցիկ կառոյցները: Ի պատասխան, քաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչները յայտարարում են. «էլ ոչ մի թաւիշ» ու ցուցարարների դէմ ոստիկանական ուժեր նետում:
Արցախն իր գոյութեան ամենածանր ժամանակներն է ապրում: Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցն առկախուեց եւ յայտնի չէ ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է այն դարձեալ դնելու բանակցութիւնների սեղանին: Հանրապետութեան իշխանութիւնը կաթուածահար է: Նոյնիսկ վառելիքի ու դպրոցների շահագործման հարցերը լուծում են խաղաղապահները: Այո, Արցախն իր պատմութեան որոշ ժամանակահատուածում եղել է օտարի տիրապետութեան տակ: Բայց Արցախը եղել է ամբողջական: Այժմ Խամսայի մելիքութիւններից Դիզակի մելիքութիւնը (Հադրութի շրջանը) ամբողջութեամբ, Վարանդայի, Խաչենի ու Շուշիի մելիքութիւնների (համապատասխանաբար՝ Մարտունու, Ասկերանի ու Շուշիի շրջաններ) մի մասը պոկուել են Արցախից: Որպէս ամբողջական վարչաքաղաքական միաւոր Արցախն, այս պահին, գոյութիւն չունի: Արցախը կանգնած է անկլաւացման իրական վտանգի առաջ: Գորիսից մինչեւ Ստեփանակերտ ընկած հատուածում ընդամէնը մի քանի հայկական ընտանիք է մնացել Բերդաձորի ենթաշրջանի գիւղերում եւ Քաշաթաղի շրջանի Արիաւան գիւղում: Վերջիններս դաշնակցական գիւղապետի հրամանատարութեամբ գիւղը պաշտպանում են ադրբեջանցի զինուորներից ու հայ թալանչիներից: Բանակի մարտական ոգին ու մարտունակութիւնն այն չեն, ինչ մի քանի ամիս առաջ էր: Հրամանատարական կազմը լուրջ կորուստնէր է կրել, ռազմական տեխնիկայի մի զգալի բաժինը կամ ոչնչացուած է, կամ մնացել է թշնամիներին: Քաղաքական իշխանութիւնները, միտումնաւոր, անհետ կորածների հարազատներին ուղղորդում է դէպի բանակ, փորձելով խուսափել այդ հարցի քաղաքական լուծման պատասխանատուութիւնից: Ռազմաճակատի գիծը երկարեց մի քանի հարիւր կիլոմետրով: Դեռ մինչեւ պատերազմը հայկական կողմը դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմի համալրման հետ կապուած խնդիրներ ունէր: Հիմա այդ խնդիրը բազմապատկուեց: Դեռ երեք ամիս առաջ խորը թիկունք համարուող Գեղարքունիքը (Ճամբարակից հարաւ), Վայոց Ձորի արեւելքը, Սիւնիքի արեւելքն այժմ դարձել են սահմանամերձ գօտի: Իսկ որտեղո՞վ է անցնելու սահմանը, GPS-ով որոշում են ադրբեջանցիները: Ադրբեջանցիք, 1991ին իրենց անկախութիւնը հռչակելիս յայտարարել էին, որ հանդիսանում են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւայաջորդը: Այն ժամանակ, ի դէպ, GPS չկար: Սովետական Միութեան ժամանակ այդ սահմանները ետ ու առաջ են տրուել, որպէս կանոն, ի վնաս հայերի: Սահմանագիծն անցնում էր բարձունքների գագաթներով (որտեղ, որ բարձունքներ կան): Ինչպէ՞ս են հիմա Հայաստանն ու Ադրբեջանն այդ բարձունքները «կիսելու»: Հայաստանի Հանրապետութիւնը սահմանազատման գործընթացում չկայ, կան GPS-ով զինուած ադրբեջանցիներ: Ի՞նչ է իրենից ներկայացնելու «Մեղրիի միջանցքը», հաւանաբար, գիտեն միայն ադրբեջանցիները: Յիշեցնեմ, որ Դեկտեմբերի 2ին Ալիեւը խօսել է ոչ թէ միջանցքի, այլ միջանցքների մասին: Ակնյայտ է, որ ադրբեջանցիք կը պահանջեն «Լաչինի միջանցքին» համարժէք միջանցք: Միգուցէ՞ սա է պատճառը, թէ ինչու կազմակերպուած տարհանուեց Բերձորի ու Բերդաձորի խաղաղ բնակչութիւնը:
Ի տարբերութիւն Հայաստանի ու նրա արցախեան հատուածի, Թուրքիան ու Ադրբեջանը երբեք այսքան ագրեսիւ, ռազմատենչ ու յաղթանակով ոգեւորուած չեն եղել: Ուրեմն ի՞նչը նրանց ետ կը պահի նոր պատերազմից: Միայն սահմանային անխուսափելի վէճերը նոր պատերազմի հրաշալի casus belli (պատերազմի առիթ) են: Մի փոքրիկ սադրանք ու… Թուրքական զօրքն արդէն ռազմական բազա (կայան-Խմբ.) ու մշտական ներկայութիւն ունի Ադրբեջանում, ռուսական զօրքն Արցախում է եւ կարեւոր չէ նրանց կարգավիճակը, իրանցիները զօրք են կուտակել իրենց հիւսիսային սահմանի վրայ: Իրանը ռեւերանս (յարգանքի խոնարհում-Խմբ.) է անում Ադրբեջանին, բայց ԱԳՆ է կանչում Թուրքիայի դեսպանին՝ բացատրութիւն պահանջելու Էրդողանի Բաքւում կատարած վերջին յայտարարութեան վերաբերեալ: Ռուսական կողմը նուրբ ակնարկ է անում երբեք բարեվարքութեամբ աչքի չընկած Էրդողանին: «Կովկասեան կաթսան» շարունակում է եռալ:
Այս լոյսի ներքոյ դարձեալ հարց տանք մեզ. «Պատերազմն աւարտուե՞ց: Կապիտուլեացիայով աւարտուած մարտական գործողութիւնները մեզ խաղաղութիւն բերեցի՞ն»: Փաշինեանը մեզ աւելի մօտեցրեց աւելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ աւելի անբարենպաստ վիճակում ենք, քան 2020թ. Սեպտեմբերի 27ին: Հաստատուածը խաղաղութիւն չէ, այլ ժամանակաւոր անդորր մեծ փոթորիկից առաջ: Ամբոխային տրամաբանութեան մեծ մասնագէտը ժողովրդին խաղաղութիւն չբերեց, այլ անպատուութիւն, իսկ ի՞նչ է սպասում անպատուութիւնն ընտրողին, բոլորին է յայտնի…։
Յ.Գ.- Յօդուածը գրուել էր մինչեւ 44 հայ գերիների վերադարձն ու Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի վրայ ադրբեջանական զօրքերի գրոհն ու գիւղերի բռնակցումն Ադրբեջանին, Շուշիի շրջանի Հին Շէն գիւղի շրջափակումը եւ Տեղ համայնքի հատուածում Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի «ճշդումը»: Նախորդ 4 օրերի զարգացումները եւս մէկ անգամ փաստեցին, որ մեր տարածաշրջանում խաղաղութիւն հաստատուելու մասին լուրերը, ինչպէս կ՛ասէր Մարկ Տուենը, «մեծապէս չափազանցուած են»:
* Արթուր Խաչատրեան, ՀՅԴ Գերագոյն Մարմնի Անդամ