
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան յայտնեց, որ 30 Նոյեմբերին փաստահաւաք աշխատանքներ կատարուեցան Սիւնիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծաւ գիւղերուն մէջ, ուր տեղի ունեցան քննարկումներ բնակիչներուն հետ, որոնք արտայայտեցին իրենց մտահոգութիւնները եւ դժուարութիւնները։
Արման Թաթոյեան իր այցելութիւնը կը նկարագրէ հետեւեալ փաստահաւաք գրութեամբ.
«Վեր են հանուել Կապան-Ճակատեն ճանապարհին առանց իրաւական հիմքերի, այսպէս կոչուած, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողութեան սահմանելու եւ ադրբեջանական զինուած ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետեւանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրաւունքների խախտումները:
«Մասնաւորապէս, Ծաւ գիւղում գործող հացի արտադրամասը, որն արտադրանքն իրացնում էր ինչպէս յարակից գիւղերում, այնպէս էլ Կապան քաղաքում, ստիպուած է եղել 50 տոկոսով կրճատել արտադրանքի ծաւալները, դրա հետեւանքով խնդիրներ են առաջացել նաեւ աշխատողների աշխատավարձերի հետ կապուած: Մէկ այլ դէպքում խնդիրներ են առաջացել ձկնաբուծութեան հետ կապուած:
Այսինքն` խախտուած են թէ՛ տնտեսական գործարարութեամբ զբաղուելու, թէ՛ աշխատանքային իրաւունքները, մարդիկ կրում են լուրջ տնտեսական վնասներ ադրբեջանական անօրինական արարքներով:
«Առկայ են նաեւ հրատապ բուժօգնութեան իրաւունքի խաթարման դէպքեր․ խնդիրն էլ աւելի է սրւում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաեւ տարեցներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, ում առողջութեան պահպանումը, յատկապէս պահանջում է հրատապ արձագանգ, դեղորայքի արագ մատակարարում եւ անհրաժեշտութեան դէպքում` արագ հիւանդանոց փոխադրութիւն: Թէեւ Շիկահողում գործում է բժշկական ինքնաշարժ, ուր կայ բուժքոյր եւ իւրաքանչիւր գիւղ էլ ունի բուժակ կամ բուժքոյր, բայց բուժօգնութեան լուրջ հարցերը չեն կարող լուծուել. հիւանդանոց հասնելու համար մարդիկ պէտք է 3-3.5 ժամ ճանապարհ անցնեն, որպէսզի Մեղրիով հասնեն Կապան:
«Օրինակ` գիւղերից մէկում բնակիչը պէտք է պարբերաբար սրտի հետազօտութիւն անցնի Երեւանում եւ Կապանում` արեան մակարդելիութեան ցուցանիշների հետազօտութիւն, մէկ այլ դէպքում` աչքի հետազօտութիւն, բայց ճանապարհի պատճառով չեն կարողանում գնալ այլեւս հետազօտութիւնների: Ներքին Հանդում միայնակ կենսաթոշակառու բնակիչը չի կարողանում ներկայանալ Միասնական սոցիալական (ընկերային) ծառայութիւն` հաշմանդամութիւն սահմանելու գործընթաց սկսելու համար:
«Կրթական իրաւունքի խնդիրներ են առաջ եկել Սրաշէնից Ներքին Հանդի դպրոց յաճախող երեխաների համար, իսկ Ներքին Հանդի երեխաների իրաւունքներն առանց այն էլ կոպիտ ոտնահարուած են, քանի որ ադրբեջանական զինուած ուժերը տեղակայուած են դպրոցից ընդամէնը մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ: Խաթարուած են երեխաների լաւագոյն շահերը:
«Ոչ-ամենագնաց (թեթեւ մարդատար) մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիութիւնը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ օրինակ` Շիկահողում, Ճակատենում երիտասարդ ընտանիքներ Կապան աշխատանքի հասնելու դժուարութիւնների պատճառով ստիպուած բնակարան են վարձակալել Կապանում` գիւղում թողնելով իրենց ծնողներին կամ ընտանիքի այլ տարեց անդամներին: Սրաշենում եւ Ներքին Հանդում մարդիկ զրկուել են իրենց երեխաներին ու թոռնիկներին տեսնելու, ընտանիքի հետ միասին լինելու հնարաւորութիւնից:
«Բնակիչները նաեւ տեղեկացրել են, որ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական զինուած ծառայողների յայտնուելու պահից սկսած առաջ են եկել համացանց կապի որակի եւ հեռախօսակապի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարաւորութիւն է ունեցել հաւաստիանալ նաեւ Պաշտպանի աշխատակազմը:
«ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի համար ակնյայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քօղի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար (մարդասիրական) խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականութիւն. Սիւնիքում Գորիս-կապան ճանապարհին 2021թ. Նոյեմբերի 11ից եւ Կապան-Ճակատեն ճանապարհին Նոյեմբերի 15ից յայտարարուած ադրբեջանական, այսպէս կոչուած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը որեւէ կապ չունի դրա նպատակների հետ:
«Տեղական մարմինները, ինչպէս նաեւ ՀՀ ԶՈՒ եւ ԱԱԾ Սահմանապահ զօրքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաեւ բնակիչները: Սահմանուել է նաեւ այլընտրանքային դժուարանցնելի ճանապարհով Ճակատենից Կապան տանող 1 «Ուազ» մեքենայով երթուղի օրական 3 անգամ, ինչպէս նաեւ օրական 1 անգամ Մեղրի տանող երթուղի:
«Բայց հարցն բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյէկտիւօրէն (առարկայապէս) չի լուծում իրաւունքների այն զանգուածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանութիւնների, նրանց զինուած ծառայողների անօրինական արարքներով (օրինակ` անվտանգութիւն, մարդկանց բնականոն կեանքի վերականգնում եւ այլն):
«Ուստի, ելքը յստակ է` ադրբեջանական զինուած կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպէտք է լինեն, պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի: Դա է ՀՀ բնակիչների իրաւունքները վերականգնելու ճանապարհը:
«Ոչ ոք իրաւունք չունի անտեսել մարդու իրաւունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապուած գործընթացում: Այս մասին յատուկ զեկոյցները Մարդու իրաւունքների պաշտպանը կը ներկայացնի միջազգային համապատասխան կառոյցներին, ինչպէս նաեւ ՀՀ մարմիններին եւ ՀԿներին»։