ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ԱՄՆ Պետքարտուղարութիւնը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել Հայաստան՝ որպէս պատճառ նշելով քորոնավարակի վտանգաւորութեան բարձր աստիճանն ու Արցախում եւ յարակից շրջաններում առկայ լարուածութիւնը: Նախորդ անգամ ԱՄՆ Պետքարտուղարութիւնը նմանատիպ հաղորդագրութիւն էր տարածել 2020 թ.ի Սեպտեմբերի 25ին՝ Արցախեան պատերազմի մեկնարկից երկու օր առաջ: Արդեօք սա պատերազմական գործողութիւնների սկսման նախազգուշացո՞ւմ է:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Պետքարտուղարութեան յայտարարութիւնը մեր համար միանշանակ մտահոգիչ նորութիւն է, յատկապէս, որ բացի Միացեալ Նահանգներից, այլ երկրներ եւս նման յայտարարութիւններ են տարածել իրենց քաղաքացիների համար: Մեր մտքում դեռ թարմ է 2020 թ.ի պատերազմի յիշողութիւնը, սակայն կարծում եմ այս պահին կարիք չկայ անհարկի լարուածութիւն մտցնել համայնքի շրջանում: Պէտք է ի հարկէ աչալուրջ լինենք, սակայն ներկայի դրութեամբ տեղեկատուութիւն չկայ, որ Ադրբեջանն ու Թուրքիան յարձակողական գործողութիւններ են իրականացնում:
Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան շրջանը շարունակում է իրազեկման արշաւները Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին: Անցեալ շաբաթ միացանք մի խումբ այլ կազմակերպութիւնների եւ անհատների՝ մեր համայնքի հաւաքական բողոքի ձայնը յայտնելով Լոս Անջելեսում Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցչութեան՝ հիւպատոսութեան առաջ: Դրան զուգահեռ այլ աշխատանքներ էլ ենք իրականացնում, այդ թւում՝ աշխատում ենք կոնգրեսականների հետ եւ նախաձեռնութիւններից մէկով ԱՄՆ վարչակազմին կոչ է արւում զրոյացնել Ադրբեջանին յատկացուող ռազմական օժանդակութիւնը:
Մեզ համար չափազանց կարեւոր է թիւ 907 բանաձեւի չեղարկումը, ինչը տեղի է ունեցել 2001 թուականից սկսած բոլոր նախագահների կողմից: Շատ կարեւոր է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ստեղծուած միջավայրում, ԱՄՆ նախագահն ու իր վարչակազմը քայլեր ձեռնարկեն Ցեղասպանութեան անմիջական հետեւանքները շտկելու ուղղութեամբ: Այսինքն, այդ ցեղասպան քաղաքականութեան շրջանակներում է, որ մինչ օրս Թուրքիան եւ Ադրբեջանը վարում են հայատեաց քաղաքականութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդենը օգտագործեց «ցեղասպանութիւն» եզրոյթը, ինչը նշանակում է, որ Ամերիկայի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնները ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը: Ի՞նչ հնարաւոր իրաւական հետեւանքներ կարող է ունենալ ստեղծուած իրավիճակը՝ հաշուի առնելով նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն միտքը, որ «Հայոց Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել է 1915 թուականին, իսկ Ցեղասպանութեան վերաբերեալ կոնվենցիան ընդունուել է 1951 թուականին, եւ մեր ընկալումն այն է, որ իրաւական տեսանկիւնից կոնվենցիան յետադարձ ուժով չի կիրառւում»:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Իմ վերաբերմունքն այս հարցի վերաբերեալ այն է, որ նոյն տրամաբանութեամբ եթէ դիտարկենք, ապա Հոլոքոստն էլ չի մտնում այդ կոնվենցիայի մէջ, որովհետեւ տեղի է ունեցել 1951 թուականից առաջ: Այս առումով որոշակի հակասութիւններ կան, նաեւ հաշուի առնելով այն հանգամանքը, որ կոնվենցիան ընդունուելու ժամանակ, հաշուի են առել կոնկրետ հայկական եւ հրէական ցեղասպանութիւնների փորձը: Այսինքն, ցեղասպանութեան կոնվենցիայի եւ իրաւական եզրոյթի հիմքում ընկած է Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը եւ դրա կանխարգելմանն միտուած աշխատանքները: Այս առումով, կարծում եմ, այդքան էլ միանշանակ չէ դեսպանի յայտնած մօտեցումը:
