ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ
Նայէք այս նկարին որը արտատպած եմ այս շաբաթ իմ ստացած SCIENCE NEWS թերթից (February 26, 2022 page 22): Նկարի տակ գրուած է հետեւեալը.
«The existence of lethal autonomous weapons, like these STM Kargu drones made in Turkey, has caused experts to call for a ban on devices that can launch attacks with no human intervention»։
Ահաւասիկ, մեր թշնամին ինչով է զբաղուած, իսկ մենք ինչո՞վ, «Յիսուսի արձանը կանգնեցնելով», փոխարէն մեր «օլիգարխ» մեծահարուստը յատկացնի իր փողերը զէնքի գործարաններ ու նման սարքեր արտադրելու:
Լաւ, Յիսուսի արձանը ունի իր տեղն ու ԺԱՄԱՆԱԿԸ, ոչ թէ հիմա, որ մեր հայրենիքը լուրջ, օրհասական, ԼԻՆԵԼՈՒ/ՉԼԻՆԵԼՈՒ շեմին է կանգնած:
Մենք պէտք է լուրջ ըմբռնենք մեր թշնամու (թուրք եւ ազերի) ուզածր, որ նա փափաքում է Հայաստանի ոչնչացումը եւ ըստ այնմ աշխատենք: Այո, պիտի ամէն տեսակ ուժով ու խելքով դիմադրենք: Ճիշդ է, նմանելու է Դաւիթ-Գոլիաթին կամ մեզ հարազատ Սասունցի Դաւիթին, ի դէմ Մսրա Մելիքին, բայց տեսէք, թէ վերջում ով յաղթեց: Ուրիշ ելք չունենք:
30 տարի մեր թշնամին մեր աչքի առջեւ զինւում էր ու յայտարարում էր, իսկ մենք անլուրջի առինք նրա ասածները, յոյսներս դրինք ապիկար ՀԱՊԿի ու միջնորդ գործակալների վրայ, փոխարէն նման զէնքերով զինուէինք:
Չէ, ուզում եմ հաւատալ, աւելի շուտ համոզուած եմ, որ մենք այդ աստիճանի չենք ԱՊՈՒՇԱՑԱԾ: Ափսոս, որ վերջին 20-30 տարիներին փոխարէն եկեղեցիներ կառուցէինք, զէնքի գործարաններ սարքէինք, այսպիսի խայտառակ պարտութիւն չէինք ունենայ:
Լաւ տեսէք, որ ինչպէս է արձագանգում ամբողջ աշխարհը պայքարող Ուկրայինային: Ոչ ոք մուրացող ժողովուրդին չի յարգում ու չի սիրում:
Անգամ տեսանք, թէ ինչպէս մեր իբր թէ դաշնակից ռուսը վարուեց մեզ հետ:
Այո, այս նոյն Զելենսկին, որ հիմա լացելով օգնութիւն է աղերսում Ամերիկայից, 44օրւայ պատերազմից յետոյ առաջիններից էր, ով շնորհաւորեց Ալիեւին, իր յաղթանակի առիթով: Անգամ նա Ադրբեջանին տրամադրեց նման մահացու «Բայրակտար»ներ: Բազմաթիւ երկրներ հարստանում են զէնքի վաճառքով:
Գարեգին Նժդեհն ասել է․ «Այն ազգը, որ մեռնել չի ուզում, չի մեռնի…»:
Հաւաքենք մեր դիմացկուն ԳԵՆԵՐԻ ուժը, վռնտենք մեր մէջից հայանուն թուրքին, շտկենք մեր մէջքը, հաւատանք ու վստահենք ՄԻԱՅՆ ՄԵԶ, որ փրկենք մեր Աւետեաց Հայաստան Աշխարհը:
Հաւատացէք, որ մեզ յարգող ու լսող կլինի, աւելի ճիշտ ԿԸ ՍՏԻՊԵՆՔ, ՈՐ ՄԵԶ ԼՍԵՆ ՈՒ ՅԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՑՆԵՆ…
Մարտ 19, 2022