ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում բացուեց գանգուղեղային ծանր վնասուածքներով եւ վերականգնման ընթացքում խնամքի կարիք ունեցող զինուորների համար առաջին մասնագիտացած կենտրոնը` «Զինուորի տուն վերականգնողական կենտրոն»ի եւ Լոս Անջելեսի «Ընտանիքի օգնութեան հիմնադրամ»ի (Family Rescue Fund-FRF) համատեղ ջանքերով:

Կենտրոնում բուժում են ստանալու այն զինուորները, ովքեր գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասուածքից յետոյ այնպիսի կարգավիճակում են, որը թոյլ չի տալիս նրանց երկարատեւ բուժումն այլ բուժհաստատութիւններում, առաւելեւս` տան պայմաններում:
«Գանգուղեղային ծանր վնասուածք ստացած զինուորները շարունակում են պառկած մնալ հիւանդանոցների վերակենդանացման բաժանմունքներով, որտեղ նրանց անհրաժեշտ է շուրջօրեայ խնամք: Խօսքն այն դէպքերի մասին է, երբ ախտորոշւում է կոմային (մահաթմբիրի) կամ վեգետատիւ (բուսական, կիսակենդան) վիճակ, երբ մարդը գիտակցական որեւէ էլեմենտ (տարր) չունի: Նման իրավիճակում հիւանդի մօտ առաջանում են վէրքեր, այլ խնդիրներ, որովհետեւ նման դէպքերի համար Հայաստանում համապատախան բուժօգնութիւն տրամադրող բաժանմունք չկայ. առհասարակ վերակենդանացման բաժնում, նոյնիսկ պետպատուերի դէպքում, հիւանդը կարող է մնալ մինչեւ տասը օր: Մեր նոր բաժանմունքը հնարաւորութիւն կը տայ մասնագիտացուած խնամք իրականացնել, որը կոչւում է նաեւ ամոքիչ (պալիատիւ) բժշկութիւն: Սա նաեւ կը թեթեւացնի այդ զինուորների ընտանիքի հոգսը, քանի որ տանը գրեթէ անհնար է նրանց խնամքի իրականացումը, եւ շատ դէպքերում, խնամքի ընթացքում, ընտանիքի անդամներն էլ սկսում են առողջական խնդիրներ ունենալ», նշում է «Զինուորի տուն վերականգնողական տան» տնօրէն Հայկուհի Մինասեանը:
Ըստ նրա, նոր բաժանմունք կը տեղափոխուեն նաեւ տարբեր հիւանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գտնուող գանգուղեղային ծանր վնասուածքներով վիրաւոր զինուորներ, ում ցուցաբերուած էր վերականգնողական բուժում, սակայն նրանց վիճակը կայուն չէր «Զինուորի տուն» տեղափոխելու համար: «Մեր բուժանձնակազմը` ֆիզիոթերապեւտները (բնաբուժները), լոգոպետները (թերախօսութեան մասնագէտները) ամէն անգամ յատուկ սարքաւորումներով այցելում են այս տղաներին, եւ տեղում իրականացնում վերականգնողական աշխատանքներ: Ունենք բազմաթիւ դէպքեր, երբ հիւադանոցներում ասում էին, որ յոյս չկայ, որ կը վերականգնուեն, քանի որ մէկ տարի է ժամկէտը, երբ գիտակցութիւնը վերականգնւում է: Սակայն մեր բուժանձնակազմի ջանքերով, հինգ զինհաշմանդամ վերականգուել է` սկսել են քայլել, խօսել: Մի դէպքում էլ, չորս տարուայ յամառ աշխատանքից յետոյ յաջողուեց ոտքի հանել մեր զինծառայողին», պատմում է Մինասեանը:


Կենտրոնի ստեղծումը իրականութիւն է դարձել Լոս Անջելեսում գործող «Ընտանիքի օգնութեան հիմնադրամ»ի տրամադրած միջոցներով: «Մենք բազմաթիւ ծրագրեր ենք իրականացրել «Զինուորի տան» հետ միասին: Անցեալ տարի ամրանը, Հայաստան իմ այցի ժամանակ, «Զինուորի տան» տնօրէն Հայկուհի Մինասեանն ինձ տեղեկացրեց այս նախագծի մասին: Հայրենիքի անվտանգութիւնն իրենց կեանքով ապահովող մեր զինուորներն արժանի են լաւագոյն բուժօգնութեան, եւ հաշուի առնելով նախաձեռնութեան անհրաժեշտութիւնը` ես անմիջապէս առաջարկեցի մեր աջակցութիւնը: Այսօր, մեր զրոյցից մի քանի ամիս անց, տեղի է ունենում կենտրոնի բացումը, ինչի համար շնորհակալ ենք բոլոր նրանք, ովքեր ջանք ներդրեցին կառուցման համար, եւ Միացեալ Նահանգներում մեր բարերարներին, ընկերներին, ովքեր կանգնեցին մեր կողքին իրենց նուիրատուութիւններով», կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ նշեց «Ընտանիքի օգնութեան հիմնադրամ»ի նախագահ Նազ Աթիկեան-Բաշկիջեանը:
«»Զինուորի տուն»ը մի կոթող է, որը խորհրդանշում է մեր ազգի արժանապատուութիւնը, մեր վերաբերմունքը մեր զինուորներին: «Զինուորի տուն»ը նաեւ հայ ազգի համախմբուած գործելու լաւագոյն օրինակ է, որ կարողացաւ մեզ յոյս ու հաւատ ներշնչել», յայտենց Երեւանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմէն Մուրադեանը:
Բուժկենտրոնի բացումը նշանաւորեց «Զինուորի տան» ստեղծման չորս ամեակը, որտեղ առ այսօր վերականգնողական բուժում է ստացել վեց հազար զինուոր: Միաժամանակ, հայրենիքի պաշտպանների համար իրականացուել են կրթական մշակութային, ընկերային բազմաթիւ ծրագրեր` հիմնականում բարերարների շնորհիւ: