Ռ. ԿՈՐԻՒՆ

Հայաստանեան վերջի շուրջ երեք տարիների իրադարձութիւնները, նոր իշխանութեան հաստատուելուց ի վեր, դարձաւ ներքին եւ արտաքին քննութեան, մեկնութեան եւ վերլուծութեան նիւթ եւ դեռ շարունակւում է այլ եւ այլ միջոցներով նաեւ ընկերային ցանցերում: Քաղաքական այդ շնչառութիւնը նոր վարչակարգի իշխանութեան գլուխ գալուց ի վեր զգալի նկատւում է այստեղ լոս անջելեսեան մամուլի, հանդիպումների եւ ընտանիքներում օր ըստ օրէ շրջան արուող լուրերի բերումով: Մտահոգութիւն, հայրենիքի ապագայի նկատմամբ յոռետեսութեան մտքեր, թէ ի՞նչ պիտի լինի մեր հայրենիքի վիճակը, երբ թշնամին Արցախի հողատարածքները գրաւելուց յետոյ մտել եւ գրաւել է Հայաստանից շրջաններ:
Հայաստանը մեր ընդհանուր հայութեան յոյսն ու հաւատքն է՝ մեր ազգային ինքնութիւնը ապահովող ու պաշտպանող հիմնաքար-կռուանը: Իրաւամբ ինչպէ՞ս կարելի է հաշտուել այն մտքի հետ, որ հայկական տարածքների 73 տոկոսը բռնագրաւուի թշնամու կողմից: Մեր անմահ հերոսները պատգամել են՝ եթէ Արցախը գնայ, Հայաստանն էլ կը գնայ, որը զգօնութեան եւ խոր մտածումների տեղիք է տալիս:
Վտանգաւոր ժամանակներ են, պէտք է պատրաստ լինել հետագայ զարգացումների ի նպաստ հայրենիքի ինքնիշխանութեան եւ տարածքների պահպանման, տարբեր միջոցների դիմելով? պետականութեան վտանգը հայրենիքի գոյութեան վտանգն է:
Կեանքի ճակատագրական դէպքերն ու պատահարները չեն մոռացւում, նրանք տպւում են մեր մտապատկերում եւ շարունակ յիշատակւում են, ինչպէս 2020 թուականի սանձազերծուած 44օրեայ պատերազմը, որը կատարուեց Ատրբէյջան-Թուրքիա դաշինքի եւ իրենց միացած ահաբեկիչների եւ տարբեր երկրներից ստացած զէնքի եւ մարդուժի միջոցով: Նրանք զինուած հսկայածաւալ զինամթերքով, բանակով, «դրոն»ներով (անօդաչու թռչող սարք) ներխուժեցին Արցախի տարածքներ, ինչպէս անհամար մոլեգնած գայլերի վոհմակ, կատարելով աներեւակայելի ահաւոր աւերածութիւններ եւ մարդասպանութիւններ, նրանք արգելուած զէնքերով անխնայօրէն ռմբակոծեցին քաղաքներ, բնակելիք շէնքեր, եկեղեցիներ, հիւանդանոցներ, դպրոցներ, թանգարաններ եւ կենսական կառոյցներ, հազարաւոր աննման երիտասարդներ զոհուեցին եւ վիրաւորուեցին: Նրանց ծաւալուն յարձակումի դիմաց, Արցախն ու Հայաստանը մենակ ու անպաշտպան կռւում էին անձնուիրաբար, եթէ մութ եւ ծածուկ ձեռքեր չգործէին, հայ զինուորը կը պաշտպանէր իր հայրենիքը եւ հաւանաբար պատերազմն այլ ձեւ կը ստանար: Ինչո՞ւ մեր դաշնակիցը կրաւորական գտնուեց, քայլեր չձեռնարկեց իրեն բարեկամ ու դաշնակից Հայաստանին օգնելու, հարցը պէտք է խորապէս քննուի եւ հրապարակաւ իմաց տրուի: Ցաւօք հայի հաւատարմութիւնը եւ ծառայութիւնները անտեսւում են:
Թուրք-Ատրբէյջան ծրագրուած յարձակումը Հայաստանի վրայ ապացոյցն է թշնամութիւն Հայաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ իրենց հեռաւոր ծրագրերը իրականացնելու համար: Թուրքի կողմից խաղաղասիրութեան առաջարկները այս պայմաններում սուտ ու խաբկանք են, թուրքը երբեք չի ուզի Հայաստանը հզօրանայ եւ խաղաղ երկիր դառնայ, ուրեմն թող մեր իշխանաւորները քաջ գիտակցեն, որ Հայաստանն ու Արցախը իրենք են, որ խաղաղութիւն պիտի ստեղծեն իրենց ուժերով, միասնական ու մէկ ճակատով՝ Արցախ, Հայաստան եւ Սփիւռք: Սփիւռքի դերակատարութիւնը շատ կարեւոր է ներկայ պայմաններում, միշտ էլ կարեւոր է եղել, բայց ցաւօք ընթացք չի տրուել:
Թուրք-ատրբէյջանական յարձակման հետեւանքները տեսնելով մարդ կարո՞ղ է աչքերը փակել եւ աշխարհով մէկ չբողոքել:
Ի տես հազարաւոր երիտասարդ զոհերին, վիրաւորներին եւ հաշմանդամներին ինչպէս կարելի է չբորբոքուել եւ հոգեպէս հանդարտուել կամ լուռ մնալ:
Ի տես այդ բերրի ու հարուստ պապենական տարածքների բռնագրաւման, ինչպէս կարելի է անտարբեր լինել եւ չմտածել դրանք յետ բերելու համար:
Ի տես այն հազարաւոր ընտանիքների մայրերին եւ հայրերին, որոնք տուայտում են իրենց գուրգուրած ու փայփայած նահատակ զաւակների համար, ինչպէս կարելի է չկսկծալ, նրանց ցաւին ու սուգին սպեղանի եւ մխիթարիչ չլինել տարբեր տեսակի օժանդակութիւններով, չէ որ նրանք յանուն հայրենիքի իրենց կեանքն են նուիրաբերել:
Ի տես այն հազարաւոր տնազուրկ ու անօթեւան դարձած արցախցիներին քշուած իրենց սեփական տներից, արդեօ՞ք պիտի թողնել իրենց յոյսին, ո՚չ, աշխարհով մէկ ձայն բարձրացնել, բողոքել եւ պահանջել ՄԱԿից օգնութեան ձեռք, ինչպէս Ատրպէյջանը 1991-1994 պատերազմին գայլերի ոռնոց էր բարձրացրել թէ՝ Հայաստանը մեր տարածքները գրաւել եւ թափառական է դարձրել իբր մէկ միլիոն ժողովրդի: Ինչո՞ւ մեր իշխանութիւնները չեն աշխատում այդ ուղղութեամբ, թէ՞ սպասում են վերի համաձայնութեան:
Ահա այսպիսի տագնապալից վիճակում կանգնած ենք 2022 տարեթուի սեմին, տագնապը գալիս է 2020ից իր մէջ ունենալով նաեւ 2021ը: Այս տարուայ ընթացքում տեղի ունեցաւ թշնամու յառաջխաղացումը դէպի Հայաստանի տարածքներ եւ բաւական թուով զոհեր հայերի կողմից: Ամենայնդէպս տագնապալի պայմաններում ենք գտնւում, որի համար կուռ միասնական շարքերում, առանց «սեւ ու սպիտակ»ի, պահենք ու պաշտպանենք Արցախը եւ Հայաստանը, որը ամէն մէկ հայի անխուսափելի ազգային պարտականութիւնն է:
Ահա մէկ տարի մեր կեանքից անցնում է, բայց ի՜նչ անցնել, 2020ի Հոկտեմբեր ամսից մինչեւ ահա 2021ի վերջաւորութիւն ամէն օր ապրել ենք յուզումնալից պահեր այդ մեր զոհուածների, վիրաւորների, աղէտեալների եւ կորցրած տարածքների համար: Երկրներ պատերազմում զոհեր-նահատակներ են տալիս երկիր ազատագրելու կամ իրենց արդար իրաւունքներին հասնեն, մերը հակառակն եղաւ:
2021ի ամանորն դարձաւ սուգի եւ ողբի ամանոր, հանդէսներ չկազմակերպուեցին հազարաւոր զոհերի ընտանիքների սուգին մասնակից լինելու եւ նրանց հետ կիսելու ցաւն ու վիշտը:
2022ի ամանորն եւս այնքան ոգեւորիչ չի, քանի որ 2021ի ընթացքում բազմաթիւ զոհեր եւ գերիներ ունեցանք: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակուի թշնամու միջոցով մեր զինուորների սպանութիւնը եւ տարածքային կորուստները:
Գալիք տարին թող բոլորիս սիրով ու նուիրուածութեամբ կապի հայրենիքի (Հայաստան եւ Արցախ) հետ, պաշտպանելու եւ յետ բերելու մեր կորուստները:
Չեմ իմանում, արդեօ՞ք յոյսով պիտի սպասենք մեծ աւետիսին, թէ էլի գլխակոր ու մտածկոտ:
Դեկտեմբեր, 2021
Սանլանդ, Լոս Անջելես