
Մինչեւ վերջերս ենթադրւում էր, որ ճարպերով հարուստ սնունդը վնասակար է առողջութեան համար եւ նպաստում է քաշին: Աւելորդ կիլոգրամներից ազատուելու համար մարդիկ յաճախ են սննդակարգից բացառում ճարպոտ մթերքը: Սակայն մարդու մարմինը շատ աւելի բարդ է եւ պահանջում է առողջ ճարպեր: Իրականում առողջ ճարպերը երկար ժամանակ յագեցութեան զգացում են հաղորդում, իսկ ամենակարեւորն այն է, որ ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի մի շարք գործառոյթների համար:
Գոյութիւն ունեն յագեցած եւ չյագեցած ճարպաթթուները: Առաջին տեսակը ոչ մի օգուտ չունի, աւելին՝ նման տարրերի մեծ քանակութիւնը խաթարում է լիպիդային նիւթափոխանակութիւնը եւ բարձրացնում խոլեստերոլի մակարդակը: Չյագեցած ճարպերը օգնում են յագեցնել քաղցը եւ կարգաւորել նիւթափոխանակութեան գործընթացները:
Մարմնի համար առողջ ճարպերը կարեւոր են, քանի որ դրանք կարգաւորում են գլիւկոզայի մակարդակը եւ սեռական հորմոնների արտադրութիւնը, անհրաժեշտ են քաշի արագ կորստի համար, եռանդ եւ ուժ են հաղորդում:
Օգտակար ճարպերով հարուստ մթերքների ցանկը գլխաւորում են ձկան տարբեր տեսակներ՝ սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա, թունա: Խոզի ճարպի մէջ պարունակուող վիտամինները (կենսանիւթ) բնականոնացնում են խոլեստերինի մակարդակը, նոյնիսկ օրական մինչեւ 30 գրամ նուազագոյն պահանջի դէպքում:
Ընկոյզը եւ նուշը, չափաւոր օգտագործման դէպքում, օգնում են նիհարել: Ընկոյզի մի փոքր չափաբաժինը կարող է լրացնել սննդակարգը որպէս սննդային յաւելում:
Ձիթապտղի, կտաւատի եւ քնջութի ձէթը անհրաժեշտ է ներառել սննդակարգում` օգտակար ճարպերի եւ խոլեստերոլի մակարդակի իջեցման համար:
Պանիրը պարունակում է մեծ քանակութեամբ սպիտակուցներ եւ կարող է փոխարինել մսին: Այն ուժ է հաղորդում մարմնին, բարելաւում է յիշողութիւնը եւ օգնում է պայքարել անքնութեան դէմ:
Աւոկադոն բաւարարում է մարմնի մանրաթելերի կարիքը եւ չի պարունակում վնասակար խոլեստերոլ: Այն օգնում է մարդուն լիարժէք զգալ նոյնիսկ սննդի խիստ սահմանափակումների դէպքում:
Առողջ սննդակարգի անբաժան մասը պէտք է կազմի նաեւ ձուն, որը բարենպաստ ազդեցութիւն է ունենում լեարդի եւ ուղեղի աշխատանքի վրայ. այն անփոխարինելի ամինաթթուներ, ֆոլաթթու եւ այլ սննդարար նիւթեր է պարունակում: Օգտակար է նաեւ մուգ շոկոլադը (տուրմ), որը հարուստ է հակաօքսիդանտներով, օգնում է կարգաւորել ճնշումը, պայքարում է բորբոքումների դէմ:
Առողջ ճարպերով հարուստ սննդամթերքի ամենօրեայ պահանջը կազմում է ընդհանուր սննդակարգի 30 տոկոսը: