ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Հայ ժողովրդի վերջին երկու-երեք սերունդը գիտի, թէ ինչ ասել է հայ ժողովրդի Ցեղասպանութիւն եւ կամ Հայոց Մեծ Եղեռն: Գիտի նաեւ, որ աշխարհի բազմաթիւ երկրներ, վերջինը՝ մէկ տարի առաջ Միացեալ Նահանգները, ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս 20րդ դարի, թրքական կառավարութեան կողմից նախապէս նպատակային ու չարամիտ ծրագրաւորմամբ իրագործուած մեծագոյն ոճրագործութիւն:
Ներկայ սերնդին, կամ էլ այդ օրը Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երեւանից բացակայ եղող որեւէ հայի եթէ ասես, բացատրես, թէ ինչ ասել է 1965 թուականի Ապրիլի 24՝ միեւնոյնն է չի հասկանայ: Չի հասկանայ, որովհետեւ չի ապրել այն ամէնով, ինչ մենք ապրել ու մասնակից ենք եղել համաժողովրդական զանգուածային այն հսկայ ցոյցին, որի շնորհիւ մի նոր դարաշրջան բացուեց հայ ժողովրդի պահանջատիրութիւնը գործի վերածելու ուղղութեան մէջ:
Դա Մեծ Եղեռնի յիշատակման առաջին համաժողովրդական սգատօնն էր, Ցեղասպանութեան ճանաչման համազգային պայքարի առաջին ճիչը խորհրդային երկրի ողջ պատմութեան ընթացքում:
Համաժողովրդական այդ ցոյցին մասնակցել է կէս միլիոն մարդ: Մէկ ամբողջ օր Լենինի անունը կրող հրապարակում (այսօր Հանրապետութեան հրապարակ) հնչում էին կոչեր, բողոքի արտայայտութիւններ՝ ուղղուած խորհրդային երկրի իշխանութիւններին՝ ճանաչելու Թուրքիայի կողմից 1915ի Ապրիլի 24ին իրականացուած հայերի Ցեղասպանութեան փաստը եւ ըստ այնմ էլ մայրաքաղաք Երեւանում կանգնեցնել 1915-23 թուականներին թուրքերի կողմից անգթաբար զոհուած երկու միլիոն հայերի յիշատակը յաւերժացնող յուշակոթող:
Հազարաւոր ցուցարարներ, կարմիր դրօշներ պարզած, «Մեր հողերը, մեր հողերը» վանկարկումով պահանջում էին վերադարձնել Թուրքիայի տարածքում գտնուող, հայերին պատկանող ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը:

Ցեղասպանութեան (Genocide) համաշխարհային ճանաչման համար մղուող պայքարը աւելի քան յիսունհինգ տարիներ յետոյ էլ պահպանել է իր այժմէականութիւնը: Հայաստանի եւ Սփիւռքի ողջ հայութեան անդուլ պայքարի շնորհիւ մեզ յաջողուեց ձեռք բերել Ազատ, Անկախ Ղարաբաղի հանրապետութիւն եւ Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող անգերազանցելի մի յուշակոթող Երեւանի Ծիծեռնակաբերդ կոչուող բլրի վրայ:
Իրականում, մեր ազգի Ցեղասպանութիւնը սկսուել է աւելի վաղ, տեղային, բնակավայրի տեսքով, որոնց թւում են՝ Սասունի հերոսամարտը (1894), Զէյթունի ապստամբութիւնը (1895), եւ, անշուշտ՝1909ի Ադանայի կոտորածները, որոնց զոհ գնա ցին 300 հազար հայորդիներ, նոյնքան եւ աւելի՝ թուրքական բանակում, թշնամու դէմ կռուող հայ զինուորներ:
Ուրեմն, այս կարգի ոճրագործութիւնը պիտի անուանել կոտորած, ջարդ, կամ՝ եղեռն, բայց ոչ Մեծ Եղեռն կամ էլ՝ Ցեղասպանութիւն, որը գալու էր յետոյ՝ 1915ին:
Ցեղասպանութեան արդիւնքում հայերը զրկուեցին իրենց հայրենի հողից ու ցիրուցան եղան աշխարհի տարբեր հորիզոնականներում՝ առաջ բերելով ՍՓԻՒՌՔ (Արտերկիր) եզրը հայերէն լեզուի մէջ: Այդ առթիւ վանեցի Չարենցը պիտի գրեր՝
ՀԱՅԸ…
Որ վաղո~ւց իր հողից հեոու՝
Եւ դարեր առաջ, եւ հիմա՜
Քշուել է տաշեղի նման
Աշխարհի բոլոր բացերում:
Ամէն տարի, ապրիլեան այս օրերին միշտ մտածել եմ, թէ ո՞վ է եղել այն առաջին անհատը, եզակին, որի մտապատկերում է ծագել համազգային վշտի, ցաւի օր հիմնել իւրաքանչիւր տարի նշելու համար Հայոց Մեծ Եղեռնը: Ժրաջան փնտռտուքների արդիւնքում ինձ յաջողուեց յայտնաբերել արձակագիր Արամ Յովհաննիսեանի «Սգոյ Իրաւունքի Կնճռոտ Ընթացքը»՝ աւելի քան ծաւալուն յօդուածը՝ տպագրուած Հայաստանի «Առաւօտ» թերթի 2013ի Ապրիլ 23ի համարում:
Պարզուում է, որ 1920ի Մարտի 25ին, մահուանից մէկ ամիս առաջ, մեծանուն գրող, հասարակական գործիչ Վրթանէս Փափազեանն է երկնել իրեն անմահացնող մի գաղափար, որն անմիջականօրէն կապ ունի հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութեան, Ցեղասպանութեան պատմութեան սկզբնաւոր ման ու շարունակական ընթացքի հետ: Այդ օրը Վաղարշապատի (Էջմիածին) միջնակարգ դպրոցի տեսուչ Վրթանէս Փափազեանը միեւնոյն բովանդակութեամբ երեք նամակ է գրում: Առաջինն ուղարկում է վեհափառ հայրապետին, երկրորդը՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանին, իսկ երրորդը՝ կրթութեան եւ արուեստի նախարարին՝ վերջիններիս յիշեցնելով Երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործած հրէշաւոր ոճրագործութիւնների, ի մասնաւորի 1915ի մէկ ու կէս միլիոն հայերի կոտորածի մասին: Փափազեանի յուշագիրը անհետեւանք չի մնում: Խորհրդարանը համապատասխան օրինագծով որոշում է Ապրիլի 24ը համարել որպէս համազգային սգի ոչ աշխատանքային օր: Խորհրդարանի որոշումն անմիջապէս թեւեր է առնում:
1920ի Ապրիլի 24ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում կանգ է առնում առօրեայ կեանքը: Փակուում են բոլոր գործատեղիները, ուսումնական հաստատութիւնները, առեւտրական ընկերութիւններն ու խանութները: Կազմակերպուում են բիւրաւոր զոհերին նուիրուած սգոյ հանդէսներ, հնչում են Հանրապետութեան բոլոր եկեղեցիների զանգերը: Եկեղեցիներում Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստեան պատարագ են մատուցուում:

Նոյն թուականի Նոյեմբերի 29ին ռուսական բոլշեւիզմը վերջ է տալիս Հայաստանի անկախութեանը: Ահա թէ ինչ է գրում արձակագիր Արամ Յովհաննիսեանը այդ կապակցութեամբ.
«Երկրի խորհրդայնացումից յետոյ բոլշեւիկները լռութեան պատ կառուցեցին թեմայի (Եղեռնի մասին է խօսքը) վրայ. Արգելուում էր ոչ միայն կոտորածների մասին գրել, յիշատակելը, այլեւ «բարեկամ» Թուրքիային խեթ նայելը, նրա հասցէին թթու խօսք ասելը: Հայոց հոգեւոր դասը, չնայած բռնութեանն ու արգելքներին, ամէն Ապրիլի 24ին Մայր տաճարում ու դեռեւս չգոցուած եկեղեցիներում ի յիշատակ զոհերի, պատարագ էր մատուցուում»:
Սովետական Հայաստանի առաջին մի քանի տարին, նոր հասարակարգ ստեղծելու դժուարին գործին մոլեռանդօրէն լծուած իշխանութիւնները առժամաբար աչքաթող էին արել Էջմիածնի Մայր տաճարում եւ մնացեալ եկեղեցիներում իւրաքանչիւր տարուայ Ապրիլի 24ին իրականացուող Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստեան պատարագի անցկացման փաստը:
Սակայն պիտի գար ժամանակը, որպէսզի Հայաստանի համայնավար կառավարութիւնը վերջնականապէս արգելէր թէ՛ Ցեղասպանութեան յիշատակումը եւ թէ եկեղեցիներում հոգեհանգստեան պատարագ մատուցելը: Նման դաժան, անմարդկային որոշման առնչութեամբ ահա թէ ինչ է գրում Արամ Յովհաննիսեանը. «Գրող, հրապարակախօս Վարդգէս Պետրոսեանի պատկերաւոր բնութագրմամբ՝ մեզ զրկեցին անգամ «տխրելու իրաւունքից»:
Վերից եկած հրամանով, 1930ականներից սկսեալ, ողջ խորհրդային հանրապետութիւններում բռնաճնշումների հետ միասին սկսեցին քանդել ճարտարապետական առումով մեծարժէք եկեղեցիներ ու շատ անգամ էլ դրանք վերածեցին «կոլխոզ»ային պահեստների եւ կամ՝ սովորական աղբատեղիի:
Այսօրուայ պէս աչքիս առջեւ է Երեւանի՝ ներկայիս Ամիրեան փողոցի վրայ գտնուող Չարենցի անուան դպրոցի տեղում կառուցուած եկեղեցին, ուր ամէն Կիրակի մայրիկիս հետ ներկայ էինք լինում Սուրբ պատարագին, մինչ այդ գրեթէ մէկ ժամ քայլած լինելով Արաբկիրից կենտրոն հասնելու համար: «Հայր Մեր»ը ես անգիր գիտէի 3-4 տարեկան հասակից, որն ամէն գիշեր Յիսուսի պատկերի առջեւ աղօթում էինք մայրս, եղբայրս եւ ես՝ խնդրելով Աստծուն մեր հայրիկին ողջ եւ առողջ վերադարձնել պատերազմից:

Համայնավարների կողմից եկեղեցու եւ հաւատքի հանդէպ լայնմաշտաբ ճնշման արդիւնքում հասարակութեանը պարտադրուեց Աստծոյ գոյութեան մերժումը, որը որպէս պարտադիր առարկայ մտցուեց բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսումնական ծրագրերի մէջ: Նոյնը՝ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում:
Իրաւամբ պիտի ընդունել, որ Ցեղասպանութեան հարցը Հայաստանի բնիկ բնակչութեանը հասու դարձնելու գործում չափազանց մեծ է 1946-47ին հայրենիք ներգաղթած սփիւռքահայերի դերը:
Իւրաքանչիւր սփիւռքահայ, տարիքով մեծ թէ փոքր, ի տարբերութիւն բնիկ հայաստանցու, լաւագոյնս տեղեակ էր Մեծ Եղեռնի պատմութեանը, որը աւելի կամ պակաս չափով հայաստանցին հասկացաւ, թէ ինչի արդիւնքում են այդքան մեծաթիւ հայեր յայտնուել օտարութեան մէջ:
Հայաստանցիների համար «Եղեռն» բառը նորութիւն էր: Շատեր «Եղեռն»ը շփոթում էին «եղեւնու» հետ ու զարմացած հարցնում, թէ ի՞նչ կապ ունի եղեւնին մեր ժողովրդի կոտորածի հետ:
Անշուշտ Երեւանում չէին պակասում մեծաթիւ գրող-մտաւորականեր եւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ օտարութեան մէջ գտնուող հայրենիք վերադարձած գրողներ, արուեստագէտներ, որոնք իրենց գործերում փորձում էին արծարծել Ցեղասպանութեան յիշատակումը: Եւ այդ փորձը փորձանք բերեց նրանց գլխին:
Գրեթէ տաս տարի հալածուեցին ազգայնամոլ յորջորջուած գրողներ Եղիշէ Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը, Զապէլ Եսայեանը, Գուրգէն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը եւ բազմաթիւ մտաւորականներ, որոնք ժամանակի ընթացքում կոտտանքների ենթարկուեցին KGB-ի կողմից: Շատերն աքսորուեցին Սիբիր, ոմանց էլ գնդակահարեցին:
Չնայած այս ամէնին, պիտի գար լոյսը, պիտի բացուէր արշալոյսը: Ստալինի մահից եւ մարդկային տականք ու ճիւաղ Բերիայի գնդակահարումից յետոյ ողջ սովետական ժողովուրդը ազատօրէն շունչ քաշեց:
Այնժամ անհրաժեշտ էր, որպէսզի Հայաստանը ունենար լայնախոհ, բանիմաց մի ղեկավար, որը կարողանար անհերքելի, փաստացի տուեալներով ապացուցել, որ թուրքերը 1915 թուականի Ապրիլի 24ին սկսել են հայերի մաքրագործումը իրենց պապենական հողերից, ըստ որի այդ՝ նախապէս ծրագրուած նախճիրի առաջին օրը՝ Ապրիլի 24ը պիտի համարուի մէկ ու կէս միլիոն հայերի նահատակման յիշատակի օր:
Եւ այդ ղեկավարը լուրջ քաղաքագէտ, մեծ հայրենասէր, հայասէր Եակով (Յակոբ) Զարոբեանն էր, որ անվերապահ, անմնացորդ սէր էր վայելում ողջ հայութեան մէջ:
Մեծ Եղեռնի յիշատակման օր հաստատելու մասին ահա թէ ինչ է գրում Արամ Յովհաննիսեանը. «1964 թ. Դեկտեմբերի 13ին Զարոբեանը պաշտօնապէս դիմում է Խորհրդային Միութեան Կենտկոմին եւ, ներկայացնելով 191ին Թուրքիայում հայերի հանդէպ գործադրուած ոճրագործութիւնը, թոյլատուութիւն խնդրում Եղեռնի 50րդ տարելիցը Խորհրդային Հայաստանում նշելու, մամուլում եւ ռադիոյով նիւթեր հրապարակելու, Երեւանում նահատակներին նուիրուած յուշակոթող կանգնեցնելու»:
Հայ եւ օտար պատմաբանների, Եղեռնին նուիրուած գրքերի, մեծաթիւ լուսանկարների անհերքելի ապացոյցների լոյսի տակ, Մոսկուան թոյլատրում է նշել Ցեղասպանութեան տարելիցը:
Մէջտեղ է գալիս երջանկայիշատակ, իմ որակումով՝ 20րդ դարի Խրիմեան Հայրիկ Վազգէն վեհափառը հետեւեալ Կոնդակով.
«Բոլոր հայ եկեղեցական համայնքներուն եւ գաղութներուն մէջ անխտիր, բոլոր հայկական միութեանց համերաշխ գործակցութեամբ կազմակերպուին համազգային յուշի եւ յարգանքի հանդիսաւոր հաւաքոյթներ, իրենց ՍԵՊՈՒՀ (ասպետական) պարտքը համարեն խօսքով ու գործով ոգեկոչելու նուիրական յիշատակը Մեծ Եղեռնի տարիներին մարտիրոսացած Հայ Ժողովուրդին: 13 Մարտի, 1965»:
Այժմ ես ցանկանում եմ որպէս 1965 թուականի Ապրիլի 24ի Երեւանում իրականացուած համաժողովրդական ցոյցի անմիջական մասնակից, ընթերցողին ներկայացնել որոշ մանրամասնութիւններ այդ փառահեղ միջոցառումից
Կառավարութիւնը որոշել էր Մեծ Եղեռնին նուիրուած հանդիսութիւններ անցկացնել Ակադեմիայում, գիտական հիմնարկներում եւ ի լրումն այդ ամէնի, սգատօնն աւարտել կառավարութեան ղեկավարների անմիջական մասնակցութեամբ՝ Օպերային թատրոնում: Սակայն, միամտաբար, թէ յատուկ մտածուած ծրագրով, հաշուի չէր առնուած ժողովրդի ներկայութիւնը, որի գործօն անձինք իրենց հիմնարկներում, ուսումնական հաստատութիւններում օրեր առաջ յատուկ աշխատանք էին ծաւալել աշխատողների եւ ուսանողների ներկայութիւնը ապահովելու համար համազգային այդ միջոցառմանը: Հակուած եմ այն իրողութեանը, որ իշխանութիւնները շատ լաւ էլ գիտէին, որ ժողովուրդը ինքնաբուխ կերպով լցուելու էր քաղաքի փողոց ներն ու հրապարակները:
Առաւօտ վաղ, այսօրուայ Հանրապետութեան հրապարակում, մի քանի հազար մարդ էր հաւաքուել: Որքան առաջ են գնում ժամացոյցի սլաքները՝ այնքան մարդաշատ է դառնում հրապարակը: Ոստիկանները բնաւ չեն միջամտում: Հնարաւոր անկարգութիւնները կանխելու նպատակով, հրապարակ են շտապում Երեւանի կառավարական անդամները, Ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումեանը, որոնք հանդարտութեան կոչեր են հնչեցրել: Ելոյթ են ունեցել գրողներ Էդուարդ Թոփչեանն ու Սերօ Խանզադեանը: Քոչինեանին է փոխանցուել յատուկ նամակ, նախորդ տարուայ Օգոստոսին ձերբակալուած 7 քաղբանդարկեալներին ազատ արձակելու խնդրանքով:
Կէսօրին 40 հազարի հասնող բազմութիւնը շարժւում է դէպի Կոմիտասի այգի (Պանթէոն)՝ Ցեղասպանութեան ամենամեծ զոհի՝Կոմիտասի շիրիմի առջեւ խնկարկելու եւ հսկայ ծաղկեպսակ դնելու նրա շիրիմին: Բազմութիւնը գնալով համալրւում է նոր մարդկանցով: Կրկէսից մինչեւ այգի, ճանապարհին եղող բոլոր գործարաններից ու հիմնարկներից մարդիկ թողնում են աշխատանքը ու միանում հսկայ բազմութեանը:
Ամբողջ քայլարշաւի ընթացքին ժողովրդի կողմից ոչ մի անկարգութիւն, անվայել արարք չի նկատուել: Ոչ մի թուփ, ծաղիկ կամ խոտ՝ չի տրորուել: Ոչ մի գողութիւն կամ վատ արարք չի գրանցուել ոստիկանութիւնում: Իրաւապահ մարմինները ոչնչով չեն խանգարել ժողովրդին՝ բարձրաձայնելու պահանջատիրութեան կոչեր հնչեցնելուն: Հարիւրաւոր պաստառներ բռնած, «Հողերը~, հողերը~», «Ազատել 7 քաղբանտարկեալներին» եւ այլ կոչերով հսկայ թափորը հասնում է քաղաքային Պանթէոն: Այգում ասեղ գցելու տեղ չկայ: Ելոյթներ, ճառեր, Եղեռնին նուիրուած նորովի բանաստեղծութիւններ: Արտասանուում են Սիամանթոյի, Վարուժանի, Շիրազի՝ օրուայ խորհուրդին համապատասխան բանաստեղծութիւններ: Ելոյթ են ունենում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը, Պարոյր Սեւակը եւ, ինչպէս յետոյ իմացայ, նաեւ դերասան Արման Կոթիկեանը:
Ես այդ օրը պարտադրուած աշխատանքի մէջ էի: Պիտի հսկէի Օպերային թատրոնում կայանալիք երեկոյի ընթացքը ռադիոյով ժողովրդին փոխանցելու գործողութեանը եւ պարտաւոր էի ժամը չորսին լինել թատրոնում, ուր տեղի էր ունենալու իշխանութիւնների կողմից որոշուած կառավարական հանդիսաւոր միջոցառում՝ նուիրուած 1915 թուականին Եղեռնին զոհ գնացած մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակին: Երթեւեկութեան ի սպառ բացակայութեան պատճառով ստիպուած եղայ քայլելով հասնել թատրոն:

Օպերային թատրոնի «արտիստական» մուտքը խստագոյնս հսկուում էր պատկան մարմինների կողմից: KGB-ի գործակալ, արուեստագէտների գործունէութեանը հետեւող Գենան լաւ էր ճանաչում ինձ եւ ես նրա ձեռքի շարժումին ենթակայ, առանց փաստաթուղթ ներկայացնելու գնացի բեմ՝ ուր ռադիոյի մեր տղաները զբաղուած էին պատրաստութիւններով:
Եւ, որովհետեւ բաւական ժամանակ կար միջոցառման սկսելուն, դուրս ելայ շէնքից ու գնացի առջեւի հրապարակ: Աստուած իմ՝ այս որքա՞ն ժողովուրդ: Խառնաշփոթ իրավիճակ, կարծես թէ ամբողջ օրուայ խաղաղ ցոյցի մասնակիցները չլինէին: Մարդիկ ցանկանում էին սրահ մտնել, իսկ դռները փակ էին: Հանդիսաւոր ժողովի բոլոր մասնակիցները յատուկ անցագրերով արտիստական մուտքից էին սրահ մտել:
Երկրորդ անգամ թատրոն մտնելը շատ դժուարացաւ: Արտիստական մուտքին չհասած, քսան մետրի վրայ երկու շարքով ոստիկաններ էին շարուած ու իւրաքանչիւր անձ, հրաւէրը ձեռքին պիտի անցներ ոստիկանական երկու շարքի միջով՝ մինչեւ մուտքին հասնելը: Գնդապետի կոչումով զինուորականին ասում, բացատրում եմ, որ ես աշխատանքի մէջ եմ եւ, որ իմ անունը մուտքին է՝ օգուտ չունի: Վերջապէս օգնութեան հասաւ ամենակարող Գենան:
Հազիւ էին կառավարութեան բոլոր անդամները շարուել բեմի երկարաւուն «սեղանի» ետին, մէկ էլ, ահաւոր աղմուկով մի հսկայ բազմութիւն սրահ ներխուժեց վերին մասի զոյգ դռներից:
Ապահովութեան առումով բեմը սրահից բաժանող այսպէս կոչուած «երկաթեայ վարագոյր» գոյութիւն ունի, որն իջեցւում է արտակարգ դէպքերի ժամանակ (հրդեհ, դահլիճում իրարանցում, խռովութեան փորձ եւն.): Խնդրեմ, ահա մի նմանօրինակ իրավիճակ, եւ հարկաւոր է դրա դէմն առնել: Անմիջապէս իջեցուեց «երկաթեայ վարագոյր»ը: Կառավարութեան բոլոր անդամները լքեցին իրենց աթոռները եւ յայտնուեցին բեմի ետեւում:
Յայտնի դարձաւ, որ Օպերային թատրոնի մուտքին, մի խումբ երիտասարդներ պահանջել են թոյլ տալ մտնել սրահ եւ նախագահութեանը յանձնել ինչ որ մի անյայտ խմբաւորման պահանջագիրը, որը իրենց պահանջով, ի լուր աշխարհի պիտի ընթերցուեր ամբիոնից:
Հանդիպելով դիմադրութեան, զայրացած ամբոխը մեծագոյն դժուարութեամբ կոտրել էր թատրոնի մուտքի դուռն ու ապակիները եւ մտել սրահ: Ես հազիւ երկու քայլ հեռաւորութեան վրայ էի կուսակցութեան առաջին քարտուղար Եակով Զարոբեանից եւ ամէն ինչ լսում էի ինչ որ զեկուցում էին իրեն:
Մէկ էլ նրան մօտեցաւ Գերագոյն սովետի նախագահ Յովհաննէս Բաղդասարեանը եւ ասաց.
– Ի՞նչ էք ասում Եակով Նիկիտիչ, կրակ չբացե՞նք ամբոխի վրայ:
– Ի~նչ…, կրակ բացել սեփական ժողովրդի վրա՞յ,- աչքերը սեւեռելով դիմացինի աչքերի մէջ, ասաց Հանրապետութեան առաջին դէմքը ու ձեռքը թափ տալով հեռացաւ:
Այնուհետեւ, որքան մարդ կար բեմի վրայ՝ բոլորին տարան Օպերային թատրոնի տնօրէն, յօրինող Էդգար Յովհաննիսեանի ծաւալուն ընդունարանը՝ ճշդելու թէ ով ով է եւ ինչ էր անում բեմի վրայ: Երբ հերթն ինձ հասաւ, ես չհասցրի ներկայանալ, իմ փոխարէն ներկայութիւնս հաստատեց նշանաւոր Գենան,- ես նրան ճանաչում եմ, աշխատում է Ռադիոյում եւ երեկոն ռադիոյով սփռելու պատասխանատուն է,- ասաց նա:
– Ես լաւ եմ ճանաչում Հենրիկ Անասեանին, նա «կոնսերվատորիա»յում է սովորում, հաստատելով իմ անձը ասաց Էդգար Յովհաննիսեանը:
Մինչ ես գտնւում էի «հարցաքննութեան սենեակում», բեմն ու սրահը ամայացել էին, բայց ի՞նչ էր կատարւում դրսում, շէնքի մուտքի հրապարակում: Կարծես, թէ ամբողջ օրուայ հանդարտաբարոյ հասարակութիւնը չլիներ: Աղմուկ, աղաղակ, նոյնիսկ հակասովետական կոչեր, արտայայտութիւններ:
Հազարաւոր ցուցարարներ պահանջում էին, որպէսզի կառավարութիւնն իր խօսքն ասի Եղեռնի վերաբերեալ եւ պահանջ ներկայացնի Մոսկուային՝ անսալ հայ ժողովրդի արդարացի խնդրանք-պահանջին:
Մարդկանց կրքերը գնալով բորբոքւում էին: Ոստիկանութիւնն անզօր էր զսպել հոծ բազմութեան մուտքը հրապարակ: Ժամ, պատարագ նայող չկար, գիշերուայ այդ ժամին մարդիկ գալիս էին ու գալիս: Աստուած գիտի, թէ ինչով կ՛աւարտուէր այդ դժոխային իրավիճակը, եթէ ոստիկանութիւնը չդիմեր ծայրայեղ միջոցի:
Կէսգիշերն անց, լուսարձակների լոյսի տակ, Օպերային թատրոնի բարձր տանիքից հրշէջները սկսեցին լաստիկէ լայն խողովակներով ուժեղ ճնշման հզօրութեամբ ջուր տեղալ ամբոխի վրայ, իսկ չորս կողմից հրապարակ ներխուժած ոստիկաններն ու զինուորները աստիճանաբար դուրս մղեցին ժողովրդին հրապարակից:
Այս ամէնն անշուշտ, չէր կարող աննկատ մնալ խորհրդային երկրի վերին մարմինների ուշադրութիւնից եւ, ի հարկէ, քաւութեան նոխազ պիտի դառնար ժողովրդի կողմից անչափ սիրուած ու գնահատուած, մեծ հայրենասէր, Հայաստանի Համայնավար կուսակցութեան ղեկավար Եակով Զարոբեանը:
Այդպէս էլ եղաւ: Քիչ ժամանակ անց նա հեռացուեց պաշտօնից: Նրան փոխարինելու եկաւ Անտոն Քոչինեանը, հայրենասիրութեամբ տոգորուած գործիչ, որը շարունակեց եւ աւարտին հասցրեց Զարոբեանի երազը: 1967 թուականին աւարտին հասաւ Ծիծեռնակաբերդի՝ 1915 թուականի Մեծ Եղեռնի, Ցեղասպանութեան օրերին զոհ գնացած մէկ ու կէս միլիոն հայերի յիշատակին նուիրուած յուշակոթողը: