Փետրուար 4ին, ԹՈՒՄՕն եւ գերմանական KfW զարգացման դրամատունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` «ԹՈՒՄՕ Բեռլին»ի յաջողուած փորձառութեան հիմքով, կը հիմնադրուի ԹՈՒՄՕ կենտրոնների եւ տուփերի ցանց:
«ԹՈՒՄՕ Երեւան»ում կայացած ստորագրման արարողութեան ընթացքում, KfW-ի թուային ուղղութեան ղեկավար Մայքըլ Շտրաուսը նշեց. ««ԹՈՒՄՕ Բեռլին»ի բացումը առաջին եւ նշանաւոր քայլն էր, որը հիասքանչ հնարաւորութիւններ նուիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրուած պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարաւորութիւն կը տայ տարածել Բեռլինի արդիւնաւէտ փորձը ամբողջ Գերմանիայով»:
Ստորագրման արարողութեանը ներկայ էին Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութեանց կենտրոնի ղեկավարութիւնը եւ KfW զարգացման դրամատան ներկայացուցիչներ:
ԹՈՒՄՕի զարգացման գծով տնօրէն Բեկոր Փափազեանը նշեց․ «KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է ԹՈՒՄՕի` որպէս ազգային նախաձեռնութիւն տարածուելու գաղափարը: Այն ունի մի շարք դրական կողմեր` ներառեալ աւելի բարձր արդիւնաւէտութիւնը, ցածր ինքնարժէքը, եւ, ամենակարեւորը, գալիք սերնդի նորարարների է՛լ աւելի մեծ թուի համար հասանելի լինելը երկրով մէկ»:
Բեռլինում ներկայումս գործող ԹՈՒՄՕ կենտրոնի բացման պատմութիւնը սկսուել է 2018ին, երբ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն այցելեց ԹՈՒՄՕի գլխամասը Երեւանում: «ԹՈՒՄՕ Բեռլին»ի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 2020ի Յունուարին` մեկնարկ տալով ԹՈՒՄՕի եւ KfW-ի համագործակցութեանը:
Գերմանիայի գալիք կենտրոնները կը հետեւեն «ԹՈՒՄՕ Բեռլին»ի փորձառութեանը` 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթութիւն 10 ոլորտներում, որոնք են՝ ծրագրաւորումը, երաժշտութիւնը, մարդամեքենաների շինութիւնը, շարժանկարչութիւն, 3D՝ եռածաւալ ձեւաւորում, ֆիլմերի ստեղծումը, լուսանկարչութիւնը, խաղերի մշակումը, «գրաֆիկական» ձեւաւորում ու նկարչութիւնը:
ԹՈՒՄՕի` Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում եւ Լիբանանում գործող միջազգային ցանցը յաջորդիւ կը համալրուի կենտրոններով Միացեալ Նահանգներում եւ Պորտուգալիայում:
(Հաղորդագրութիւնը՝ ԹՈՒՄՕէն)