Նոյեմբերի 16ին, Երեւանի Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան դպրոցում տեղի է ունեցել արդի արհեստագիտութեան կրթական նոր ծրագրի մեկնարկի արարողութիւն:
Ծրագիրն իրականացւում է Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (AMAA) եւ Imagine Hub by Soft ընկերութեան աջակցութեան շնորհիւ:
Ծրագիրը նպատակ ունի տարբեր տարիքային խմբերի դպրոցական երեխաների համար կազմակերպել եւ իրականացնել ծրագրաւորման իւրայատուկ դասընթացներ: Imagine Hub by Soft ընկերութեան աջակցութեան շնորհիւ` յանձին ընկերութեան հիմնադիր Վիգէն Բադալեանի, դպրոցում բացուելու են թռչող սարքերի (դրօն) եւ մարդամեքենաների (ռօբօտ) շինութեան, ինչպէս նաեւ ճարտարագիտական եւ այլ նորարութիւնների ձեռնարկատիրութեան կենտրոններ:
Միջոցառման ընթացքում, AMAA-ի, Imagine Hub by Soft-ի եւ Աւետիսեան դպրոցի միջեւ ստորագրուել է եռակողմ յուշագիր, որով տրուել է կրթական նոր ծրագրի մեկնարկը:
AMAA-ի եւ Imagine Hub by Soft-ի համագործակցութեան յաջորդ փուլը լինելու է Կարբի համայնքում նորարարական կենտրոնի ստեղծումը: