ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը պարզաբանեց Հայաստան մուտք գործելու «Քորոնա» ժահրի համաճարակին վերաբերեալ ընթացակարգի հետեւեալ փոփոխութիւնները.
«ՀՀ կառավարութեան 2020թ. Սեպտեմբերի 11ի № 1514ն որոշման մէջ կատարուած եւ 2021թ. Մայիսի 17ից ուժի մէջ մտած փոփոխութիւնների համաձայն.
«- Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործելիս ներկայացւում է.
«1.Կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազօտութեան բացասական արդիւնքը հաւաստող առաւելագոյնը 72 ժամ վաղեմութեան սերտիֆիկատ (վկայագիր-Խմբ.), կամ
«2. Կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19) դէմ ամբողջական պատուաստուած` երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրուանից նուազագոյնը 14 օր առաջ ներարկուած լինելը հաւաստող սերտիֆիկատ:
«- Բացասական թեստի (քննութեան, զննումի-Խմբ.) կամ պատուաստման սերտիֆիկատ չի պահանջւում մինչեւ 1 տարեկան երեխաների համար:
«Ռուսաստանի Դաշնութեան տարածքից Հայաստանի Հանրապետութիւն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը ներկայացւում է COVID-19 բջջային հաւելուածի միջոցով:
«- Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպէս օդային, այնպէս էլ` ցամաքային ճանապարհով:
«-Կորոնավիրուսային հիւանդութեամբ (COVID-19) պայմանաւորուած` Հայաստանի Հանրապետութեան տարածքում կարանտինը (քառասնօռեայ մեկուսացումը-Խմբ.) սահմանուած է մինչեւ 2021թ. Յուլիսի 11ը:
«ԱՐՄԵԴ համակարգում գրանցուած անձանց դէպքում պատուաստման սերտիֆիկատը կարող է ներկայացուել ArmedeHealth բջջային յաւելուածով: Անձը կարող է բջջային յաւելուածով կամ բջջային յաւելուածից արտահանուած թղթային տարբերակով ներկայացնել պատուաստման վերաբերեալ տեղեկանք` պաշտպանուած QR կոդով:
«Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակայ են նմուշառման օդանաւակայանում կամ ցամաքային սահմանի անցման կէտերում եւ պարտադիր ինքնամեկուսացման` մինչեւ ՊՇՌ հետազօտութեան բացասական արդիւնքի ստացումը:
«Զննութեան արդիւնքներով անձի նկատմամբ կիրառւում է հոսպիտալացում (հիւանդանողի հոգատարութիւն-Խմբ.), եթէ առկայ են համապատասխան ախտանշաններ:
«Բացասական թեստի կամ պատուաստման սերտիֆիկատ չներկայացրած եւ նմուշառումից կամ հետազօտութիւնից հրաժարուելու դէպքում կիրառւում է մեկուսացում 14 օրացուցային օրով:
«ՊՇՌ հետազօտութեան հետ կապուած ծախսերը հոգում է քաղաքացին:
*Սերտիֆիկատը պէտք է լինի հայերէն, ռուսերէն կամ անգլերէն` հետազօտութիւնը/պատուաստումն իրականացրած բժշկական կառոյցի բոլոր կոնտակտային (կապի-Խմբ.) տուեալները եւ ղեկավարի անունը պարունակող ձեւաթղթով` նշելով հետազօտուած/պատուաստուած անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդեան տարեթիւը, հետազօտութեան արդիւնքը, պատուաստանիւթի արտադրական անունը, սերիան (թիւը-Խմբ), առաջին եւ երկրորդ դեղաչափի ներարկման տարեթուերը, ստորագրուած կազմակերպութեան ղեկավարի կողմից ու հաստատուած կազմակերպութեան կնիքով: