ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ուքրանիոյ մօտ Հայաստանի դեսպանատուն յայտարարութիւն հրապարակեց՝ նշելով, որ մնայուն կապի մէջ է Հայաստանի քաղաքացիներուն հետ:
Ուքրանիոյ մէջ հայութեան մասին խօսեցաւ նաեւ ուքրանահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Յակոբեան, որ կը բնակի Քիեւի մէջ:
Ըստ անոր՝ Ուքրանիոյ հայ համայնքը նախապատրաստուած է անհրաժեշտութեան պարագային սահմանային թէժ հատուածներէն հայերը դուրս բերելու:

«Խօսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը ծրագիր է մշակել ռազմական գօտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն յայտնել: Ունենք նախօրօք յստակեցուած երթուղիները, փոխադրամիջոց, որ անհրաժեշտութեան դէպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել», դիտել տուաւ Յակոբեան:
Ան նշեց, որ Տոնեցքի մէջ ապրող հայերուն թիւը կը հասնի 50 հազարի: Անիկա իր մեծութեամբ Քիեւին, Օտեսային, Խարքովին հաւասար համայնք է, դիտել տուաւ Յակոբեան՝ հաստատելով, որ տարբեր հարցերով կապի մէջ են նաեւ դեսպանատան հետ:
«Ինչպէս գիտէք ռազմական դրութիւն է յայտարարուած երկրում. քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցուածքները գործում են, հասարակական փոխադրամիջոցները աշխատում են: Կիեւում, պարզապէս, բաւականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնուել», յայտնեց Յակոբեան: