ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Այսօրուայ մեր գերխնդիրը՝ արցախցուն Արցախում պահելն է, ժամանակի ընթացքում նաեւ Արցախում ժողովրդագրական աճ ապահովելն է՝ զուգահեռաբար զարգացնելով տնտեսութիւնը, կառավարման, կրթական համակարգերը, որպէսզի կարողանանք մտնել երկարաժամկէտ զարգացման հունի մէջ: Տարբեր ոլորտներում զարգացումն ուղիղ կերպով անդրադառնալու է անվտանգութեան համակարգի վրայ», Լոս Անջելեսում լրագրողների հետ Համահայկական խորհրդի կազմակերպած հանդիպման ժամանակ յայտնեց Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը: Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան հրաւէրով Միացեալ Նահանգներում գտնուող Արցախի պետնախարարը Հոկտեմբերի 25ին ներկայացրեց Արցախի ներկայի իրավիճակը, խնդիրներն ու մարտահրաւէրները:
ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՒ ԲՌՆԱԶԱՒԹՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԷՕԿՈՒԲԱՑԻԱ (Ապգրաւում)
Արցախի միջազգային կարգավիճակի հարցը մի օր լուծուելու է: Կարծում եմ, դա արագ չի լինի՝ հաշուի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումներն ու տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի դերակատարութիւնն ու կշիռը: Սակայն միջազգային հանրութիւնը, այդ թւում միջնորդները հասկանում եմ, որ որքան էլ ժամանակ ձգուի, միեւնոյնն է հակամարտութիւնը մի օր պէտք է լուծուի: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա արցախահայութիւնը երբեք չի ընդունելու, եւ Ադրբեջանն էլ ստիպուած համակերպուելու է այդ մտքի հետ: Մեր դիրքորոշումը հետեւեալն է՝ Արցախի անկախութիւնը պէտք է միջազգայնօրէն ճանաչուի, ժողովրդի ինքնորոշման իրաւունքն անվերապահօրէն ընդունուի: Պէտք է հաշուի առնուի, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով ժամանակին առաջարկուած ազգերի ինքնորոշման իրաւունքի, տարածքային ամբողջականութեան, եւ ուժի սպառնալիքի չկիրառման Մադրիդեան երեք սկզբունքներից վերջին երկուսը պատերազմի հետեւանքով այլեւս ժամանակավրէպ են. Ադրբեջանը ուժի կիրառմամբ, բազմաթիւ պատերազմական յանցագործութիւններ կատարելով եւ խախտելով միջազգային իրաւունքի գլխաւոր սկզբունքները՝ միջազգային ընկալմամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականութիւնը: Աւելին, ԼՂ նախկին ինքնավար մարզի տարածքները եւս օկուպացուած (գրաւուած) են, որոնք միջազգային ընկալմամբ եւ Մադրիդեան սկզբունքների տրամաբանութեամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մէջ չէին մտնում: Մնացել է մէկ սկզբունքի ապահովում, եւ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն է, եւ ի հարկէ նաեւ Արցախի Հանրապետութեան բռնազաւթուած տարածքների դէօկուպացիան ու տեղահանուածների վերադարձը: Դէօկուպացիա ասելով նկատի ունեմ 1991 թուականի այն սահմանները, որոնց հիման վրայ ԼՂ հանրապետութիւնը հռչակուել է, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ տարածքը եւ Շահումեանի շրջանը, եւ մենք այդ ուղղութեամբ շուտով օրէնք ենք ընդունելու:
Միջազգային հանրութիւնը պարտաւոր է այս ամէնը հաշուի առնել, եւ կարծում եմ, որ իրենք էլ գիտակցում են, որ դա ժամանակի հարց է: Մեզ համար՝ այդ ժամանակը հնարաւորութիւն է առաւելագոյնս ուժեղացնելու հայրենիքը բոլոր ուղղութիւններով:
ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ
Արցախի բնակչութեան թիւն այս պահին մօտաւորապէս 120 հազար է, որից շուրջ 14 հազարն իրենց բնակավայրերից տեղահանուածներ են: Պատերազմի արդիւնքում տեղահանուած անձանց շուրջ մէկ երրորդը բնակւում է Արցախում, երկու երրորդը՝ Հայաստանում, փոքր տոկոս արտագաղթել է: Արցախում բնակուող տեղահանուածների մեծամասնութիւնը բնակւում է Ստեփանակերտում՝ կա՛մ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող հիւրատներում, հիւրանոցներում, կա՛մ վարձով բնակարաններում եւ նրանց վարձի ողջ գումարը, կամ դրա մի մասը փոխհատուցւում է Արցախի կառավարութեան կողմից: Միւս խիտ բնակեցուած շրջանները Ասկերանն է, Մարտունին եւ Մարտակերտը: Հայաստանի Հանրապետութիւնում բնակուող, Արցախից տեղահանուած շուրջ 25 հազար անձանց զգալի մասը հաստատուել է Երեւանում, մնացած մասը՝ հիմնականում Սիւնիքում եւ Շիրակում: Մեծ մասը վարձով է բնակւում, եւ ՀՀ կառավարութեան կողմից վարձի մի մասը կամ ամբողջը փոխհատուցւում է: Նրանց սոցիալական (ընկերային) կարիքների բաւարարման, ինչպէս նաեւ տարաբնոյթ հարցերի լուծման համար կապն ապահովւում են առաջին հերթին շրջանների եւ համայնքների ղեկավարների, ինչպէս նաեւ՝ պատերազմի ժամանակ Արցախի կառավարութեան կողմից Հայաստանում բացուած Արցախի օպերատիւ (գործուն) շտաբի միջոցով:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ
Արցախի հանրապետութեան գլխաւոր խնդիրն այսօր անվտանգութեան հարցն է՝ կարճաժամկէտ ու երկարաժամկէտ հատուածներում: Մէկ տարուայ ընթացքում մենք բաւական արդիւնաւէտ ենք գնահատում Արցախում ռուս խաղաղապահների աշխատանքը, որովհետեւ խոշոր առումով նրանք կարողացել են ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգութիւնը՝ բացառութեամբ մի քանի միջադէպերի եւ ցաւալի դէպքերի, որոնք յանգեցրել են ե՛ւ քաղաքացիական ե՛ւ զինուորական անձանց մահուան կամ վիրաւորումների: Եղել են նաեւ ադրբեջանական կողմի սադրանքով տեղեկատուական ու հոգեբանական բնոյթի այլ փոքր միջադէպեր, բայց ռուս խաղաղապահների կողմից բազմաթիւ նման դէպքեր կանխուել են:
Երկարաժամկէտ առումով շատերի մօտ հարց կայ, թէ չորս տարի անց ի՞նչ է սպասւում: Կարող եմ ասել, որ քանի որ ռուս խաղաղապահներն Արցախում են մեր անվտանգութիւնը, մեր շահերի ու իրաւունքների պաշտպանութիւնն անվտանգային տեսանկիւնից ապահովելու համար, պատերազմից հինգ տարի անց, խաղաղապահների ժամկէտի երկարաձգման հարցը որոշելիս, գլխաւոր գործօնը պէտք է լինի արցախի բնակիչների կամքն ու կարծիքը: Մնացածն առաւել քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցեր են: Արցախի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը հակուած է, որ ռուս խաղաղապահներն երկար ժամանակով մնան, քանի դեռ կայուն կերպով հակամարտութիւնը չի կարգաւորուել եւ մենք չունենք լրացուցիչ միջազգային երաշխիքներ մեր անվտանգութեան համար: Ռուսական կողմը եւս հասկանում է, որ իրենք կարեւոր դերակատարութիւն ունեն, եւ համոզուած եմ, որ նրանք չորս տարի յետոյ էլ շարունակելու են իրենց ներկայութիւնն Արցախում, բայց թէ ինչ ձեւով, ինչ հիմքով, այս հարցերի պատասխանները ժամանակը ցոյց կը տայ:
Երկարաժամկէտ անվտանգութեան համակարգում, ժամանակի ընթացքում, պատկերացնում ենք նաեւ սեփական անվտանգութեան երաշխիքների արդիւնաւէտութեան մակարդակի բարձրացում: Անվտանգութեան երաշխիքները ենթադրում են ոչ միայն ռազմական, նաեւ՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, եւ տարբեր բնոյթի հարցեր: Եւ ոչ միայն Արցախով պէտք է բաւարարուենք, այլ նաեւ Հայաստանով, եւ Սփիւռքով, որոնք կարող են լրացուցիչ երաշխիքներ ապահովել:
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԽՆԴԻՐՆԵՐ
Արցախում հումանիտար (մարդասիրական) խնդիրները պահանջում են կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ լուծումներ: Կարճաժամկէտ խնդիրները պայմանաւորուած են հիմնականում պատերազմի հետեւանքներով, մասնաւորապէս՝ շուրջ քառասուն հազար տեղահանուած անձանց սոցիալական, բնակարանային, հոգեբանական եւ մի շարք այլ խնդիրներ լուծման կարիք ունեն: Միաժամանակ, կան կոնկրետ (յստակ, յատուկ) խմբեր՝ պատերազմի հաշմանդամներ, զոհուածների ընտանիքներ, ովքեր ֆիզիկական եւ հոգեբանական տարբեր շատ լուրջ վնասներ են կրել եւ նրանց վերականգնման, վերաինտեգրման (վերահամարկման) ուղղութեամբ մեծ աշխատանք կայ կատարելու: Կարճաժամկէտ խնդիրների շարքում են նաեւ պատերազմից յետոյ ենթակառուցուածքների, տնտեսութեան վերականգնումը: Պատերազմի մասնակի հետեւանքներից է ջրի խնդիրը, որ պայմանաւորուած է նաեւ՝ պահանջարկի աճով յատկապէս Ստեփանակերտում: Պատերազմից առաջ էլ, բնակավայրերի մի մասը՝ շուրջ երեսուն գիւղ ունէր շուրջօրեայ ջրամատակարաման խնդիր, եւ սա պայմանաւորուած է ջրային ռեսուրսների (միջոցներու) սղութեամբ եւ ջրամատակարարման համակարգերի բացակայութեամբ: Մենք ծրագրում ենք համայն հայութեան աջակցութեամբ ջրամատակարարման ոլորտում եւս առաջիկայ տարիներին լուրջ փոփոխութիւններ կատարել:
Երկարաժամկէտ հումանիտար խնդիրների շարքում են Արցախի բնակիչների եկամուտի ապահովման հարցը, որովհետեւ ներկայի պայմաններում տնտեսութեան զարգացման համար պայմանները բաւարար չեն: Մենք խնդիր ունենք սոցիալական ասեղից կախուած չպահել մեր հասարակութեանը, այդ թւում՝ պետական եւ բարեգործական ծրագրերի տեսքով: Քննարկում ենք տնտեսութեան ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացման հարցը եւ այստեղ կրկին Սփիւռքի ե՛ւ նիւթական, ե՛ւ մասնագիտական աջակցութեան կարիքն ունենք:
Երկարաժամկէտ խնդիրներից կ’առանձնացնէի կրթական ոլորտը, որտեղ կարիք կայ որակի բարձրացման: Հարցը միայն նիւթականը չէ, նաեւ՝ մասնագիտական կարողութիւնների մէջ է, որտեղ Սփիւռքի ու Հայաստանի աջակցութեան մասնակցութեան անհրաժեշտութիւնը կայ:
Մեր խնդիրների շարքում է նաեւ որակեալ առողջապահութեան հարցը եւ դա վերաբերում է թէ՛ մասնագէտների որակին, թէ՛ բժշկական կոնկրետ մասնագէտների ներկայութեանն Արցախում, եւ թէ ենթակառուցուածքներին ու սարքաւորումներին: Յունուարի 1ից առողջապահութիւնն անվճար է լինելու Արցախում, սակայն կարիք ունենք վերը նշուածների: Օրինակ, Կորոնավարակի դէպքերի աճի հետ մէկտեղ՝ օրական շուրջ յիսուն վարակակիր, խնդրայարոյց է դառնում մահճակալային ֆոնդը, թթուածնային, հետազօտական սարքերը չեն բաւականացնում: Ներկայում, Սփիւռքի մասնագէտների հեռավար աջակցութեամբ փորձում են այս խնդիրներին որոշակի լուծում տալ:
ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ կառավարութեան հետ բաւական արդիւնաւէտ համագործակցութիւն ունենք, որի մի մասը տեսանելի է, մի մասը՝ ոչ: Այս ողջ տարուայ ընթացքում ՀՀ կառավարութիւնը փակել է մեր պետբիւջէի սղաճը, այսինքն, մեր պետական մարմիններն աշխատել են ու ծրագրերն իրականացուել են ՀՀ կառավարութեան կողմից տրուող լրացուցիչ գումարների հաշուին: Նաեւ, սոցիալական ծրագրեր են իրականացուել ՀՀ կառավարութեան կողմից: Պարբերաբար կապ պահում ենք նաեւ արտաքին քաղաքական ու անվտանգային բնոյթի հարցերի շուրջ: Անվտանգային առումով համագործակցութիւն կայ, բայց կրկին չէի ցանկանայ փակագծեր բացել: Ի հարկէ, նաեւ ռուս խաղաղապահների հետ միասին տարբեր աշխատանքներ իրականացնում ենք, բայց կարող եմ հաւաստիացնել, ըստ կարիքի, այնքանով որքանով իրավիճակը թոյլ է տալիս՝ քաղաքական, կամ ռազմաքաղաքական աջակցութիւն լինում է:
ԱՐՑԱԽ-ՍՓԻՒՌՔ
Ինձ համար կարեւոր հարցերից է Սփիւռքի հետ երկխօսութիւնը, եւ յատկապէս Կալիֆորնիայի Սփիւռքի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ տարիներ շարունակ Կալիֆորնիայի հայ համայնքը մեծ ներդրումներ է կատարել Արցախի զարգացման ու զօրացման գործում՝ եւ ոչ միայն նիւթական: Պատերազմի ընթացքում էլ առանձնայատուկ աշխուժութիւն կար Կալիֆորնիայի համայնքի կողմից, որը մեր կողմից բարձր է գնահատուել:
Սփիւռքահայերի կողմից ցուցաբերուող աջակցութեան մի զգալի մասը հայրենիք է հասել Հայաստան Համահայկական հիմնադրամի խողովակով, եւ աւելի քան երկու հարիւր միլիոն դոլարի մասին յստակ, վերջնական հաշուետուութիւնը պէտք է տրամադրի հիմնադրամը: Մեր կողմից նշեմ, որ արդիւնաւէտ աշխատում ենք հիմնադրամի հետ, եւ այս պահին շուրջ եօթանասուն միլիոն դոլարի ծրագիր է իրականացւում Արցախում հիմնադրամի կողմից, որի ճնշող մեծամասնութիւնը բնակարանաշինութեան ոլորտում է՝ թէ՛ Ստեփանակերտում, թէ՛ շրջաններում տեղահանուած անձանց եւ նաեւ զոհուած ազատամարտիկների ընտանիքների համար: Բացի դրանից կան ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից ոմանք աւարտուել են, որոշներն էլ ընթացքում են, ինչպէս նաեւ՝ ենթակառուցուածքային վերականգնողական եւ՛ զարգացման ծրագրեր: Ընթացքի մէջ են նաեւ կրթութեան ոլորտում երկարօրեայ դպրոցների հիմնադրման կամ վերապատրաստման ուղղութեամբ կատարուող ներդրումները:
Այն անձիք եւ կազմակերպութիւնները, ովքեր ցանկանում են Արցախին այս կամ այն կերպ օգնել կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ ծրագրերով, պէտք է հնարաւորութիւն ստանան օգնելու իրենց նախընտրած ձեւաչափով, եւ միասին պէտք է քննարկենք ու գտնենք ամենաարդիւնաւէտ կառուցակազմերը: Արցախում գործում են Սփիւռքի տարբեր կազմակերպութիւններ, եւ ըստ այդմ աջակցել հնարաւոր է այդ կառոյցների միջոցով, կամ, գտնել կարիքաւոր անհատների եւ օգնութիւն տրամադրել ուղղակիօրէն: