Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ առիթով միջեկեղեցական արարողութիւն կատարուեց Հռոմի Սբ․ Բարդուղիմէոսի տաճարում, նախաձեռնութեամբ՝ Սուրբ Աթոռում Հայ եկեղեցու ներկայացուցիչ՝ Խաժակ արք. Պարսամեանի ու Քրիստոնէական միասնութեան խթանման քահանայապետական խորհուրդի նախագահ՝ կարդինալ Կուրտ Կոխի եւ մասնակցութեամբ՝ Սուրբ աթոռում եւ Իտալիայում ՀՀ դեսպաններ՝ Կարէն Նազարեանի եւ Ծովինար Համբարձումեանի, ինչպէս նաեւ Քահանայապետական Լեւոնեան հայ վարժարանի մեծաւոր հայր Նարեկ Նաոմեանի։
Արարողութեանը ներկայ էին Արեւելեան կաթոլիկ եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լէոնարդօ Սանդրին, ՀՀ կաթոլիկ հայերի առաջնորդ Ռաֆեաել արք․ Մինասեանը, Սուրբ աթոռում Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ արք․ Եան Էռնեստը, Մշակոյթի քահանայպաետական խորհրդի քարտուղար եպիսկոպոս Փօլ Տայը, ղպտի ուղղափառ, ռումինական ուղղափառ, կաթոլիկ, անգլիկան, աւետարանական-լիւթերական եւ մեթոդիստական եկեղեցիների ներկայացուցիչներ, իտալական խորհրդարանի անդամներ, բազմաթիւ դեսպաններ, հայ հաւատացեալներ եւ հիւրեր:
Արարողութեան ժամանակ, հանդիսապետութեամբ՝ Խաժակ արք. Պարսամեանի եւ կարդինալ Կուրտ Կոխի, ընթերցուեցին սուրբգրային հատուածներ, սաղմոսներ, քարոզներ եւ երգուեցին շարականներ։
Այնուհետեւ իր քարոզով դիմեց ներկաներին Կարդինալ Կուրտ Կոխը։ Նա նշեց, որ Վատիկանի Բ. ժողովը նահատակութիւնը ճանաչում է որպէս «ողորմութեան գերագոյն ապացոյց» ոչ միայն կաթոլիկ եկեղեցու, այլ նաեւ քրիստոնէական այլ եկեղեցիների եւ եկեղեցական համայնքների նահատակների համար: «Այս խորը ճանաչումը, գնալով աւելի է տարածուել մեր քրիստոնեաների շրջանում, մանաւանդ անցեալ դարում, որի սկզբում տեղի ունեցաւ հայ քրիստոնեաների մեծ եւ արիւնալի նահատակութիւնը նրանց ցեղասպանութեան ժամանակ, ի յիշատակ որի մենք հաւաքուել ենք աղօթելու այսօր», ասաց նա։ Կարդինալ Կոխը մասնաւորեց, որ հայ նահատակները մեզ յիշեցնում են, որ նահատակութիւնը քրիստոնէութեան մէջ լուսանցքային երեւոյթ չէ, այլ Եկեղեցու հիմքը։ Քրիստոնեայ նահատակը չի նահատակւում պարզապէս գաղափարի համար, այլ խաչւում է «Քրիստոսի հետ» եւ մահանում է «մէկի հետ, ով արդէն մահացել է նրա համար»: Հայ նահատակները իւրովի վկայեցին քրիստոսաբանութեան այս գաղափարը։
Նա ընդգծեց, որ հայ նահատակների միջոցով իւրայատուկ ձեւով է կատարուել այսօրուայ Աւետարանի (Յովհ. 14:1-13) խոստումը, այն է, որ նրանք բնակութիւն են հաստատել Աստծոյ մօտ եւ յաւերժ կը մնան նրա հետ: Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք դիմելու նրանց որպէս բարեխօսներ, խնդրելով մեզ ուղեկցել մեր երկրային գոյութեան ժամանակ եւ ամրապնդել մեր յոյսը, որ Յիսուս Քրիստոսը մեզ համար նոյնպէս տեղ կը պատրաստի իր Երկնային Հօր տանը: Հայցելով հայ նահատակների բարեխօսութիւնը, մենք մեր երախտագիտութիւնն ենք յայտնում՝ յանուն Քրիստոսի սիրոյ նրանց կատարած մեծագին վկայութեան համար, որը մեզ ընծայեցին իրենց կեանքի գնով, յաւելեց նա։ Կարդինալ Կոխը աւարտեց իր խօսքը՝ ասելով․ «Երախտապարտ լինելով հաւատի այս վկայութեան համար՝ ես պատիւ ունեմ յղելու սրբազան քահանայապետի սրտալի ողջոյնը միջեկեղեցական աղօթքի բոլոր մասնակիցներիդ։Սրբազան քահանայապետը հոգեպէս միասնական եղաւ աղօթքին եւ շնորհում է բոլորին իր սրտաբուխ օրհնութիւնը»:
Արարողութիւնն ամփոփուեց Խաժակ արք. Պարսամեանի խօսքով, որում սրբազան հայրը յիշեց Ֆրանցիսկոս պապի բառերը՝ 2015թ․ Ապրիլի 12ին Ս․ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած պատարագի ժամանակ․ «Կատարուածը յիշելը պարտադիր է ոչ միայն հայ ժողովրդի եւ համընդհանուր եկեղեցու, այլեւ ողջ մարդկային ընտանիքի համար, որպէսզի այս ողբերգութիւնից եկող նախազգուշացումը մեզ ազատի վերստին նման արհաւիրքների մէջ ընկնելուց, քանզի նրանք վիրաւորում են Աստծուն եւ մարդկային արժանապատուութիւնը»։ Աւարտին սրբազան հայրը շնորհակալութիւն յայտնեց այն բոլոր մասնակիցներին, ովքեր միասնական աղօթեցին Յարութիւն առած Քրիստոսին՝ սուրբ Նահատակների եւ այլ սրբերի միջնորդութեամբ, աշխարհում խաղաղութեան համար: