ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան յայտնեց, թէ նախորդ տարի Հայաստանի մէջ արձանագրուած են բնակչութեան իրաւունքներու եւ անվտանգութեան լուրջ սպառնալիքներ՝ դիտել տալով, որ անոնց արձագանգելը եւ հակազդելը պետութեան պարտաւորութիւնն է։
Թաթոյեանի յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Ինձ համար արդէն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչութեան իրաւունքների ու անվտանգութեան լուրջ սպառնալիքներից են եղել`
«1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտօնեաները, որոնք յայտարարել են, թէ մեր գիւղերի մօտ ու ճանապարհներին յայտնուած ադրբեջանական զինուած ծառայողները, նրանց յենակէտերն ադրբեջանական տարածքում են եւ Հայաստանն ոչինչ անել չի կարող:
«Նրանցից մէկն էլ անգամ ասել է, թէ առանց սահմանագծման եւ սահմանազատման ճանապարհահատուածների պատկանելիութեան հարցը կարող ենք համարել լուծուած:
«2. Այդ պաշտօնեաները նման յայտարարութիւններով թոյլ են տուել իրենց պաշտօնէական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կեանքի ու միւս կենսական իրաւունքները, վնաս հասցնելով անվտանգութեանը:«Խօսքս նաեւ վերաբերում է բնակչութեանը ադրբեջանական զինուած ծառայողների յանցաւոր արարքներից պաշտպանող մեր զինուորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանութեանը:
«3. Այդ պաշտօնեաների յայտարարութիւններն օրինականացրել են ադրբեջանական յանցաւոր արարքները Հայաստանի բնակչութեան նկատմամբ եւ երկարաժամկէտ «մաքրելու» ենթակայ խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ու անվտանգութեան համար:
«4. Այդ բարձրաստիճան պաշտօնեաները նման յայտարարութիւններ արել են(առնուազն) նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհութիւններ չառաջանան կամ դրանք մեղմուեն:
«Այսինքն` դասական օրինակներ են, թէ ինչպէս քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցուել երկրի անվտանգութեանն ու մարդու իրաւունքներին:
«5. Այդ բարձրաստիճան պաշտօնեաները պէտք է հասկանան, որ ցանկացած նման յայտարարութիւն դիտարկւում է հէնց նշածս տեսանկիւնից ու այսուհետ նման յայտարարութիւններ չանեն:
«Ոչ ոք իրաւունք չունի անել մեր իրաւունքներն ու անվտանգութիւնը վտանգող արարքներ եւ վերջ:
«Յ.Գ.- Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագութիւններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինուած ծառայողները, բայց պետութիւնը պարտաւորութիւն ունի պաշտպանելու մարդկանց, եւ պաշտօնեաներն իրաւունք չունեն վնասել դա»: