ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Կալիֆորնիայի Հայ-Ամերիկեան թանգարանի ու մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները թեւակոխում են նոր փուլ, ինչի մասին յայտարարուեց Փետրուարի 17ին՝ Գլենդելի կենտրոնում գտնուող շինհրապարակում:
«Ականատես ենք լինում շինարարական աշխատանքների բուռն ընթացքին, եւ այսօր, աւանդոյթի համաձայն, հիմքում տեղադրում ենք մետաղէ՝ այպէս կոչուած «ժամանակի պատեան»ը, որի ներսում նախաձեռնող յանձնախմբի առաջին ժողովի արձանագրութիւնն է», հիմքի կրաձոյլապատման աշխատանքների մեկնարկի պաշտօնական արարողութեան ժամանակ յայտարարեց թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետեանը: Նա յիշեց, որ 2014ին էր, որ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յանձնաժողովը Գլենդելի քաղաքապետարանից ստացաւ թանգարանը կառուցելու համաձայնութիւնը, որը հայ մշակոյթը ներկայացնելու հետ մէկտեղ, նաեւ ներկայացնելու է այլ մշակոյթներ եւ ցուցադրելու է, թէ ինչպէս կարող է բազմամշակոյթ համայնքը ներդաշնակ ապրել ու զարգանալ:
Շինութիւնն օրհնեցին ձեռնարկին ներկայ համայնքի հոգեւոր ներկայացուցիչները: Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը պատմեց, որ թանգարանը կառուցելու որոշումը կայացուել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի տարելիցի օրերին: «20րդ դարի առաջին ցեղասպանութեան հարիւր տարուան ընդառաջ, տարբեր նախագծերի մասին էինք մտածում, սակայն սա ընդունուեց որպէս ամենակարեւոր նախագիծ՝ ի յարգանս Հայոց Ցեղասպանութեան նահատակուած սրբերի, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին հաւատի եւ մեր նախնիների հայրենիքի համար»:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տօնոյեանն էլ ընդգծեց, որ ամերիկահայ համայնքի հպարտութիւնը հանդիսացող թանգարանը յարգանքի տուրք է մեր անցեալին, ներկային ու ապագային:
Գլենդելի քաղաքապետ Փօլա Դիւայնը խոստովանեց, որ քաղաքի համար մեծ պատիւ է համարում նման կարգի թանգարանի առկայութիւնը, աւելացնելով. «Հայ-Ամերիկեան թանգարանն ամենահրաշալի նախագիծն է, որտեղ երբեւէ ընդգրկուած եմ եղել քաղաքապետարանում իմ աշխատանքի տարիներին: Այն հիանալի հնարաւորութիւն կը ստեղծի ծանօթանալու հայ մշակոյթին»:
Կալիֆորնիայի խորհրդարանն առաջիններից էր, որ թանգարանի կառուցման համար տրամադրեց մէկ միլիոն դոլար՝ խորհրդարանական Ադրին Նազարեանի ջանքերով: «Չափազանց հպարտ եմ իմ ազգային ժառանգութեամբ եւ այս առիթով, որ ներկայ եմ այս կարեւոր ու աննախադէպ նախագծի մեկնարկին, որ կը շարունակի համախմբել Կալիֆորնիայի բազմամշակոյթ նահանգը՝ մէկ կենտրոնում», նշեց Նազարեանը:


Նախատեսւում է, որ Հայ-Ամերիկեան թանգարանը լինելու է համաշխարհային մակարդակի կրթական եւ մշակութային հաստատութիւն: Այն ներկայում կառուցւում է Գլենդելի կենտրոնական զբօսայգում, հանրային գրադարանի հարեւանութեամբ եւ նախատեսւում է, որ պատրաստ կը լինի 2024ին: Թանգարանն առաջարկելու է հանրային տարաբնոյթ ծառայութիւններ՝ մշտական եւ ժամանակաւոր ցուցադրութիւններ, ուսումնական կենտրոն, արխիւների կենտրոն եւ այլ: Կալիֆորնիայի Հայ-Ամերիկեան թանգարանի եւ մշակութային կենտրոնի առաքելութիւններից՝ է խթանել Ամերիկայի ցեղային եւ մշակութային բազմազանութեան ըմբռնումն ու արժեւորումը՝ կիսելով ամերիկահայերի փորձը: