Մեծ Եղեռնի Նախօրեակին (Բ.)

Պոլսի ընկերներից ես տարբեր տպաւորութիւն էի ստացել. նրանք գոհ էին բարենորոգումների հարցի ընթացքից՝ ոմանք բարձրաղաղակ, ուրիշներ՝ զուսպ: Պոլսում ես էլ վարակուեցի լաւատես տրամադրութեամբ (…): Սահրանդը հիմա դոյլերով ջուր էր լեցնում գլխիս:
Երբ Ճեւիզլիկում հրաժեշտ տուինք Տրապիզոնի ընկերներին, որոնք կառքերով կամ հեծանիւներով եկել էին ճամբու դնելու մեզ, եւ մեր զոյգ կառքերը սկսեցին բարձրանալ Ջղանայի վերելքով, հետս նստած Ակնունիին եւ, եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, Զարդարեանին եւ Մինախորեանին պատմեցի Սահրանդի ասածները: Ակնունին եւ Զարդարեանը դատապարտեցին Սահրանդի յոռետեսութիւնը: Ակնունիի վերաբերումը բնական էր. նա ի ծնէ լաւատես մարդ էր: Այժմ տարօրինակ է թւում ինձ Զարդարեանի վերաբերումը, որ ի ծնէ յոռետես եւ կասկածամիտ մարդ էր. ինչպէ՞ս է, որ նա չէր տեսել եւ չէր զգացել այն՝ ինչ որ Սահրանդն ու Արշակը բնազդօրէն զգացել էին:
Բայց ես նկատեցի, որ Ակնունին ու Զարդարեանն էլ, ինչպէս եւ ամէնքը, սաստիկ ազդուեցին թուրքերի ակնյայտնի թշնամական կեցուածքից Պայպուրթում, ուր մենք հասանք երեկոյեան, երբ արդէն մութը կոխած էր:
Մեր կառքերը առաջանում էին խաւար փողոցներով դէպի Դաշնակցութեան ակումբը: Խանութների առջեւ խռնուած թուրք ամբոխը բռունցք էր ճօճում մեր ուղղութեամբ: Նոյնիսկ քար նետող եղաւ:
Դաշնակցութեան ակումբում ընկերները դիմաւորեցին մեզ զուսպ ու մտախոհ: Համեստ ընթրիքից յետոյ, նրանց լեզուները բացուեցին եւ իրար յետեւից առաջ էին բերում մռայլ փաստեր, որոնք ցոյց էին տալիս, թէ ինչքա՜ն թշնամութիւն կար թուրքերի մէջ դէպի հայերը: Այդ փաստերը բարեգուշակ չէին, եւ տխուր տրամադրութեամբ մտանք ընկերների պատրաստած անկողինները ակումբում՝ վաղ առաւօտեան ուղեւորուելու համար:
Յաջորդ օր ամէնքիս դէմքը տրտում էր, բայց առանձնապէս կոտրուած էր երեւում Զարդարեանը: Նա նոյնիսկ չէր յարդարել իր խնամուած պեխերը, որոնք, սարեակի թրջուած թեւերի պէս, կախ էին ընկել: Չէին զուարթացնում նոյնիսկ Տիգրան Խաչիկեանի կատակներն ու սրախօսութիւնները, ոչ էլ Համազասպի բամբ ձայնով պատմուած մանրավէպերը:
Տիգրանն ու Համազասպը մեր խմբի ամենազուարթ անդամներն էին: Առաջինը իր յարաշարժ բնաւորութեամբ, սրամտութիւններով ու սրախօսութիւններով, կատակներով ու վէճերով Համազասպի հետ միշտ արթուն եւ ուրախ էր պահում խումբը: Համազասպը, բացի այդ, նաեւ հնարամիտ «տանտիկին» էր. նա էր հոգում ուտելիքը եւ երբեք անօթի չթողեց մեզ: Նրան աջակցում էին Ակնունին ու Զարդարեանը… տեսական խորհուրդներով:
Պայպուրթի թողած պաղ տպաւորութիւնը, ի վերջոյ, հալեց Ակնունիի տաք լաւատեսութեան ազդեցութեան տակ, մանաւանդ որ Համազասպը Պայպուրթից առատ եւ հաճելի ուտելիքներ ու խմելիքներ էր ապահովել՝ նոյնիսկ Արտաւազդ Հանըմեանի դժուարահաճ ճաշակին գոհացում տալու աստիճան:
Իլիճայում մեզ սպասում էր հաճելի անակնկալ. Ընդառաջ էր եկել Ռոստոմը մի խումբ ընկերներով եւ բարեկամ-բարեկամուհիներով: Հանդիպումը եղաւ ջերմ եւ ուրախ: Երբեք ես Ռոստոմին չէի տեսել այդպիսի լաւ տրամադրութեան մէջ:
Ճաշի ժամանակ ես պատմեցի Սահրանդի եւ Պայպուրթի ընկերների տրամադրութիւնների մասին: Կարծես խօսքերիս ականջ դնող չեղաւ: Ռոստոմը, Ակնունին – ամէնքը բարձր տրամադրութեան մէջ էին: Եւ ինչպէ՜ս չլինէին. ՀՅ Դաշնակցութեան Ընդհանուր ժողովն էր գումարւում Աւետեաց երկրում…
Ամէնքը ուրախ էին, բացի Փիլոսից, որ թիկնած ծառի բունին, կարծես անհաղորդ էր ընդհանուր ժխորին՝ իր մարալի մեծ աչքերը յառած անորոշութեան մէջ: Նա չխկացնում էր ձեռքի համրիչը եւ անվերջ ծխում, առանց մի պատառ ուտելիք դնելու բերանը:
Երբ ճաշից յետոյ Փիլոսի հետ ուղղուեցինք դէպի ջերմուկները, նա բաց արաւ իր սիրտը:
Սահրանդի պէս, Փիլոսն էլ նոր էր ամուսնացել, եւ գրեթէ միեւնոյն պայմաններում, իր մի ազգականուհու՝ Վարսենիկի հետ, մասնագիտութեամբ մանկաբարձուհի, Կովկասից: Բերել էր տուել Կարին նաեւ իր մօրը եւ տաքուկ ընտանեկան յարկ կազմել: Խե՛նթի պէս սիրում էր կնոջ ու դողում նրա վրայ: Ռոստոմի ձեռքի տակ կուսակցական գործերով էր զբաղուած եւ միաժամանակ դաշտի հայ գիւղերի ընդհանուր դպրոցական տեսուչ էր: Նաեւ «Յառաջ» թերթի խմբագրութեան մէջ: Ինձանից գաղտնիք չունէր:
– Երանի՜ քեզ, խօսեց նա տխուր, երբ արդէն բաւական հեռացել էինք բազմութիւնից, երանի՜ քեզ, որ հեռու ես այս դժոխքից:
– Ի՜նչ յիմար բաներ ես խօսում, կտրեցի ես, ի՜նչ դժոխք: Երանի՜ քեզ, որ գտնւում ես երկրում, ժողովրդի մէջ, ուր գործի եւ ոգեւորութեան ասպարէզ կայ…
– Ոգեւորութեա՜ն, ընդմիջեց նա հեգնանքով, գործի ասպարէ՜զ… Արի՛, փոխենք մեր ասպարէզները…
– Սիրով, ես պատրաստ եմ:
– Այո՛, դու պատրաստ ես, բայց ե՞ս…
Խօսքը չվերջացրեց: Փիլոսը գիտէր, որ ես իմ կամքիս հակառակ թողել էի Կարինը՝ Ակնունիի պահանջով եւ Ռոստոմի որոշումով:
(…)
– (…) Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդպէս խօսում, ճիշդ Սահրանդի նման: Նա էլ էր երանի տալիս ինձ…
– Այս շները պիտի ուտեն մեզ, բառացի կրկնեց նա դերձակ Արշակի խօսքը: Դու չես պատկերացնում, ի՞նչ է կատարւում այստեղ, ինչքա՜ն են փոխուել թուրքերը:
– Բայց ինչո՞ւ, չհասկանալ ձեւացրի ես:
– Ինչո՞ւ, Պօղոս փաշային հարցրու: Մերոնք էլ Պոլսում չեն հասկանում՝ ինչեր են անում: Բարենորոգում են խաղում, որից չարանորոգումի հոտ է գալիս… Աստուած մի՛ արասցէ, եթէ պատերազմ լինի, մեզ հում-հում կ՛ուտեն…
Փիլոսի նամակներից էլ գիտէի, որ նա հակառակ էր բարենորոգումների շուրջ յարուցուած աղմուկին եւ Պոլսի ընկերների լաւատեսութեան: Եւ որովհետեւ ոչ մէկ հաւատ չունէր մեծ պետութեանց խոստումներին, համոզուած էր, որ փոխանակ արտաքին միջամտութիւն փնտռելու, պէտք է հնարաւոր զիջումներով հասկացողութեան գետին գտնէին թուրքերի հետ:
– Ի՞նչ է մտածում Ռոստոմը, հարցրի ես:
– Ռոստոմի միտքը ծով է, որ վերջերս թւում է փոթորկուած: Չտեսա՞ր ճակատը աւելի է կնճռոտել : Ի հարկէ, մտահոգուած է: Չափազանցութիւն է համարում Պոլսի ընկերների լաւատեսութիւնը, բայց աշխատում է հաւասարակշռութիւն պահել…