Փորձագիտական շրջանակները, ի հարկէ, կարող են աւելի հանգամանալից պատասխանել այս հարցին, սակայն կարծում եմ, որ իրաւական առումով մենք լայն շրջանակով աշխատանքներ ունենք կատարելու տարբեր մակարդակներում, եւ առաջին հերթին պետական մակարդակով՝ Հայաստանը որպէս պետութիւն ինչ պահանջներ ունի Թուրքիայից: Բայց դրանից զատ կան նաեւ այլ՝ համայնքային եւ անձնական շահեր, նոյն եկեղեցապատկան գոյքի տեսանկիւնից, անհատների անշարժ գոյքի, կեանքի ապահովագրական հարցերով եւ այլ: Միաժամանակ, իրաւական հարցերին զուգահեռ կան նաեւ այլ հարցեր՝ կրթութեան, քաղաքական: Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են ցեղասպան քաղաքականութիւնը Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ, եւ մենք պէտք է բոլոր ատեաններում մեր հարցերը մշտապէս բարձրաձայնենք՝ հասնելու համար տարածաշրջանային խաղաղութեան, ինչը հնարաւոր է միայն եթէ Թուրքիան ու Ադրբեջանն առերեսուեն իրենց մութ անցեալի հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան մէջ ի՞նչ փոփոխութիւններ կարելի՞ է սպասել մօտ ապագայում:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- ԱՄՆ քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ վերջին տարիներին միանշանակ փոխուել է: Անցեալ տարի նաեւ պատժամիջոցներ կիրառուեցին Թուրքիայի նկատմամբ՝ պայմանաւորուած ռուսական զէնքի ձեռքբերմամբ: Թուրքիան վարում է բաւական կոշտ քաղաքականութիւն, որն այդքան էլ չի բխում ԱՄՆի հետ ընդհանուր արեւմուտքի շահերից, եւ որոշակի առումով, դրանով է պայմանաւորուած ԱՄՆ կողմից աւելի բաց կերպով արտայայատուելը Հայոց Ցեղասպանութեան պատմական ճշմարտութեան հարցում եւս: Դժուար է պատկերացնել, թէ ի՛նչ հանգամանքներում ամերիկա-թուրքական յարաբերութիւնները պիտի բարելաւեն: Իմ կարծիքով, այդ յարաբերութիւնները դեռ անկում կ՛ապրեն եւ Թուրքիայի ու արեւմուտքի միջեւ լարուածութիւնը կը պահպանուի, քանի դեռ Թուրքիան իր մաշկի վրայ չզգայ պատժամիջոցների եւ արեւմուտքի տնտեսաքաղաքական ուժի բաղադրիչը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատը մտահոգութիւն էր յայտնել աւելի քան 100 կոնգրեսականների կողմից Պետքարտուղարութեանն ուղղուած նամակի պատասխանից, որտեղ ի թիւս այլ հարցերի, անդրադարձ չի եղել հայ ռազմագերիների վիճակին, որոնց Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է պահել, բռնութեան ենթարկել եւ սպանել: Օրեր առաջ, Հայաստանի վարչապետի պաշտօնակատարի հետ հեռախօսազրոյցում, սակայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջէյք Սալիւանն ընդգծել էր Ադրբեջանում պահուող հայերի վերադարձի ապահովման կարեւորութիւնը: Միացեալ Նահանգների կողմից Ի՞նչ գործնական քայլեր կարելի է ակնկալել այս հարցում:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մեր համար մտահոգիչ է, որ ԱՄՆ կառավարութիւնը չի կիրառում ռազմագերի եզրոյթը՝ հայ ռազմագերիներին եւ Ադրբեջանի կողմից անօրինաբար այլ պահուող անձանց բնութագրելիս: Այն եզրոյթները, որոնք արդէն օգտագործւում են որեւէ իրաւական հետեւանք չունեն, այսինքն, իրենք կիրառում են կալանաւորուած (detainee) բառը, մինչ ռազմագերին միջազգային օրէնքով եւ կոնվենցիաներով կարգաւորուող է, եւ միջազգային իրաւունքի սուբյեկտ (ենթակայ) է: Մեր առաջին խնդիրը ԱՄՆ կառավարութեան դիրքորոշման հետ թերեւս սրանում է կայանում: Այս հարցով մենք շխատանքներ ենք կատարում՝ յաւելեալ ճնշումներ գործադրելով, որպէսզի Ամերիկան Ադրբեջանի պէս չորդեգրի ստայօդ դիրքորոշում եւ այդպիսով՝ կողմ կանգնի մեր ռազմագերիների օր առաջ վերադարձին: Միեւնոյն ժամանակ, ընդհանուր գործընթացներին հետեւելով տպաւորութիւն չենք ստանում, որ ԱՄՆն անմիջականօրէն աշխոյժ կերպով ներգրաւուած է այս գործընթացում ինչպէս այլ պետութիւններ, եւ այս պարագայում Ռուսաստանը թերեւս ամենաաշխուժն է: Կարեւորում ենք, որ Միացեալ Նահանգները, որպէս աշխարհում մարդու իրաւունքների, ազատութիւնների առաջամարտիկ, Բայդենի վարչակազմի ներքոյ յաւելեալ ջանքեր գործադրի՝ տէր կանգնելու իրաւական սկզբունքներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կարծիք կայ, որ ԱՄՆին դիմելու դէպքում, Հայաստանի համար կը ստեղծուի առաւել անվտանգ եւ բարեկեցիկ իրավիճակ տարածաշրջանում, շահաւէտ լուծում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիրներում: Որքանո՞վ է այս տեսակէտն իրատեսական:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.– Մենք գործ ունենք շատ նուրբ աշխարհաքաղաքական հարցերի հետ, եւ նման պարագաներում որեւէ կոշտ ու արագ, որոշ դէպքերում չհաշուարկուած քայլերը կարող են յանգեցնել մեզ համար մեծ կորուստների: Ունենք իրականութիւն, ըստ որի, ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնն այնքան էլ շահագրգռուած չէ մեր տարածաշրջանի գործընթացներին մասնակցութեամբ: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆն միտք ունի դուրս բերել իր զօրքերը Աֆղանստանից՝ ընդհանուր առմամբ Միջին Արեւելքից, իր հետաքրքրութիւնները տեղափոխելով աշխարհագրական այլ ուղղութեամբ: Այս հանգամանքով պայմանաւորուած, եթէ նոյնիսկ Հայաստանը դիմի ԱՄՆին, այնպէս չէ, որ Ամերիկան յաջորդ պահին տարաբնոյթ օժանդակութիւն կը ցուցաբերի Հայաստանի նկատմամբ: Դրան զուգահեռ, պէտք է հաշուի առնել Իրանի, Ռուսաստանի, այլ տարածաշրջանային ուժերի շահագրգռուածութիւններն ու հետաքրքրւթիւնները: Մենք որպէս Հայ Դատի գրասենեակ ամէն տեսակի աշխատանքներ իրականացրել ենք, եւ շարունակելու ենք՝ խորացնելու հայ-ամերիկեան գործակցութիւնը բոլոր՝ այդ թւում քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Կան ի հարկէ տարիներով ձեւաւորուած աւանդոյթներ եւ աշխատանքային ձեւաչափեր, բայց մեզ համար մշտապէս կաեւոր է Հայաստանին տրամադրուելիք տարատեսակ օգնութիւնների աւելացումը, երկակի հարկման պայմանագրի կնքումը եւ այլ: Մեր առաջնահերթութիւններից է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեծրի մեծացումը, այսինքն՝ մանեւրելու (հնարք բանեցնելու) հնարաւորութիւնների աւելացումը, երբ Հայաստանը պարփակուած չի լինի, եւ կը կարողանայ իրականացնել բազմակողմ արտաքին քաղաքականութիւն՝ ի շահ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մեր ազգի համար հերթական ճակատագրական այս պահին առաւել կարեւոր է, որ համայնքը համախմբուած պայքարի: Ինչպէ՞ս կարող են ամերիկահայ մեր հայրենակիցները զօրավիգ լինել Հայ Դատի աշխատանքներին:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Յետպատերազմեան իրականութիւնում մեր համայքնում կայ որոշակի յուսահատութեան, յուսախաբութեան մթնոլորտ եւ դա ի հարկէ պիտի ժամանակաւոր բնոյթ կրի, որովհետեւ մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների վաղուայ օրն է, որ կշեռքի նժարին է դրուած, եւ մենք պէտք է հնարաւորինս արագ կարողանանք վերադառնալ իրականութիւն եւ շարունակել աշխատանքները: Պատերազմի օրերին տեսանք մեծ աշխուժութիւն համայնքի կողմից, եւ հիմա էլ, ի հարկէ շարժում նկատւում է: Բոլորովին վերջերս էր, որ հայ համայնքն օգտուելով Հայ Դատի գրասենեակի համակարգից՝ կարողացաւ յաւելեալ ճնշում գործադրել Պետքարտուղարութեան վրայ, եւ քսանչորս ժամուայ ընթացքում այդ կառոյցը կոշտացրեց կեցուածը Ադրբեջանի նկատմամբ Սիւնիք ներխուժման համար եւ կոչ արեց անմիջապէս յետ քաշել ուժերը:
Համայնքի մասնակցութիւնը Հայ Դատի աշխատանքներում չափազանց կարեւոր է: Յորդորում եմ համայնքին հետեւել Հայ Դատի կոչերին՝ տարբեր միջոցներով դիմելու իրենց կողմից ընտրուած պաշտօնեաններին, քաղաքական գործիչներին, եւ այդ հարցում ընգրկելու իրենց շրջապատին, այդ թւում նաեւ օտարազգիների՝ մեր հարցերի լուծմանը հասնելու նպատակով: