ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ստեփանակերտում կայացել է արցախցի երիտասարդների ու Իտալիայի նորաձեւութեան աշխարհում յայտնի վարպետների համատեղ պատրաստած հագուստների ցուցադրութիւն: Երիտասարդները, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»ի «Կարի արտադրութեան տեխնոլոգիա (արհեստագիտութիւն)» բաժնի ուսանողներն են, որ իրենց ուսուցիչների հետ միասին ամանորեայ գեղեցիկ տօն պարգեւեցին Արցախին: Ներկաները փաստեցին, որ «սկիզբ է դրուել ամենալուսաւոր նախագծ»ի, ինչը վկայում է, որ ի հեճուկս դժուարութիւնների, Արցախում շարունակւում են իրականացուել զարգացման ու միջազգային համագործակցութեան հիմնաւոր քայլեր:
«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»ը հիմնադրուել է արցախեան 44 պատերազմից յետոյ` իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանի եւ ընկերների ջանքերով, որոնց թւում է «Քրիստոնեաները կարիքի մէջ» (ՔԿՄ) հիմնադրամը: Նպատակն է` Արցախում միջազգային չափորոշիչներին համապատասխան հանրակրթական նախադպրոցական, միջին, աւագ եւ նախնական մասնագիտական արհեստագործական կրթութեան կազմակերպումը: Կրթահամալիրում ներկայում ուսում է ստանում շուրջ 600 ուսանող 21 մասնագիտական բաժիններում, այդ թւում` կարի արտադրութեան տեխնոլոգիայի, փայտամշակման, հրուշակագործութեան, խոհարարութեան, գինեգործութեան, սպասարկման, վարսայարդարման արուեստի ու դիմայարդարման, եւ այլ:

Կրթահամալիրի արհեստանոցները յագեցած են նոր սարքաւորումներով, անհրաժեշտ գիտելիքներով ու մասնագիտական խորհուրդներով ուսանողներին աջակցում են Իտալիայից ժամանած վարպետները, որոնցից շատերն աշխատակցում են այնպիսի հանրայայտ ապրանքանիշների, ինչպէս «Վալենտինօ»ն, «Արմանի»ն, «Գուչի»ն: Նրանց անմիջական մասնակցութեամբ էր, որ հնարաւոր դարձաւ կրթահամալիրի առաջին միջոցառումը` նորաձեւութեան ցուցադրութիւնը, որտեղ արցախցի երիտասարդները բեմ դուրս եկան իրենց իսկ պատրաստած հագուստներով: Կարի մեքենաներն ու կտորը Իտալիայից է, որ կրթահամալիրին են տրամադրել «Քրիստոնեաները կարիքի մէջ» հիմնադրամի անդամները, որ իրենց գլխաւոր առաքելութիւններից են համարում ուսանողներին ժամանակակից գիտելիքների փոխանցումն ու այդպիսով Արցախի աշխատաշուկայի համար բարձրակարգ արհեստագործների պատրաստումը` այս ձեւով նպաստելով Արցախի մեծ կորուստնէր կրած տնտեսութեան վերականգնմանը:
«Ես հաւատում եմ Արցախի կրթութեան ապագային եւ համոզուած եմ, որ աշխարհին ճանաչելի կը դառնանք մեր արհեստագործութեամբ, կրթութեամբ եւ գիտութեամբ», նշում է կրթահամալիրի տնօրէն Տաթեւիկ Զախարեանը: Նա տեղեկացրեց, որ մտադիր են վաճառքի հանել արհեստագործական տարբեր բաժինների սաների աշխատանքները:
Կրթահամալիրի ստեղծմանն ու Իտալայից տարբեր ոլորտների մասնագէտների այցն Արցախ կազմակերպել ու իրականացրել է «Քրիստոնեաները կարիքի մէջ» հիմնադրամը:

«Մեր պատուէրով Արցախի կառավարութիւնը շէնք վերակառուցեց կրթահամալիրի համար, որին մասնակցեց նաեւ մեր հիմնադրամը: Միաժամանակ, մեքենասարքաւորումներ, գոյք ուղարկեցինք Արցախ Իտալիայից: Այնուհետեւ, մեր միջոցներով իտալացի մասնագէտներ տարանք Արցախ, որ ծանօթանան տեղի արհեստագործական ոլորտներին եւ անմիջական մասնակցութիւն ունենան դրանց զարգացման գործում: Հոգ տարանք, որ նորաձեւութեան ոլորտի մի քանի վարպետներ երկու ամիս անցկացնեն Արցախում` կրթահամալիրի ուսանողներին դասաւանդելու նպատակով: Միաժամանակ շարունակում ենք կահոյք եւ անհրաժեշտ սարքեր մատակարարել Իտալիայից, ուսանողների համար կազմակերպել մասնագիտական վարպետութեան դասերի անցկացում Իտալիայում: «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»ը ստեղծուել է 2021 թ.ի Յունիսին, պատերազմից յետոյ, եւ ներկայում ունենք 562 ուսանող` 3-6 տարեկանների համար նախատեսուած նախակրթարանում սովորում է 58 երեխայ, 1-9րդ դասարաններում կայ 200 աշակերտ, աւագ դպրոցում եւ արհեստագործական ուսումնարանում` 304 ուսանող», տեղեկացնում է «Քրիստոնեաները կարիքի մէջ» հիմնադրամի նախագահ, Լոս Անջելեսից փաստաբան Ռիտա Մահտեսեանը:
2014 թուականին հիմնադրուած այս կազմակերպութիւնն Արցախում գործունէութիւնը սկսել է տարիներ առաջ` անցկացնելով անգլերէնի ուսուցման դաընթացներ, կազմակերպել է Արցախի պաշտօնատար անձանց այցը Իտալիա եւ հանդիպումները Լոմբարդի եւ Վենետօ վարչաշրջանների առեւտրային պալատի ներկայացուցիչների հետ, ինչին հետեւել են իտալացների փոխադարձ այցերը: Կազմակերպութեան խորհրդի անդամները հիմնականում օտարազգի են, այդ թւում` Բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ամերիկայից` փիլիսոփայութեան պրոֆեսոր Շուոն Նեշ-մարշալը, եւ այլոք: Խորհրդատուական խորհրդի անդամ է Անտոնիա Արսլանը:
Հիմնադրամի նպատակն է օգնել քրիստոնեայ ազգերին: «Քերոլայն Քոքսն Արցախն անուանում է առաջնագծային քրիստոնէական ազգ, մեր փոխնախագահ Շուոն Նեշ-Մարշալի խօսքերով էլ` Հայաստանն արեւմտեան աշխարհի սկիզբն է, ճակատը, որ Արցախը պաշտպանում է` նաեւ արեւմտեան աշխարհի ճակատն է: Խոնհարւում եմ Արցախի ժողովրդի առաջ: Յիշենք, որ Արցախը դարեր շարունակ ենթարկուել է տարաբնոյթ յարձակումներ արաբների, սելջուկների, պարսիկների կողմից, սակայն երեք հազար տարի մնացել է հայկական: Այսօրուայ մարտահրաւէրը յաղթահարելու համար պէտք է համախմբուենք եւ Արցախին օգտակար լինենք: Դա, ինչպէս նշեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարեանը, հնարաւոր է երկու ճանապարհով: Առաջին տարբերակը` բնակուելն է Արցախում, երկրորդը` անմիջական մասնակցութիւն ունենալը, ներդրում անելը, ծրագրեր իրականացնելը: Յորդորում եմ Սփիւռքի մեր բոլոր հայրենակիցներին միանալ Արցախի զօրացման գործին», կոչով դիմում է Ռիտա Մահտեսեանը:
Նորաձեւութեան ցուցադրութեան մասնակիցներին հեռավար միացան եւ ուղերձներ յղեցին հիմնադրամների խորհրդի անդամներն ու բարեկամները` Իտալիայից ու Միացեալ Նահանգներից: Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները հանդէս եկան նաեւ երաժշտական կատարումներով:
