ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԻՒՆԱՅԹԻԴ ԼԻԳԸԼ ՍԵՐՎԻՍԻԶ» ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԼԵՏ ԽԱԼԱՖԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր գրասենեակը զբաղւում է հիմնականում քրեդիթի վերականգնման հարցերով: Ներկայում, ի՞նչ հիմնական պատճառներ կան, որոնք կարող են վտանգել վարկային պատմութիւնը:

ՀԱՄԼԷՏ ԽԱԼԱՖԵԱՆ.- Վերջերս յաճախակի են դէպքերը, երբ մարդիկ հեռախօսազանգեր են ստանում իբր Սոցիալական ապահովութեան կամ մէկ այլ կառավարական վարչութիւնից եւ հաղորդւում է, որ նրանց դէմ քրէական գործ է յարուցուած, քանի որ տուեալ անձի սոցապահովութեան քարտի համարով տարբեր վաճառասրահներից օրինակ թմրամիջոցներ են գնուել: Որպէս լուծում առաջարկւում է, որ տուեալ անձը, որոշակի ժամանակահատուածում կա՛մ պէտք է որոշակի գումար փոխանցի Սոցապ կամ որեւէ այլ նշուող ծառայութեանը, կամ տուեալ համակարգի ներկայացուցիչը կ՛այցելի նրանց: Համոզիչ լինելու համար, զանգահարող կողմը, տուեալ անձին տրամադրում է նրա սոցապահովութեան քարտի վերջին չորս թիւը, տան հասցէն, եւ երբեմն էլ՝ որեւէ նահանգ նրա այցի մասին տեղեկութիւններ, որը ստանում են քարտային փոխանցումներին հետեւելով: Այսինքն, ներկայացնելով նման անձնական տուեալներ, իբր նշուած վարչութիւններից զանգահարողը փորձում է այդպիսով վստահութիւն ստեղծել եւ տուեալ անձից հետաքրքւում է նրա ծննդեան տարեթուի եւ սոցապահովութեան միւս թուերի մասին՝ տեղեկատուութիւնն ամբողջացնելու համար: Այսպիսով, փորձ է արւում մարդկանց հոգեբանօրէն ճնշելով գումար կորզել:
Սրանք կեղծ հեռախօսազանգեր են, որովհետեւ ոչ մի պետական հաստատութիւն, խնդիրների դէպքում երբեք հեռախօսով չի զանգահարում, այլ նամակ է ուղարկում փոստով, եւ երբ հարցը հասնում է նրան, որ տուեալ անձից պատասխան չի լինում, եւ պէտք է այդ մարդուն օրէնքի շրջանակներում պատասխանատուութեան ենթարկեն, իրենք ուղարկում են բաւարար ապացուցներով նիւթեր, որ կարողանան գործը դատարան տեղափոխել: Բացառւում է, որ սոցապահովութեան վարչութիւնը զանգահարի եւ գումար պահանջի:
Պէտք է ուշադրութիւն դարձնել, որ զանգահարողների մեծ մասը խօսում է օտար առոգանութեամբ, ոչ յստակ անգլերէնով, քանի որ անձնական տուեալների շտեմարանը գտնւում է երկրից դուրս, եւ դրանց տիրապետողները հեռախօսով զբաղւում են դրամաշորթութեամբ: Տարեկան կտրուածքով, ԱՄՆից դուրս է գալիս տասնեակ միլիոնաւոր դոլարներ դէպի Հնդկաստան, եւ երրորդ կարգի այլ երկրներ: Մենք յաճախ ենք հեռախօսազանգեր ստանում մտահոգ քաղաքացիներից, ովքեր պատմում են իրենց հետ պատահած նման դէպքերի մասին: Յորդորում եմ երբե՛ք չպատասխանել նման զանգերի, եւ առաւել եւս երբե՛ք չտրամադրել անձնական տեղեկութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ սպասել, երբ տեղեկութիւնն արդէն տրամադրուել է կեղծարարներին, եւ որո՞նք են իրավիճակից ելքերը:
ԱՄԼԵՏ ԽԱԼԱՖԵԱՆ.- Այն դէպքում, երբ անձն արդէն տրամադրել է իր տուեալները կեղծարարներին, եւ նրանք սովորաբար քրեդիտային քարտեր են բացել այդ մարդկանց անուններով, մենք փորձում ենք սառեցնել քրեդիտները, որպէսզի որեւէ մէկը չկարողանայ դրանք օգտագործել եւ ամէն օր հետեւում ենք վարկային պատմութեանը՝ համոզուելու, որ չեն օգտուել տուեալ օգտատիրոջ քարտային տուեալներից, չեն դիմել նրանցով նոր վարկեր ստանալու:
Կեղծ հեռախօսազանգերի արդիւնքում իրենց տեղեկութիւնը անծանօթներին տրամադրած մարդիկ, երբ դիմում են մեզ, շուրջ 90 տոկոսի դէպքում նրանց տուեալներն արդէն գործածուած են լինում, եւ նրանց անուններով դիմած են լինում նոր քրեդիտների եւ օգտուած են լինում դրանցից: Օրինակ, վերջերս մի անձի անունով, նրա տուեալները կեղծելու արդիւնքում, մի քանի մեքենաներ էին գնել, նաեւ նրա անունով դիմել էին քրեդիտ քարտերի: Ինձ դիմում են մարդիկ, ովքեր պատահաբար պարզում են, որ իրենց անուններով փոխառութիւններ են վերցուել բանկերից, մեքենաներ, երբեմն նաեւ՝ տներ են գնուել իրենց անուններով, վերջերս էլ՝ նաեւ Փոքր Ձեռնարկութիւնների հարցերով վարչութիւնից (SBA) վարկեր: Միակ միջոցը, որ կարելի է պարզել, թէ անձի անունով որեւէ վարկ է վերցուել, այն է, երբ անձնական հաշուի վրայ հարցաքննութիւն է ստացւում: Կեղծարարները, երբ դիմում են մարդկանց անունով վարկերի, օգտատիրոջ անձնական հաշուի վրայ չի երեւում, իսկ նշուած վարկը տրամադրող վարչութիւնը ստուգում է մարդկանց անձնական քրեդիտը:
Նման իրավիճակներից խուսափելու համար, յորդորում եմ մեր հայրենակիցներին ամիսը առնուազն երկու անգամ վարկային միութիւնների միջոցով ստուգել իրենց վարկային հաշիւները, պատմութիւնը՝ վերահսկելու իրենց ֆինանսները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերջին շրջանում հանդիպում ենք դէպքերի, երբ գործազրկութեան համար կառավարութիւնից ֆինանսական փոխհատուցում ստացած անձանցից պահանջւում է ամբողջութեամբ կամ մասամբ վերադարձնել ստացուած գումարները:
ՀԱՄԼԵՏ ԽԱԼԱՖԵԱՆ.- Զբաղուածութեան զարգացման վարչութիւնը (Employment Development Department, EDD), որ մեծաքանակ փոխհատուցում տրամադրեց հիմնականում կորոնավարակի ժամանակ աշխատանքը կորցրած ԱՄՆ բնակիչներին, սկսել է հետաքննութիւն անցկացնել՝ ստուգելու արդեօք բոլոր դէպքերո՞ւմ են դիմողները համապատասխանել ծրագրի իրաւունակութեան պահանջներին: Ինձ դիմել էր մի անձ, ում ԶԶՎից տեղեկացրել են, որ ստացել է 13 հազար դոլարի աջակցութիւն, որը սակայն պէտք է վերադարձնի, որովհետեւ Ներքին եկամուտների ծառայութեան հետ պարզաբանումների եւ ստուգումների արդիւնքում պարզուել է, որ նրա ստացած գումարն ու տարեկան եկամուտն ըստ իր ներկայացրած փաստաթղթերի չեն համընկնում: Հետեւաբար, համարւում է, որ նախատեսուածից աւելի գումար է տրուել տուեալ անձին: Նման դէպքերում հնարաւոր է, որ օրինակ, ծրագրին դիմելիս փաստաթղթերն են սխալ լրացուել, եւ պէտք է հետեւողական լինել, փորձել պարզել, թէ որ մասում է եղել սխալը: Այս դէպքում, ճիշդ է դիմել փաստաբանի, որպէսզի պատրաստ լինել դատարանում վիճարկելու հարցը: Իսկ եթէ պարզուի, որ այդուհանդերձ պէտք է գումարը վերադարձուի, ապա հնարաւոր է նաեւ բանակցութիւնների միջոցով հասնել նրան, որ վերադարձը լինի մաս-մաս ամիսների եւ նոյնիսկ տարիների ընթացքում:
Ի դէպ, մեր գրասենեակն առաջարկում է ծառայութիւններ նաեւ այն անձանց, ովքեր պարտքեր ունեն բանկերին: Բանակցութիւնների միջոցով կարող ենք հասնել նրան, որ պարտքի 10-30 տոկոսը մի քանի ամսում կամ միանգամեայ վճարի դէպքում հնարաւոր լինի մարել: Դրանից յետոյ էլ, երբ հաշիւը հաւասարակշռւում է, մենք կարող ենք մաքրել քրեդիտը, քանի որ երկարաժամկէտ պարտքի դէպքում վարկային պատմութիւնը բացասական է դառնում: Պետութիւնը կորոնավարակի պատճառով մեծ գումարներ է յատկացրել բանկերին, որպէսզի սպառողների պարտքերը հնարաւորինս մարուեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Քրեդիթը մաքրելու համար մարդիկ դիմում են անհատների կամ մասնագիտացուած գրասենեակների, սակայն լինում են դէպքեր, երբ պարզւում է, որ նրանց խնդիրներին ոչ միայն լուծում չի տրուել, աւելին՝ նոր խնդիրներ են առաջացել:
ՀԱՄԼԵՏ ԽԱԼԱՖԵԱՆ.- Մեծ է մեզ դիմած մարդկանց թիւը, ովքեր իրենց քրեդիթը մաքրելու համար ոլորտի տարբեր ընկերութիւններում այնպիսի խորհուրդներ են ստացել, որոնք օրէնքի սահմաններից դուրս են: Ես հետաքրքրուել եմ, եւ պարզել եմ, որ այդ գրասենեակները արտօնագիր չեն ունեցել աշխատելու: Վարկային հարցերով գրասենեակ բացելու արտօնագիրը տրամադրում է նահանգի դատախազութիւնը: Այն ստանալու համար տուեալ դիմողն անցնում է բաւական երկար փուլ՝ մանրազննին ստուգւում է նրա տուայլները, քանի որ աշխատանքը մարդկանց անձնական տուեալների հետ է: Այդ արտօնագիրն ամէն տարի թարմացւում է:
Շատ կարեւոր է, մինչ որեւէ մասնագէտի դիմելը, մանրամասն պարզել նրա գործունէութեան իրաւական դաշտում լինելը, արտօնագրերը, պատմութիւնը: Մէկ կարեւոր նախապայման էլ նշեմ, որ քրեդիտը մաքրելու համար աշխատանքի սկզբում գումար ըստ օրէնքի չի գանձւում: Շատ են դէպքերը, երբ մարդկանց խոստանում են մեծ գումարների դիմաց մաքրել, սակայն խաբէութեան դիմելով, ցոյց են տալիս վարկային միայն մէկ միութեան տրամադրած տուեաները՝ հաւաստիացնելով, որ կատարել են աշխատաքը, եւ դիմողից կորզում են գումարը: Գոյութիւն ունի գնացուցակ, որը պայմանագրի մաս կազմող փաստաթուղթ է: Գումարը պէտք է վճարել միայն աշխատանքը լիարքժէք կատարելուց յետոյ, ինչում պէտք է համոզուել երեք հիմնական վարկային միութիւնների տուեալները ստուգելով (Experian, Trans Union, Equifax):
Ցաւօք, քրեդիթների մասին մեր հանրութեանը որեւէ կրթութիւն չի տրւում: Այդ հարցով, 2017 թ.ին ես դիմել էի ԱՄՆ Կոնգրեսին, որ ծրագիր պատրաստեն միջնակարգ դպրոցների համար՝ կրթելու երեխաներին, որ հասկանան, թէ օրինակ ինչպէս կարող է ուշացած վճարումը վնասել վարկային ողջ պատմութեանը: Յուսով եմ, որ իմ առաջարկին ընթացք կը տրուի:
ԾԱՆՕԹ.- Համլետ Խալաֆեանը, բանկային-վարկային բնագաւառում իր մասնագիտական կրթութիւնը ստացել է Հարվարդի համալսարանում: Նրա հիմնադրած՝ «United Legal Services» ընկերութիւնը գործում է տասը տարուց աւելի եւ հանդիսանում է Հարաւային Կալիֆորնիայում ոլորտի մեծ հեղինակութիւն եւ վստահութիւն վայելող գրասենեակներից: Այդ գրասենեակի ծառայութիւններից օգտուելու համար կարող էք զանգահարել 844-844-8404 հեռախօսահամարով: