
Creative Armenia-ն ուրախ է ներկայացնելու 29 ստեղծարար նախագիծ, որոնք կը մասնակցեն Artbox ստեղծարար ծրագրին, որը համապարփակ աջակցութիւն է տրամադրում յաջողութեան ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին: Նախաձեռնութիւնը իրականցւում է Եւրամիութեան գործարարական նախաձեռնութեան «Նորարարական զբօսաշրջութեան եւ արհեստագիտութիւնների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցութեամբ:
12 շաբաթուայ ընթացքում ընտրուած խումբերը, որոնք ներկայացնում են ժամանակակից նախագծեր՝ թատրոնի, երաժշտութեան, մշակութային զբօսաշրջութեան, ձեւաւորումի եւ այլ ոլորտներում, սերտօրէն կ՛աշխատեն ակնառու մասնագէտների եւ յայտնի մշակութային գործիչների հետ` զարգացնելու համապարփակ փաթեթ իրենց նախագծերի շուրջ: Այնուհետեւ իրենք կը հրաւիրուեն իրենց նախագծերը ներկայացնելու ներդրողներին, դրամաշնորհ տրամադրողներին եւ հովանաւորներին:
«Մենք հիացած ենք Artbox-ի մասնակիցների առաջին ալիքի խորութեամբ եւ շրջանակով։ Մենք անհամբեր սպասում ենք աջակցելու արուեստի աշխարհում աննախադէպ այս ծրագրի միջոցով», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննէսեանը:
«Մեր նախագիծն խթանում է նորարարութեան եւ ստեղծարարութեան մշակոյթը Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտում եւ մենք ուրախ ենք աջակցել Artbox-ի օգնութեամբ ընտրուած ստեղծարար նախագծերին, կեանքի կոչելու իրենց արուեստի նախագծերն ու ստեղծագործ գաղափարները», ասաց Վիլհելմ Հիւգոն, «Նորարարական զբօսաշրջութեան եւ արհեստագիտութիւնների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավարը:



Ստորեւ 29 նախագծերը եւ դրանց ղեկավարները.
– Ալլա Սահակեան` Միշէլ Լեգրանի նուիրուած երաժշտական ներկայացում:
– Անուշ Թադեւոսեան` Թումանեան միջազգային հեքիաթասացների փառատօն
– Աստղիկ Յարութիւնեան` «Խորհրդային շրջանի ուրուականներ» արշաւական եւ մշակութային շրջագայութիւններ
– Գէորգ Գրիգորեան` «Արտ թենթ» շրջագայող վրան-թանգարան
– Յասմիկ Ջինանեան` «Օրրան մշակութային գիւղ» մշակութային կենտրոն Վանաձորում
– Հայկ Կարոյի` «Նուագարան» հայկական երաժշտական հարթակ
– Ինգա Յարութիւնեան` «Հայ Մշակոյթ» համակարգչային խաղ
– Կարէն Յակոբեան` Միջազգային «Տատու արտ» փառատօն
– Քրիստաֆոր Մանարեան` «Յուսիկը ընդդէմ Վիրուսիկի» մանկական երաժշտական ֆիլմ
– Քրիստինա Արութիւնովա` «Լուսանկարչութեան առցանց հարթակ»
– Լուսինէ Կագրամանեան` «Սիւռռադիօ» հայկական առցանց ձայնասփիւռի կայան
– Լուսինէ Մխոյեան` «Լուսատու Լաբ» ներքին ձեւաւորման աշխատարան
– Մերի Գրիգորեան` Ջիմ Մուրադիկի անուան արուեստի պատկերասրահ
– Մարիամ Էմէկսիզեան` MXZN MXZN հագուստի նախագծով` ոգեշնչուած Նարկիսօսի առասպելից
– Մերի Իսրաելեան` «Amy ցուցասրահ /աշխատարան»` Գիւմրիում:
– Մերի Ամիրխանեան` «VisualGap-Քարաշամբ» տպագրական արհեստանոց` Քարաշամբում
– Մխիթար Դանէլեան` «Թատրոն տանիքում» նախագծի նոր թատերաշրջան
-Նարեկ Խաչատրեան` «Ironbag» արեւային ուժանիւթից սնուցուող շարժական համակարգիչների պայուսակ
– Նարեկ Մարգարեան` «An Alien’s Guide to Armenia» երգիծական ուղեցոյց
– Նինա Ռասիւկ` «Հայկական 3D վիրտուալ ինֆլուենսեր»
– Սամուէլ Սաղաթելեան` «Արուեստի Մեքենա» արուեստի վաճառքի մեքենայ
– Սեւանա Չակերեան` «Ջինջ» փորձարարական ներկայացում՝ Լոռուայ մարզ
– Սլաւիկ Մուրադեան` «Հայ վիրտուալ երգչուհի»
– Սոնիա Աւագեան` «Վիշապների խաղը» բարձր նորաձեւութեան հաւաքածոյ
– Սուսաննա Խաչատրեան՝ ԶԱԿՈ լիամետրաժ շարժանկար
– Տարօն Գրիքորեան` «SPCTR Լոյսեր»՝ ժամանակակից արուեստից ոգեշնչուած լուսամփոփներ
– Տիրայր Մխիթարեան «Տիրայր կիթառ արկղ», Վանաձորում կիթառի պատրաստման մասնագիտացուած արհեստանոց
– Վան Սարգսեան «The Bridge», հայկական առաջին NFT հարթակ:
– Եւա Գասպարեան` «Թերմոքաղաք» Գիւմրիում ցուցահանդէս:
Artbox-ը, ոգեշնչուած գործարարական եւ արհեստագիտութիւնների նորարարութիւններից, այն վայրն է, ուր վերակերտւում է արուեստը: Ամէն շաբաթ, 29 խումբերին կը միանան ոլորտի յայտնի գործիչներ, բանախօսներ, խորհրդատուներ, որոնք կը կենտրոնանան իրենց ստեղծարար ծրագրի մի մասի վրայ` շուկայի վերլուծութիւնից, առուծախից մինչեւ նիւթականի ապահովում եւ իրաւական օրէնսդրութիւն: Ծրագրի աւարտից յետոյ, մասնակիցներին բացառիկ հնարաւորութիւն կը տրուի ներկայացնելու իրենց նախագծերը բարձրակարգ մշակութային ներդրողներին, դրամաշնորհ տրամադրող կազմակերպութիւններին, աջակիցներին եւ այլն: Աւելին իմանալու համար այցելէք մեր կայք` www.artboxarmenia.com/hy:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է ողջ հայութեան համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների:
«Նորարարական զբօսաշրջութեան եւ արհեստագիտութիւնների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսաւորւում է Եւրոպական Միութեան եւ Գերմանիայի դաշնային հանրապետութեան տնտեսական համագործակցութեան եւ զարգացման նախարարութեան կողմից:
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armenia-էն)