
ՏՈՔԹ. ՔԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ
ԽՄԲ.-Ստորեւ կը հրապարակենք Սիւնիք ներխուժելու՝ Ատրպէյճանի քայլը դատապարտող՝ Շաբաթ, 15 Մայիսին, Լոս Անճելըսի մէջ Ատրպէյճանի ընդհանուր հիւպատոսարանին առջեւ տեղի ունեցած համայնքային բողոքի ցոյցին ընթացքին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ տոքթ. Քարմէն Օհանեանի արտասանած խօսքը.
Սիրելիներ, կրկին հաւաքուել ենք նոյն վայրում, ուր ընդամէնը մի քանի ամիսներ առաջ կը դատապարտէինք Ատրպէյճանի եւ Թուրքիոյ յարձակումը Արցախի վրայ, իսկ այսօր ատրպէյճանական զօրքերը բռնաբարելով Հայաստանի սահմանային գերիշխանութիւնը, լկտիօրէն մտած են Սիւնիքի մարզը: Սա շարունակութիւնն է Հայաստանի հանդէպ Ատրպէյճանի նախայարձակ վարքին, որ ուղղակի սպառնալիք է մեր հայրենիքին:
Երկու շաբաթ առաջ, Ալիեւը յայտարարեց, թէ բռնի կերպով կը բացի Հայաստանի սահմանները եւ իրօք նա անտեսելով միջազգային օրէնքները եւ խափանելով մարդկային հիմնական իրաւունքները, գործադրում է մի այլ չարիք Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ:
Նոյեմբեր 9ի պարտուողական համաձայնութիւնից յետոյ, Ատրպէյճանը շարունակում է համակարգուած կերպով ոչնչացնել հայկական ինքնութեան բոլոր հետքերը՝ սկսած մեր դարաւոր եկեղեցիներից ու խաչքարերից, մինչեւ մեր հազարամեայ մշակոյթի կոթողներն ու յուշարձանները:
Ատրպէյճանը շարունակում է բռնի կերպով բանտարկած պահել աւելի քան 200 հայ ռազմագերիներ եւ պարբերաբար սպառնում է հայի ու Հայաստանի ոչնչացման:
Տասնամեակներ շարունակ հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփիւռքում բարձրացրել է իր արդար պահանջատիրութեան բռունցքը, սակայն գերպետութիւնները մեկնելով իրենց սեփական շահերից՝ քար լռութեամբ ականատես են եղել հայ ժողովուրդի դէմ կատարուող ոճրագործութիւններին: Միջազգային այս անտարբերութիւնը ամրապնդեց Ատրպէյճանի եւ Թուրքիոյ բարբարոսական յարձակումը եւ գրաւումը մեր պատմական Արցախին, որուն պաշտպանութեան համար թափել է մեր հերոս մարտիկների արիւնը:
Ապրիլ 24ին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող իր ուղերձով նախագահ Պայտընը արդարութեան յոյս ներշնչեց ամէն մի հայի սրտում, սակայն այս քայլը պիտի շարունակուի Ատրպէյճանի դէմ պատժամիջոցների կիրառումով եւ զէնքի վաճառման կասեցումով, խօսքի սահմաններէն անցնելով գործնական քայլերի:
Մենք պահանջում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներից միջամտել եւ կասեցնել Հայաստանի դէմ այս ակնյայտ ոտնձգութիւնը եւ ներխուժումը:
Մենք պահանջում ենք Ատրպէյճանի զօրքի անյապաղ հեռացումը Սիւնիքի Մարզից, որը վտանգում է Հայաստանի սահմանների անվտանգութիւնը:
Միեւնոյն ժամանակ մենք պահանջում ենք Հայաստանի իշխանութիւններից լինել վճռական, եւ երաշխաւորել Հայաստանի ազգային անվտանգութիւնը եւ հայ քաղաքացիների ապահովութիւնը: Տէր կանգնել իրավիճակին եւ փրկել Հայրենիքը թուրք եւ ազերի թշնամիների արիւնարբու ճանկերից:
Իսկ մենք՝ որպէս Սփիւռք, խոստանում ենք պայքարել Հայաստանի անվտանգութեան, քաղաքական, տնտեսական ու հասարակական բարգաւաճման, օգտագործելով սփիւռքեան բոլոր լծակներն ու կարելիութիւները:
Այսօր վտանգուած է Հայրենիքը, Սիւնիքի եւ իր բնակիչների գոյութիւնն անգամ սպառնալիքի տակ է: Սակայն մենք չենք զիչելու Սիւնիքը, որը իր աշխարհաքաղաքական ու ռազմավարական արժէքով Հայաստանի գոյութեան խարիսխն է համարւում:
Այլ բաւական է, պահն է դասեր քաղելու մեր պատմութիւնից եւ արցախեան պատերազմից, պահն է վստահելու միայն ու միայն մեր միասնական ու սեփական ուժերին:
Այո, հայ ժողովուրդը վիրաւոր է արցախեան պատերազմից, սակայն ոչ տապալուած: Միասնական ուժերով պիտի յաղթահարենք բոլոր խոչընդոտներն ու մարտահրաւէրները, դարձեալ ոտքի կը կանգնենք ու կը քայլենք դէպի յաղթանակ, դէպի փայլուն ապագայ, դէպի Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստան: