Ճակատագիր
Լոյսը նոր էր բացուել, որ եկաւ Կարնից մեզ ուղեկցող չաւուշը:

– «Պույուրուն» (հրամեցէք):
Դրան առջեւ մեզ սպասում էին միեւնոյն «եայլի»ն (զսպանակներով կառք) ու միեւնոյն ձիաւոր ոստիկանները՝ հրացանները ձեռքերին, պատրաստ: Ու կառքը սուրաց առաջուայ հանդիսաւորութեամբ եւ ճանապարհի միեւնոյն տեսարաններով:
Քէօփրի Քէօյում մի պահ առիթ ունեցանք հանդիպելու տեղական հայերի, որոնք աղիողորմ պատմութիւններ արին իրենց սարսափելի վիճակի մասին: Հայերից ոմանք արդէն վախից հեռացել էին Կարին. ուրիշներ պատրաստւում էին գաղթելու: Ապահովութիւնը վերացած էր, եւ ամէն օր ջարդ էր սպասւում «չեթա»ների (ապօրինի զինեալ) ձեռքից:
Խորասան գիւղում էր, եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, որ գիշերելու համար մեզ տեղաւորեցին թուրք գիւղապետի տանը, վերի յարկի մի լայն սենեակում: Գիւղապետը՝ մեծ սպիտակ մօրուքով մի բարի ծերունի՝ մեզ լաւ հիւրասիրեց եւ ընթրիքից յետոյ, բարի գիշեր մաղթելով՝ իջաւ վար: Հանգիստ տարածուեցինք թախտերի վրայ ու դեռ չէինք քնել, երբ դրսից աղմուկ եւ իրարանցում լսեցինք: Անասելի գոռում-գոչում ու հայհոյանք: Քիչ անցած՝ նաեւ հրացանաձգութիւն:
Ես ոչի՛նչ չէի հասկանում: Հարցումներս պրն. Ապուլեանին մնում էին անպատասխան: Խեղճ մարդը, տենդով բռնուածի պէս, դողում էր, ատամները ատամներին էին զարնւում, ու չէր կարողանում խօսել: Դէմքը չէի տեսնում, բայց երեւակայում էի վիճակը:
Պարզ էր, որ վարը արտասովոր մի բան էր տեղի ունենում: Մի ժամից աւելի տեւեց աղմուկը, մինչեւ որ ձայները կտրուեցին: Ի՞նչ էր պատահել: Ինչի՞ համար էր հրացանաձգութիւնը…
Յաջորդ առաւօտ, երբ արդէն կառքում էինք, պրն. Ապուլեանը բացեց բերանը.
– Ի՜նչ լաւ է, որ այդ նզովեալների լեզուն չէք հասկանում: Դրսից չեթաները մեզ էին պահանջում, որ սպանեն: Ասում էին չաւուշին. «Միեւնոյնն է, դուք պիտի սպանէք, թոյլ տուէք, որ մենք տեսնենք այդ «կեաւուր»ների (անհաւատ) հաշիւը»: Մեզ համար էր կռիւը…
Եւ չաւուշն էլ հաստատեց, թէ չեթաները պահանջել էին, որ մեզ իրենց յանձնէին, բայց ինքը ընդդիմացել էր եւ յաջողել մեզ փրկելու: Ինքը հրաման ունէր մեզ մինչեւ սահման ապահով հասցնելու եւ պիտի կատարէր հրամանը: Պէտք չէ վախենայինք, ինքը պիտի պաշտպանէր մեզ: Մեր մազին դիպչող չէր լինի:
***
Վերջապէս հասանք ե՛ւ սահմանը – թրքական Քէօթակ աւանը, որից անդին ռուսական հողն էր:
Մեզ առաջնորդեցին ուղիղ «միւտիր»ի (տնօրէնի) մօտ – մի գունդ ու կլոր թուրք պաշտօնեայ, ֆէսը գլխին, ծուռ, համրիչը ձեռքին՝ ծուլօրէն նստած գրասենեակում: Չաւուշի տուած թուղթը կարդալուց յետոյ, գլխով նշան արաւ, եւ մեզ դուրս հանեցին ու տարին «ժանտարմ»ների (ոստիկան) «ղովուշ»ը (մեծ սենեակը) – փայտաշէն մի երկար ախոռ, որտեղ, տախտակէ թախտերի վրայ, պառկած կամ նստած էին 15-20 ժանտարմներ: Ոմանք հրացան էին մաքրում, ուրիշներ թուղթ խաղում, կամ աննպատակ իրենց շուրջն էին դիտում: Պատերին կախուած էին հրացաններ, ձիու սանձեր, գլխարկներ, վերարկուներ: Տեսարանը ոչինչ ունէր հրապուրիչ:
Լուռ նստեցինք մի անկիւնում, խարխուլ թախտի վրայ: Մեզանով հետաքրքրուող իսկ չեղաւ. կարծես՝ ղովուշի ամէնօրեայ բնակիչները լինէինք: Մի պահ երեւաց չաւուշը եւ յայտնեց, թէ մինչեւ երեկոյ այստեղ պիտի մնայինք, ապա՝ պիտի անցկացնէին մեզ ռուսական կողմը:
Չաւուշի լուրը կասկած ձգեց մեր սրտերում: Ինչո՞ւ մինչեւ երեկոյ մնալ: Եթէ մեզ Ռուսաստան պիտի ուղարկէին, ինչո՞ւ անմիջապէս սահմանը չանցնէինք:
Ու գլուխ-գլխի խորհրդակցելուց յետոյ, որոշեցինք դիմել միւտիրին: Ղովուշի դուռը բաց էր, պահակ չկար. դուրս եկանք եւ գնացինք միւտիրի մօտ: Պրն. Ապուլեանը խնդրեց, որ թոյլ տրուի մեզ անմիջապէս անցնիլ սահմանը:
Միւտիրը, կարեկից արտայայտութեամբ, բայց անյողդողդ վճռականութեամբ մերժեց: Ինչե՜ր էք ասում, Ապուլեան էֆենտի, ձեզի պէս պատուական մարդկանց ինչպէ՜ս կարող ենք այդ ռուս գազաններին յանձնել: Կը մնաք մինչեւ որ մթնի, գիշերը սահմանը կ՛անցնէք եւ ապահով կ՛երթաք ձեր տեղը…
Մարդը մեր ապահովութեան մասին էր մտածում – չլինի՞ թէ ռուս կառավարութեան ձեռքը անցնէինք եւ, իբրեւ քաղաքական յանցաւորներ, բանտարկուէինք: Թուրք պաշտօնեան թոյլ կու տա՞ր այդպիսի անազնիւ վերաբերմունք: Չէ՛, անկարելի էր: Անհոգ եղէք: Գիշե՛րը կ’անցընէք
Ո՛չ մէկ խնդրանք ու յորդոր չօգնեց: Գլխիկոր վերադարձանք մեր տեղը: