ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան 12 Յունուարին տուած մամլոյ ասուլիսին ընթացքին անդրադադարձաւ ատրպէյճանական գործողութիւններու լոյսին տակ Հայաստանի սահմանային բնակավայրերու բնակիչներու իրաւունքներու խախտման հարցին. ան լուսարձակի տակ առաւ նաեւ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը:
Ըստ անոր՝ Հայաստանի պետական քաղաքականութիւնը կ՛ընթանայ սխալ եւ կ՛անտեսէ մարդու իրաւունքներու պաշտպանութեան գործիքակազմերը (մեքանիզմները):
Ան նշեց, որ եթէ Հայաստան իրաւունքներու պաշտպանութեան երաշխիքներ չունի, աւելի մեծ հարցերու դէմ յանդիման կրնայ գտնուիլ։
«Ես ուզում եմ նշել, որ գլխաւոր երաշխիքը ադրբեջանական զինուած ծառայողների հեռացումն է, որը մենք պէտք է հիմնաւորենք մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմներով: Ես երէկ տեսայ` արտաքին գործերի նախարարութեան կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը: Ես ուզում եմ շեշտել, որ դա մարդու իրաւունքներն անտեսող առաջարկ է: Ես արտաքին գործերի նախարարութեան գործընկերներին մշտապէս յարգանքով եմ վերաբերուել, բայց ես կարծում եմ` սա քաղաքական մօտեցում է` սխալ կենսագործուող, որը մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմներին հակադրւում է: Հարց է առաջանում` մենք ո՞ւր պէտք է քաշուենք, որտեղի՞ց պէտք է քաշուենք: Ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակել, գիւղատնտեսութեամբ զբաղուել այն պատճառով, որ ադրբեջանական զինուած ծառայողները ֆիզիքապէս ներկայ են իրենց պատկանող հողերում: Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականութեան իրաւունքը, հետեւաբար, այս մօտեցումը հաշուի չի առնում մարդու իրաւունքները: Լաւ, յետ քաշուեցինք, բա յետոյ մենք ինչպէ՞ս ենք թողնում մարդկանց այդ վիճակում, այն էլ երբ ադրբեջանական կողմից ընդհանրապէս քաղաքացիական բնակավայր չկայ: Էդ ինչի՞ հաշուին պէտք է յետ գնանք: Այդ զօրքերի յետքաշումը վերականգնելո՞ւ է մարդկանց բնականոն կեանքը, ինչպէ՞ս է վերականգնելու, մարդիկ, որ իրենց հողերը կորցրել են, չեն կարողանում օգտագործել», ըսաւ Թաթոյեան:
Ըստ պաշտպանին՝ հայկական կողմը պէտք է պետական քաղաքականութեան հիմք ունենայ մարդու իրաւունքներու փաստերը եւ պաշտպանութեան մգործիքակազմերը: Այս պարագային խօսքը կը վերաբերի ատրպէյճանցի զինուորներու հեռացումին:
«Եւ, հաւատացէք, իմ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ այս առաջարկը կը ստանայ նաեւ միջազգային լայն աջակցութիւն, որովհետեւ սա ԵԱՀԿի եւ մարդու իրաւունքների ոլորտի այլ կազմակերպութիւնների առաջարկած չափանիշների հիման վրայ է: Անընդհատ հարց է բարձրացւում` արդեօք իրատեսական է եւ քաղաքական տեսանկիւնից կը հեռանան, թէ՞ չէ: Այո՛, որովհետեւ այս առաջարկի դէպքում երբեւէ չի ասւում, որ այդ իրենց հեռանալու դէպքում, ապառազմականացուած անվտանգութեան գօտի ունենալու դէպքում դա դառնում է Հայաստան կամ Ադրբեջան: Ոչ, մենք ասում ենք` դա լինելու է չէզոք գօտի, այդ տարածքն անհրաժեշտ է, որ մարդիկ շնչեն, որ կարողանան ապրեն, որ իրենց անվտանգութիւնն ապահովեն: Դա կ՛որոշուի սահմանազատման եւ սահմանագծման արդիւնքում, որը կարող է տեւել 10-20 տարի: Ի՞նչ է, այդքան ժամանակ Սիւնիքում, Գեղարքունիքում մեր բնակիչները պէտք է զրկանքնե՞ր կրեն, բա մեղք չէ մեր ժողովուրդը, տանջւում է ամէն օր», դիտել տուաւ Թաթոյեան՝ աւելցնելով, որ Հայաստանի ռազմական եւ քաղաքական պաշտօնեաները պէտք է դադրեցնեն սահմանային անվտանգութեան, մեր բնակիչներու իրաւունքներու պաշտպանութեան վերաբերող հարցերը միայն ռազմական ու քաղաքական տեսանկիւնէ դիտարկելը: «Բաւական է, չի կարելի բացառապէս ռազմական ու քաղաքական տեսանկիւնից այս հարցերին մօտենալ: Չի կարելի մարդուց կտել իր անվտանգութեան հարցը», շեշտեց ան:
Աւելի ուշ Թաթոյեան այս առնչութեամբ հրապարակեց հետեւեալ կոչը.
«Սիրելի հայրենակիցներ,
«Դիմում եմ ձեզ բոլորիդ` որպէս Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան, ով սահմանադրական պարտաւորութիւն ունի պաշտպանելու ձեր իրաւունքներն ու ազատութիւնները.
«Այո՛, այսօր գլխաւոր հարցը ադրբեջանական զինուած ծառայողների հեռացումն է Գեղարքունիքում, Սիւնիքում (ոչ միայն 2021թ. մայիսեան ներխուժումները) մեր գիւղերի մօտից ու ճանապարհներից` շփման ողջ երկայնքով` որպէս մեր բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հիմնարար երաշխիք: Սա «օդում» յայտարարութիւն չէ:
«Իրատեսակա՞ն է այս մօտեցումը: Այո՛, բայց պէտք է արագ գործել ու թիրախային, այլ ոչ թէ բաց թողել կամ զրոյացնել հնարաւորութիւնը եւ յետոյ ասել, թէ իրատեսական չէ:
«Օրինակ` երբ ադրբեջանական զինուած ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, ինչո՞ւ անյապաղ չդիմեցինք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ու այդ ժամանակ կարող էինք «քնած» բարձրացնել միջանկեալ միջոցի հարց` հեռացնելու ադրբեջանական զինուած ծառայողներին այդտեղից եւ բացելու ճանապարհը:
«Բայց մենք ի՞նչ արեցինք. այլընտրանքային ճանապարհների հիասքանչ լինելու, իրաւունքների խախտումներն անտեսելու ու «կեանքը որքան անվտանգ ու լաւ է Սիւնիքում», «իրենց տարածքն է` ոչինչ չենք կարող անել» քաղաքական յայտարարութիւններով զրոյացրեցինք այդ հնարաւորութիւնը: Ընդ որում, ադրբեջանական զինուած ծառայողներին հեռացնելու, մեր սահմանային բնակիչների իրաւունքները պաշտպանելու յատուկ նպատակով ՄԻԵԴ կարող ենք դիմել նաեւ հիմա:
«Կամ ինչո՞ւ մինչեւ հիմա չենք նախաձեռնել, օրինակ, ՄԱԿի յատուկ զեկուցողի առաքելութիւն, որ գայ եւ արձանագրի խախտումները ու մենք դա օգտագործենք ադրբեջանական զինուած ծառայողներին հեռացնելու նպատակի համար: Բա այդ ինչպէ՞ս եղաւ, որ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի առաջարկի հիմքով ԵԽԽՎ 2021թ. Սեպտեմբերի 27ի բանաձեւում ամրագրուեց ապառազմականացուած գօտու գաղափարը:
«Ինչո՞ւ են մեր որոշ պաշտօնեաներ անվտանգութիւնը կտրում մարդուց, նրա իրաւունքներից ու ամէն ինչ քննարկում ռազմաքաղաքական տեսանկիւնից:
«Չպէտք է թոյլ տալ, որ այս հարցերը միայն քաղաքական ընդհանրական յայտարարութիւնների ու ռազմական դաշտ տեղափոխուեն, որով ստուերւում են մարդու իրաւունքները:
«Այնպէս որ` անվտանգութեան ու մարդու իրաւունքների հարցն այն աստիճան կարեւորութեան է, որ պէտք է ամէն հնարաւորութիւն` մեծ, թէ փոքր, օգտագործել անհրաժեշտ նպատակի համար եւ ոչ թէ ընդհանրական կասկածներով անիրատեսական դարձնել իրատեսական լուծումը. փաստերը բաւարար են ճշգրիտ քայլերի համար:
«Հեշտ է ոչինչ չանել, խախտումների փաստերն անտեսել կամ հերքել ու յետոյ ասել, թէ անիրատեսական է:
«Անվտանգութեան գօտու մասին մանրամասն գրուած է իմ այս զեկոյցում` https://ombuds.am/…/4f4d3319548889e2900530457ae24bad.pdf»: