Բրիւսել․- Յունուարի 11ին Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկուայում կայացած հանդիպմանը յաջորդած յայտարարութիւնն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգութեան վերաբերեալ անորոշութիւնը:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակն իր խորը մտահոգութիւնն է յայտնում եռակողմ հանդիպման արդիւնքի վերաբերեալ, որը 2020թ. Նոյեմբերի 9ի հրադադարի փաստաթղթի 8րդ կէտի, այն է` հայ ռազմագերիների եւ պահուող անձանց վերադարձի խնդրի ուղղութեամբ որեւէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան` հայկական կողմը համաձայնեց իրականացնել նոյն փաստաթղթի 9րդ կէտը: Այս ամէնն առաւել մտահոգիչ է` հաշուի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ յայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարութեան համար, եւ որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժուար կը լինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:
Այնուամենայնիւ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի յայտարարութիւն, որով նախատեսւում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան նոր տրանսպորտային (փոխադրական-Խմբ.) կապ ստեղծել` այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանեան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդէն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, եւ ուղիղ, բաց սահման` Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրուած առեւտրային ճանապարհ դէպի այս երկու երկրներ` երկաթուղային կապով:
Հաշուի առնելով Ադրբեջանում պետութեան կողմից հովանաւորուող հայատեացութիւնը, որը թիրախաւորում է նոյնիսկ երեխաների, ադրբեջանական զինուած ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամէնը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական յանցագործութիւնները, այսօր էլ շարունակուող հայ ռազմագերիների խոշտանգումները եւ կտտանքները, ինչպէս նաեւ Ադրբեջանի իշխանութիւնների թշնամական հռետորաբանութիւնը, այս փուլում առեւտրային ուղիների պարտադրումը բազմաթիւ հարցեր է առաջացնում Հայաստանի աւելի լայն անվտանգութեան եւ ինքնիշխանութեան տեսանկիւնից:
Հայաստանը թերեւս հակամարտութեան միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլեւ գերակատարել է 2020 թ. Նոյեմբերի 9ի հրադադարի փաստաթղթով ամրագրուած իր պարտաւորութիւնները: Այսպիսով․
– Վերոյիշեալ փաստաթղթի առաջին պարբերութիւնում նշւում է, որ կողմերը «պէտք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գիւղեր փոխանցուեցին Ադրբեջանին` չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերին չէր յաջողուել դրանց նկատմամբ վերահսկողութիւն հաստատել:
– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսուեց հապճեպ եւ խիստ վտանգաւոր սահմանազատման գործընթաց` վտանգելով առանցքային ենթակառուցուածքները (օրինակ` Կապան քաղաքի օդանաւակայանը): Այն նաեւ յանգեցրեց հայ գիւղացիի անշարժ գոյքի զգալի կորստի եւ անվտանգութեան լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:
– Փաստօրէն Ադրբեջանը հրաժարւում է կատարել իր միակ պարտաւորութիւնը, այն է` ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահուող անձնանց: Փոխարէնը Ադրբեջանի իշխանութիւններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով եւ շարունակում ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին եւ նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբիւրների կողմից հրապարակուել են բազմաթիւ տեսանիւթեր, որոնցում նուաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թւում անօգնական մեծահասակների: Հրապարակուել են նաեւ հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանիւթեր:
Մեկնաբանելով Յունուարի 11ի յայտարարութիւնը` Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետէանը նշեց. «Ցաւօք այս յայտարարութիւնը ստորագրելով` հայկական կողմը կրկին չկարողացաւ բաւարարել անվտանգութեան իր առանցքային կարիքները եւ հասնել 2020թ. Նոյեմբերի 9ի յայտարարութեան կարեւոր պահանջի իրացման, այն է` գերիների վերադարձին: Փաստօրէն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց` չնայած նրան, որ չհասաւ իր միակ հրատապ եւ կարեւորագոյն պահանջի իրագործմանը: Հաշուի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծուած խնդիրները, Ադրբեջանում հայատեացութիւնը եւ էրդողանական Թուրքիայի պանթուրքական յաւակնութիւնները` Յունուարի 11ին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը անվտանգային լուրջ մտահոգութիւններ է առաջացնում Հայաստանի հարաւի, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ պետութեան ինքնիշխանութեան համարէ»:
Հայ ռազմագերիների վերադարձի առնչութեամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կը կատարէր արդար միջնորդի իր դերը եւ աւելի մեծ ճնշում կը գործադրէր Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս էլ կատարէր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր պարտաւորութիւնը: Ցաւալի է, որ այս հարցում շօշափելի արդիւնքներ չգրանցուեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի միւս երկու համանախագահ երկրները, ինչպէս նաեւ Եւրամիութիւնը եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները նոյնպէս պարտաւոր են միջամտել` վերջ դնելու համար ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայ պատանդների կտտանքներին եւ խոշտանգումներին եւ երաշխաւորելու նրանց վերադարձը»:
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