(Մարտի 1-15, 2021թ.)
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրուած խնդիրներին:
Նախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով:
ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/ALC
Ի հակազդումն Ադրբեջանի կառավարութեան կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալումների եւ պահպանման, Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) եւ Երեւանում գործող Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը (CICL) միաւորել են իրենց ուժերը` Ադրբեջանի կառավարութեան կողմից գերութեան մէջ պահուող ռազմագերիների ազատումն ապահովելու համար:
Երկու կազմակերպութիւնների համատեղ ջանքերը, նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել քաղաքացիական եւ զինուորական անձնակազմերին պատճառուած վնասների համար, որոնք իրականացուել են Ադրբեջանի զինուած ուժերի եւ միջազգային ահաբեկիչների կողմից: ALC-ն եւ CICL-ը նաեւ զբաղուելու են 2020 թ. Նոյեմբերի 9ից` ռազմական դիմակայութեան աւարտից յետոյ անհետ կորած հայ զինուորների եւ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրով:
CICL-ը նաեւ իրականացնելու է փաստահաւաք հետաքննութիւն` Ադրբեջանի զինուած ուժերի կողմից բանտարկութեան ընթացքում հայ զինուորների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումների եւ սպանութիւնների վերաբերեալ հրապարակուած բազմաթիւ միջադէպերի միջոցով: ALC- ի աջակցութեամբ, CICL-ը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում արդէն նախաձեռնել է տասնեակ դատական գործընթացներ` ադրբեջանական կալանքի տակ նոյնականացուած հայ գերիների անունից:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Հաշուի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն ու ադրբեջանաթուրքական տանդեմի (լծակից զոյգի-Խմբ.) բարձրաստիճան ներկայացուցիչների հռետորաբանութիւնը` Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդենին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց յաջորդ յարձակման համար թիրախաւորում են Հայաստանի Սիւնիքի մարզը:
Մարտի 8ին, ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէզը նախաձեռնել է երկկուսակցական նամակի ստորագրում, որով նախագահ Ջօ Բայդենին կոչ է արւում ճանաչել 1915-1923 թթ. Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութիւնը:
Բոսթոնի քաղաքապետ Մարթին Վոլշը, ով անպատեհ յայտարարութիւններ է արել 1992 թ. Խոջալուի իրադարձութիւնների վերաբերեալ, աւելի ուշ, Արեւելեան Մասաչուսէթսի Հայ դատի յանձնախմբի եւ համայնքի գործողութիւնների արդիւնքում, ստիպուած է եղել պաշտօնական գրութեամբ ներեղութիւն է խնդրել հայ համայնքից` վերջինիս զգացմունքերը վիրաւորելու համար:
Յանձնախումբն անցած երկու շաբաթների ընթացքում շարունակել է աշխատանքները Արցախին ԱՄՆի կողմից հրատապ օժանդակութեան տրամադրման եւ նախորդ ամիս հրապարակուած քաղաքական այլ առաջնահերթութիւնների ուղղութեամբ: Այս օրերի ընթացքում ամերիկեան բազմաթիւ օրէնսդիրներ իրենց ելոյթներում եւ գործողութիւններում անդրադարձել են հայութեան կողմից դիմագրաւուող մարտահրաւէրներին ու դժուարութիւններին:
ԵՒՐՈՊԱ
Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Կոստաս Մաւրիդեսի նախաձեռնութեամբ, բոլոր հիմնական խմբակցութիւններից թուով 30 եւրապատգամաւորներ հրատապ հարցում են յղել Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր յանձնակատար Ժոզեպ Բորելին` պահանջելով տեղեկատուութիւն առ այն, թէ ԵՄն ինչ յստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարուած հայ ռազմագերիներին եւ այլ պահուող անձանց վերադարձն ապահովելու համար:
Եւրապատգամաւորները նաեւ հետաքրքրւում են, թէ ԵՄն ինչ կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլեր է ձեռնարկել հայ ռազմագերիների խոշտանգոււմները եւ քաղաքական նպատակների համար օգտագործումը կանխելու, ինչպէս նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի կողմից նրանց մօտ այցելութիւններ ապահովելու համար: Եզրափակելով` Եւրապատգամաւորները հետաքրքրւում են, թէ արդեօք ԵՄն ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների յստակ թիւը եւ եթէ այո, ապա ինչ տեղեկութիւն է տրամադրուել:
Անդրադառնալով գրաւոր հարցմանը` Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Կոստաս Մաւրիդեսը յայտնեց. «Մենք չենք կարող մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների առջեւ լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցութիւններից եւ ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄին գործի անցնել եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել` ձեռք բերուած համաձայնութեան 8րդ կէտի իրագործմանը հասնելու համար, մասնաւորապէս` վերադարձնել Ադրբեջանի կողմից պահուող հայ գերիներին, այդ թւում` քաղաքացիական անձանց եւ կանանց: Ադրբեջանը բացայայտօրէն խախտում է միջազգային իրաւունքը, եւ մենք պէտք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցը»:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը Մարտի 8ին յատուկ զեկուցումով հանդէս է եկել Միացեալ Թագաւորութեան Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած քննարկման ընթացքում` ներկայացնելով Ադրբեջանում պահուող հայկական կողմի գերիների` զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապութեան հարցը:
ՄԻՊ գրասենեակից յայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցութիւնները ներկայացնող պատգամաւորներ, Հայաստանի հետ բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը եւ այլք:
Արման Թաթոյեանը նշել է, որ ադրբեջանական իշխանութիւններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը` հայ հասարակութեանն ու յատկապէս գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարուածութիւն առաջացնելու նպատակով:
Մարտի 11ին բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ, բրիտանական կառավարութեան ներկայացուցչի առջեւ բարձրացրել է հայ ռամագերիների հանդէպ Ադրբեջանի կողմից իրականացուող անմարդկային գործողութիւնների եւ պատերազմի ընթացքում օգտագործուած արգելուած զինատեսակների հարցը:
ԿԱՄԱԴԱ
Կանադայի խորհրդարանի Ազատական կուսակցութեան պատգամաւոր Ֆայսալ էլ Խուրին խորհրդարանի Մարտի 10ի նիստի ընթացքում յատուկ ելոյթով ոգեկոչեց Սումգայիթի հայոց ջարդը, հաստատելով, որ այդ յանցագործութիւնը կազմակերպուած էր ադրբեջանական ազգայնամոլների կողմից: Խուրին նաեւ կոչ է արել կանադական կառավարութեանը` զօրավիգ կանգնել Հայաստանին ու հայ ժողովրդին:
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ` օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր: Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան (յարձակումը-Խմբ.) դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ: Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
17.03.2021 թ.