ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Ապրիլի 2ին ներկայ գտնուեցի լրագրող Թաթուլ Յակոբեանի «Մահուան Հովիտ. 44օրեայ Աղէտ» գրքի շնորհանդէսին, որը տեղի ունեցաւ ՍԴ Հնչակեան կուսակցութեան քաղաքական դիւանի նախաձեռնութեամբ:
Լրագրողը ներկայացրեց այդ աշնան պատերազմից որոշ մանրամասներ եւ պատասխանեց ներկաների յուզող հարցերին: Ընդհանուր մտահոգութիւնն այն էր, թէ ի՞նչ է լինելու յետոյ, ինչպէ՞ս ենք պահպանելու Արցախի հանրապետութեան այն մասը, որն առայժմ «պահպանւում» է ռուս խաղաղապահ ուժերի կողմից, ի՞նչ կարող է անել հայկական Սփիւռքը:
Այս հանդիպումից երեք օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը փառահեղ յաղթանակ տօնեց Ռումինիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի նկատմամբ, որի ընթացքում ցոյց տուեց, թէ ինչպէս պէտք է վերադարձնել կորցրածը: Տողերիս հեղինակը մտովի զուգահեռներ անցկացրեց այդ հանդիպման եւ Արցախի հակամարտութեան միջեւ եւ այն հնչեցրեց հանդիպման մասնակիցների համար: Արցախեան գոյամարտի ժամանակ մենք ազատագրեցինք Արցախը եւ յարակից տարածքները: Ֆուտբոլային խաղի ժամանակ մենք գօլ խփեցինք եւ յաղթողի դիրքերում էինք: Յետոյ, մենք պարտուեցինք աշնանային պատերազմում, իսկ ռումինացի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին եւ որոշ ժամանակ յաղթողն իրենք էին, բայց հայ ֆուտբոլիստները պայքարեցին մինչեւ վերջ եւ յաղթեցին: Ուրեմն` պէտք է պայքարենք եւ յաղթենք: Մեր հաւաքականը յաղթեց օտար մարզիչի` իսպանացի Խոակին Կապառոսի գլխաւորութեամբ, Սփիւռքից հրաւիրուած ֆուտբոլիստների մասնակցութեամբ: Հիմա էլ մենք պէտք է գտնենք օտար դաշնակից պետութիւն եւ Սփիւռքի ուժերն օգտագործելով հասնենք յաղթանակի` պատմական ճշմարտութեան վերականգնմանը: Մեր ֆուտբոլիստները պարտուելու ժամանակ չմտածեցին, որ կարող է աւելի խոշոր հաշուով պարտուեն, պահպանեն գոնէ գօլերի այդ աննշան` 1-2 տարբերութիւնը: Նրանք պայքարեցին մինչեւ վերջ: Այսինքն` մենք էլ պէտք է պայքարենք մինչեւ վերջ, ոչ թէ պահպանելու Արցախի այդ փոքր հողակտորը, այլ վերադարձնելու նրա սահմանները եւ պատմական Արցախի տարածքները: Ազգային հաւաքականի ֆուտբոլիստները պարտուելով յարձակուեցին աւելի վճռական կերպով: Ուրեմն` մենք էլ պէտք է յարձակուենք: Բայց դա չի նշանակում զէնք վերցնել կամ հրասայլ նստել ու քշել առաջ: Յարձակման համար կան բազմաթիւ ճանապարհներ: Ինչպէս Հայաստան-Ռումինիա խաղում յաղթական իրենց վճռորոշ բաժինն ունեցայ սփիւռքահայ ֆուտբոլիստները, այնպէս էլ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա կամ Ադրբեջան դիմակայունութիւնում մեզ օգնութեան կարող է հասնել Սփիւռքը:
Ապրիլի 24ը թող լինի 30 տարի ուշացած այն մեկնակէտը, որի ժամանակ մենք սկսենք յարձակումը:
Հայ Դատը Ամերիկայի նախագահ Ջօ Բայդենից Ցեղասպանութեան ճանաչման փոխարէն պէտք է պահանջի »իրաւարար վճռի« իրականացում: Ցեղասպանութիւն (Genocide) արտասանումը կամ դրա ճանաչումը բարոյական խնդիր է, իսկ մենք պէտք է լուծենք իրաւական խնդիրը` մեր տարածքների վերադարձման խնդիրը: Այս հարցն առաջ քաշելով, հզօր հարուած կը հասցնենք թուրքական իշխանութիւններին, ովքեր ցանկանում են Մեծ Թուրան ստեղծել: Մասամբ Մեծ Հայաստանի կազմաւորումը հզօր »պատնէշ« կը լինի նրանց երազանքների իրականացման ճանապարհին:
Միջազգային ստորագրահաւաք է ընդանում մեր հայ ռազմագերիների վերադարձման առիթով: Ապրիլի 24ին էլ պէտք է սկսենք մեր պահանջատիրութեան հարցի բարձրացումը: Հայաստանի իշխանութիւններն արդէն 30 տարի չեն ցանկանում, միգուցէ չեն թողնում կամ էլ չեն կարողանում բարձրացնել այդ հարցը: Նրանք կաշկանդուած են այդ հարցը բարձրացնելու համար: Ուրեմն` Սփիւռքը պէտք է նախաձեռնողը լինի, նա պէտք է յարձակուի՝ հարցը բարձրացնելով, Սփիւռքի ժողովուրդն է կորցրել հայրենիքը եւ նա էլ պէտք է վերադարձնի այն: Սփիւռքն է պահանջատերը…
Մեր դիւանագիտական շրջանակները, կարծես թէ, հէնց «դիւան»ի (բազմոցի) փոփոխութիւններով են զբաղուած (թէ որ բազմոցն է աւելի լաւը՝ հանգստանալու համար), իրենց գիտութիւնը այդտեղ են զարգացնում:
Այս պայմաններում անհրաժեշտ է համախմբուել (անընդհատ կրկնում ենք սա, բայց առայժմ անօգուտ) պահանջատիրութեան գաղափարի շուրջ: Սա է լինելու մեր յարձակման ուղղութիւնը: Հայկական բոլոր գաղթօջախներում Ապրիլի 24ին անհրաժեշտ է դուրս գալ պահանջատիրական պաստառներով, պահանջատիրական նամակներ գրել Սեւրի դաշնագիրը ստորագրած պետութիւնների ղեկավարներին, պահանջատիրական ուղերձներ յանձնել այդ երկրների դեսպաններին ու հիւպատոսներին: Հիմնական թիրախը պէտք է լինի Ամերիկայի 28րդ նախագահ Վուդրօ Վիլսոնի 1920ի Նոյեմբերի 22ին կայացրած «իրաւարար վճռի» իրականացման պահանջը: Այն իրագործելով, մենք կը հասնենք Թուրքիայի մասնատմանը: Զէնքի ուժով կամ էլ հզօրանալով չենք կարող յաղթել, մենք չենք կարող համեմատուել Թուրքիայի հետ: Նրա կամ Ադրբեջանի հնարաւորութիւններն ու միջոցներն աւելի շատ են: Ուրեմն՝ պէտք է պայքարենք դիւանագիտօրէն: Եթէ մենք դիւանագիտութիւն ու կամք ունենայինք, Արցախի կարգավիճակը վաղուց լուծուած կը լինէր: «Իրաւարար վճիռ»ը այն իրաւական, իրատեսական փաստաթուղթն է, որով պէտք է յաղթենք: Ռուսաստանում էլ մեր հայ ռուսամոլ քաղաքագէտներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում պուտինեան քաղաքականութիւնն առաջ տանելուն, պէտք է հասկացնել, որ բարձրացնեն ու սկսեն ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի առ ոչինչ համարելու գործընթացը: Նաեւ առ ոչինչ պէտք է համարուի 1921ի Յուլիսի 4-5ին կայացրած Կավբիւրոյի որոշումը:
Հասկանում ենք, որ ռուս-թուրքական սիրախաղը շարունակւում է, բայց այն երկար չի տեւի, այն պէտք է «պայթի»: Հիւսիսային Կովկասում, Ռուսաստանի բազմաթիւ քաղաքներում անընդհատ իրականացւում են ահաբեկչական գործողութիւններ կամ դրանք բացայայտւում ու չէզոքացւում են: Միեւնոյն է, նրանք՝ մահմեդական ահաբեկիչները չեն ընկրկում: Նրանք գնում են իրենց նպատակին՝ թուրքալեզու ժողովուրդների անկախացմանն ու միաւորմանը: Ռուսաստանի քաղաքականապէս ամէնաթոյլ շրջանը Հիւսիսային Կովկասն է՝ մահմեդական ժողովուրդների հանրապետութիւնները: Այսինքն՝ հէնց այնտեղից էլ սկսուելու է Ռուսաստանի մասնատումը, որին կարող ենք նպաստել նաեւ մենք՝ հայերս: Իսկ դրան հասնելու համար մեր դաշնակիցը պէտք է լինի Ամերիկան: Իրենք էլ են պայմաններ ստեղծում Ռուսաստանի մասնատման համար, բազմաթիւ պատժամիջոցների եւ այլ գործողութիւնների շնորհիւ: ՆԱՏՕի, Արեւմտեան Եւրոպայի ղեկավարներ, գեներալներն արդէն ծրագրեր են կազմել, թէ որ թատերաբեմից պէտք է յարձակուեն: Բազմաթիւ բեմագրութիւններ են հրապարակուել մամուլում Կալինինգրադի, մերձբալթեան երկրների, Ուկրաինայի, Ղրիմի, Բելուռուսիայի կողմից յարձակման համար:
Սփիւռքի խնդիրն է՝ Հայաստանի արտաքին յարաբերութիւնների հարցը տանել պահանջատիրութեան հունով: Սփիւռքը կաշկանդուած չպէտք է լինի, նա ճնշումների չի կարող ենթարկուել, եթէ միասնական լինի ու հաստատակամ: Աւանդական կուսակցութիւններն ու Հայ Դատի գրասենեակները բոլոր երկներում պէտք է աշխուժացնեն պահանջատիրական շարժումն ու դուրս գան պայքարի: Նպատակը մէկն է՝ հաւատալ, պայքարել ու յաղթել: Մենք ուրիշ ճանապարհ չունենք՝ պէտք է յարձակուենք դիւանագիտական ճանապարհով, քաղաքական աշխուժութեամբ: Չպէտք է ձեռքներս ծալած նստենք եւ սպասենք թէ ռուս-թուրքական չարիքի կենտրոնը հերթական ինչ ծրագրեր է ցանկանում իրականացնել հայ ազգի նկատմամբ:
21րդ դարը մերն է լինելու: