ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Ատրպէյճանականի իշխանութիւնները կոպտօրէն կը խախտեն միջազգային մարդասիրական իրաւունքով եւ 9 Նոյեմբեր 2020ի յայտարարութեան դրոյթներով ստանձնած իրենց յանձնառութիւնները` հայրենիք վերադարձնելու պատանդ բռնուած հայ ռազմագերիները եւ քաղաքացիները։ Այս մասին յայտնեց Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Աննա Նաղտալեան:
«Ըստ էութեան, ի պատասխան այս հարցում նաեւ միջազգային հանրութեան ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել` առաջ քաշելով ականապատ տարածքների քարտէզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ադրբեջանական պաշտօնեաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնոյթ:
«Հակամարտութեան ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդէս չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլեւ աւելին` ամէն ջանք ներդրել է Հայաստանում եւ Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով: Բաւական է յիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երեւանի գրասենեակի մանդատի երկարաձգումը վերջինիս` ականազերծման ծրագրերին աջակցելու պատրուակով, ինչն էլ յանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելութեան փակմանը», յայտնեց Նաղտալեան ։
Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը կոչ ուղղեց Ատրպէյճանի իշխանութիւններուն՝ «զերծ մնալ միջազգային հանրութեանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից եւ գործուն քայլեր ձեռնարկել` կատարելու Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւններն ու միջազգային հումանիտար իրաւունքի պահանջները, որոնք ենթադրում են անյապաղ եւ անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների եւ պատանդառութեան մէջ գտնուող անձանց ազատ արձակումը եւ հայրենադարձումը»: