Արուեստագէտները «արարիչներ» են, ովքեր վերստեղծում են մարդու մէջ նոր սիրտ, նոր զգայարաններ: Նրանք իրենց ասելիքով կարողանում են շարժել նոյնիսկ ամենաժանգոտած եւ վաղուց քարացած սրտի բեկորները:
Իսկ ի՞նչ, եթէ ստեղծագործութիւնը հէնց ինքն է իր շարժումով խօսում, հպւում եւ աշխատում մարդու մտքի հետ…
Հայաստանում մեծ սէր վայելող Կարէն Բաղդասարեանը, ով նաեւ մեծ ճանաչում ունի միջազգային հարթակներում, իր բրոնզէ քանդակներով գրաւել է մարդկանց վաղուց անշարժացած սրտերը: Որպէս ծածկանուն «Շարժի»ն էլ ընտրուել է հէնց այս առաքելութեամբ:
Քանդակները շարժուող են: Իրենց մեխանիկական կառուցուածքի շնորհիւ կարողանում են կենդանանալ եւ կենդանացնել իւրաքանչիւրին:
«Խօսող» քանդակները տալիս են զգալու, գնահատելու եւ երկար մտածելու հնարաւորութիւններ:
Ձեռագիրը ինքնատիպ է, ոճը թերեւս միակը Հայաստանում եւ Հայաստանից դուրս:
Այսօր համաշխարհային շուկան զարմացրած եւ շուկայում չկրկնուող «Շարժի»ն արդէն Ամերիկայի Միացեալ Նահանգներում է:
Եկել է ոչ միայն մեծանուն ցուցահանդէսներին մասնակցելու, այլ նոր ծրագիրներ իրագործելու:
Քանդակագործ Կարէն Բաղդասարեանի տեղափոխման պատճառները գուցէ շատ էին, սակայն ձեռքբերումը, վստահաբար կարող ենք ասել՝ Ամերիկայինն է:
Միանշանակ երանելի է այն պետութիւնը, ուր հաւաքւում են մտածող, արարող եւ ասելիք ունեցող արուեստագէտներ:
Իսկ Հայաստանը շարունակում է հպարտանալ քանդակագործի իւրաքանչիւր յաղթանակով:
Նախկինում գրանցած յաջողութիւնների թիւը յուշում է, որ այստեղ եւս «Շարժի»ն ծաղկելու է:
Նոր ձեռագիրը տեղի շուկայում արդէն իսկ ունի ճանաչում եւ պահանջարկ:
Կարէն Բաղդասարեանին եւ իր աշխատանքներին կարող էք ծանօթանալ Sharzhy.com կայքում:
Թող այս նոր հասցէն լինի այն հրթիռը, որի օգնութեամբ «Շարժի»ն գրանցելու է գերարագ եւ տիեզերական վերելքներ:
Մենք մաղթում ենք տաղանդաւոր քանդակագործին ստեղծագործական նոր փուլեր եւ նոր ասելիքներ` անվերջանալի շարժում:
ԺԱՔԼԻՆ ԹԱԴԷՈՍԵԱՆ