ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Մարտը հայոց պատմութեան մէջ նշանաւորւում է «Նեմեսիս» վրիժառուական ամենայայտնի գործողութեամբ՝ երիտթուրք պարագլուխ, հայ ժողովրդի դահիճ Թալէաթի ահաբեկմամբ:
Նախ՝ փոքր-ինչ հայկական վրիժառուական աւանդոյթների մասին: Տարածուած տեսակէտ է, որ վրիժառութիւնը բնորոշ է թոյլերին: Մեր կարծիքով, սակայն, վրիժառութիւնը յատուկ է թուլութիւնը յաղթահարած ուժեղներին: Դարեր շարունակ հայերի համար վրիժառութիւնը եղել է արդարութեան վերականգնման, թշնամուն պատժելու, նաեւ սեփական իրաւունքների համար պայքարի միջոցներից մէկը:
Հայկական վրիժառութեան մասին յիշատակութիւններ կան դեռեւս հայ պատմիչների երկերում: Փաւստոս Բիւզանդն իր «Հայոց Պատմութիւն» հատորում գրում է, թէ ինչպէս պարսից Շապուհ 2րդ արքան խաբէութեամբ իր մօտ է կանչում հայոց Արշակ 2րդ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնեանին եւ հրամայում Արշակ արքային բանտարկել Անյուշ բերդում, իսկ Վասակ Մամիկոնեանին մորթազերծ անել, մաշկի մէջ յարդ լցնել ու մշտապէս դնել սպարապետին այնքան սիրող շղթայուած արքայի դիմաց: Վասակի որդին՝ Մուշեղ Մամիկոնեանը, ճակատամարտում յաղթելով պարսիկներին, մորթազերծ անել է տալիս պարսիկ մեծամեծներին ու, յարդ լցնելով նրանց մաշկերի մէջ, նուէր ուղարկում Շապուհին՝ նման ձեւով վրէժ լուծելով Շապուհից հօր սպանութեան եւ Արշակ արքայի խոշտանգման համար:
Բագրատունեաց Հայաստանի վերջին արքայ Գագիկ 2րդի (1043-1045) սպանութիւնն իրականացրին յոյն Մանդալէ եղբայրները՝ կախելով հայոց արքային ամրոցի պարսպից 1079ին: Նրա սպանութեան վրէժը 1112ին լուծեց Կիլիկեան Հայաստանի իշխան Թորոս 1ինը, որի հրամանով Մանդալէ եղբայրները մահապատժի ենթարկուեցին:
Հայոց մէջ, եւ ոչ միայն, սրբազան վրէժը անժամանցելի է համարուել: 500ամեայ հեռաւորութիւնից վրիժառութեան մի օրինակ է տալիս Զաքարէ Զաքարեան իշխանը: Այսպէս՝ 705ին, Արաբական խալիֆայութեան յանձնարարութեամբ, արաբ ոստիկանը, հայ ազնուականութեանը ոչնչացնելու մտադրութեամբ, խաբէութեամբ իրենց մօտ է հրաւիրում մի քանի հարիւր հայ նախարարների, զօրականների ու սեպուհների, որոնց փակում են Նախիջեւանի (մօտ 800 հոգու) եւ Խրամ գիւղի (մօտ 400 հոգու) եկեղեցիներում ու ողջ-ողջ այրում: 1209ին, հայոց իշխանապետ, սպարապետ Զաքարէ Զաքարեանը, գրաւելով Արդաբիլը, նախնեաց սրբազան վրէժն առնելու նպատակով հրամայեց այրել այն մզկիթը, որտեղ պատսպարուել էին քաղաքի մեծամեծները՝ ասելով. «Իշխանք՝ փոխանակ իշխանացն հայոց, զոր այրեցին այլազգիք ի Նախջուանի»:
Վրիժառութիւնն առաւել տարածուեց հայերի շրջանում յատկապէս ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, երբ թուրք եւ քուրդ հարստահարիչներին կամ ցարական հակահայ պաշտօնեաներին պատժելու համար հայ ազգային-քաղաքական կուսակցութիւնները դիմում էին անհատական «ահաբեկչութեամբ» վրէժ լուծելու մեթոտին: Վրիժառութիւնից չեն խուսափել նաեւ հայ դաւաճաններն ու մատնիչները:
19րդ դարի վերջի եւ 20րդ դարի սկզբի հայոց պատմութիւնը լի է վրիժառուական հերոսական գործողութիւններով: Այդպիսի գործողութիւններից էր ազատագրական պայքարի ամենահերոսական դրուագներից մէկը համարուող Խանասորի արշաւանքը, որի նպատակն էր վրէժխնդիր լինել քրդական մազրիկ ցեղից 1896ի Վանի ինքնապաշտպանութիւնից յետոյ դէպի Պարսկաստան հեռացող հայ մարտիկների սպանութեան համար: Գործողութեան գաղափարը յղացել էր Նիկոլ Դումանը, հրամանատարն էր Սարգիս Մեհրաբեանը, որը գործողութիւնից յետոյ ստացաւ Խանասորի Վարդան պատուանունը:
Ազգային-ազատագրական պայքարի շրջանում վրիժառուի դերում հանդէս էին գալիս հիմնականում հայ ֆիդայիները, որոնք հաւասարապէս պատժում էին ինչպէս թուրք եւ քուրդ պաշտօնեաներին, այնպէս էլ հայ դաւաճաններին: Այդպիսի մի ձեռնարկ էր Աղբիւր Սերոբի դաւադիր սպանութեան համար հայ ֆիդայիների վրիժառուական գործողութիւնը: Մեծահռչակ ֆիդայապետ Աղբիւր Սերոբը մեծ անհանգստութիւն էր պատճառում քուրդ բեկերին եւ թուրքական իշխանութիւններին, որոնք էլ Սերոբի գլխի համար մատնիչներին խոստանում էին պարգեւատրումներ ու արտօնութիւններ, եւ ի վերջոյ գտնուեց նիւթին ու փողին խիղճն ու հոգին ծախած մի հայ՝ Գեղաշէնի «ռէս» Աւօն, որը պէտք է գործեր համաձայն մշակուած ծրագրի. «Թունաւորել Սերոբը եւ իր մարդիկը: Ոչ ոք կը կասկածէր Աւոյին: Պարկեշտ, բարեխիղճ եւ հայրենասէր մարդու անուն ունէր գիւղին մէջ եւ շրջակայքը», գրում է զօրավար Սմբատը (Մախլուտօ) իր յուշերում: Մշակուած ծրագրի համաձայն՝ 1899ի Նոյեմբերի 24ին, ռէս Աւօն ծխախոտի միջոցով թունաւորում է Սերոբին եւ այդ մասին յայտնում Բշարէ Խալիլին: Յաջորդ օրը՝ Նոյեմբերի 25ին, թուրքական ու քրդական հրոսակախմբերը Խալիլի գլխաւորութեամբ շարժւում են Սասուն եւ պաշարում Գելիէգուզան գիւղը: Թունաւորումից ջլատուած հայդուկապետը չի կարողանում ոտքի կանգնել եւ կռուել: Բշարէ Խալիլը գլխատում է մահամերձ Սերոբին, որի գլուխը ցցի վրայ ցուցադրում էին Մուշի եւ Բաղէշի (Բիթլիս) փողոցներում՝ հայերին վախեցնելու եւ ընկճելու նպատակով: Սերոբի մատնութիւնն ու դաւադիր սպանութիւնը իրականում ընկճեցին զօրքին ու ժողովրդին, բայց, ի հարկէ, այս ստոր քայլը եւս անպատիժ չմնաց. «Աղբիւր Սերոբի սպանութեան վրէժը լուծուեց 1900ի աշնանը. Աղբիւր Սերոբի զինուորներ Գէորգ Չաւուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դաւաճան Աւոյի ողջ գերդաստանը եւ սպանում Բշարէ Խալիլին նոյն ձեւով եւ, ինչպէս Աղբիւր Սերոբի դէպքում, Խալիլի գլուխը ցցի վրայ անցկացրած շրջում էին փողոցներով՝ որպէս Աղբիւր Սերոբի արդար արեան վրէժ»:
Վրիժառուական բացառիկ մի գործողութիւն էր Ելտըզի մահափորձը հայութեան դահիճ սուլթան Աբդուլ Համիդ 2րդի դէմ, որը ծրագրել էր ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանը, բայց, ցաւօք, նա չկարողացաւ ծրագիրն աւարտին հասցնել. զոհուեց 1905ի Մարտի 17ին, Վիտոշ լեռան լանջին՝ ինքնաշէն ռումբի փորձարկման ժամանակ: Այնուամենայնիւ, Քրիստափորի ընկերները որոշեցին աւարտին հասցնել ձեռնարկը, եւ 1905ի Յուլիսի 21ին Կ. Պոլիսը ցնցուեց կառքի պայթիւնից: Մահափորձն իրականացնող «Ռուբինան (Արէշեան-Օհանջանեան, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Համօ Օհանջանեանի ապագայ կինը) եւ ընկերները կարողանում են ռումբով կառքը յարմար կայանեցնել մզկիթի մուտքին հնարաւորինս մօտ եւ որոշուած ժամով գործարկել ժամացոյցը:
Գործողութիւնից զոհւում են աւելի քան 40 թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ, խորտակւում է 20 կառք, սակայն սուլթանը ցաւօք յապաղում է մզկիթից դուրս գալու պահին եւ ուղղակի հրաշքով ողջ է մնում»: Մզկիթից դուրս գալու պահին սուլթանը մի պահ խօսակցութեան է բռնւում շէյխ ուլ-իսլամի հետ եւ կառքի պայթելու պահին կառքում չէր: Այդպէս նա փրկուեց, սակայն ստիպուած էր «մոռացութեան տալ» մահափորձը՝ վախենալով, որ պատասխան քայլերից յետոյ հայ յեղափոխականներն աւելի ծայրայեղ քայլերի կը դիմեն:
1905ի Փետրուարի 6ին Բաքուի նահանգապետ Նակաշիձէի դրդմամբ թաթարները յարձակուցին քաղաքի հայկական թաղամասերի վրայ, կողոպտեցին գոյքն ու կահկարասին: Հայ բնակչութեան ինքնապաշտպանութեան կազմակերպումը ստանձնած Դաշնակցութիւնը նախազգուշացնող գրութիւն է ուղարկում Նակաշիձէին, սակայն վերջինս մնում է անդրդուելի, ուստի «ՀՅԴ Ոսկանապատի Կենտ. Kոմիտէն որոշեց նրան ահաբեկել»: Նոյն որոշումը կայացրել էր նաեւ ռուսական Սոցիալիստ-յեղափոխական կուսակցութիւնը, ուստի Դաշնակցութիւնը սկզբնապէս նրանց զիջեց Նակաշիձէի ահաբեկման գործը, ինչը նրանք ձախողեցրին: 21ամեայկը չբոլորած Դրօն խնդրեց իրեն վստահել Նակաշիձէից վրէժխնդիր լինելու գործը, եւ ի վերջոյ Նիկոլ Դումանի միջնորդութեամբ այն յանձնարարւում է Դրոյին: 1905ի Մայիսի 11ին, Բաքուի «Պարապետ» կենտրոնական հրապարակում Դրօն ռմբահարեց Նակաշիձէի կառքը. գործն արուած էր, հայատեաց չարագործը՝ սպաննուած: Նոյն օրը հրապարակուած ՀՅԴ Ոսկանապատի կենտրոնական կոմիտէի կոչում կարդում ենք. «Ռումբը խօսեց: Գազազած Հայ ժողովրդի վրէժի որոտաձայն խօսքն էր այն… Ռումբը դատեր շատ ունի դեռ: Վա՛յ նրանց, որոնք կը կամենան այսուհետ յօշոտել Հայ ժողովուրդը»: Այնուհետեւ Դաշնակցութիւնը «Հրաման» կոչուող մի կոչով էլ զգուշացնում է ցարական պաշտօնեաներին, որ հայի ձեռքից զէնք խլողը, նրան խուզարկողը կամ բանտարկողը յիշի «Բաքուի նահանգապետ Նակաշիձէին, Գանձակի փոխնահանգապետ Անդրէեւին, գաւառապետներ Բոգոսլաւսկուն, Շմերլինգին, Պաւլովին, ոստիկանապետ Սահակովին, պրիստաւներ Նաշչանսկուն, Ջաւախովին, Շումակեւիչին, Տէր Սահակովին, ոստիկան Սերգոյին, եւ ուրիշ շատերի, որոնք ՀՅ Դաշնակցութեան վճռով մահուան պատժի են արժանացել: Փոխարքայի կողմից 25 ռուբլի ընծայ կամ յեղափոխականի գնդակը – ահա թէ ի՛նչ բան պէտք է ընտրել»:
Դաշնակցութեան վրիժառութիւնից չխուսափեց նաեւ նախիջեւանցի թաթար, հայ եւ վրացի ժողովուրդների դահիճ Ալիխանով Աւարսկին, որից Ալեքսանդրապոլում վրէժխնդիր եղան Դրօն եւ Մարտիրոս Չարուխչեանը:
Հայոց պատմութեան մէջ, սակայն, վրիժառուական ամենամեծ ձեռնարկը «Նեմեսիս»ն էր՝ Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին պատժելու արդարահատոյց շարժումը: 1919ի Սեպտեմբեր-Նոյեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը, ի թիւս այլ հարցերի, որոշում կայացրեց նաեւ «Յատուկ գործ»ի մասին, որն իրականացուելու էր «Նեմեսիս» ծածկանունով, եւ նպատակն էր վրէժխնդիր լինել Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչ դահիճներից: Գործի ղեկավարներն էին Արմէն Գարօն, Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը: Հայոց «Նեմեսիս»ի ժամանակագրութիւնը մօտաւորապէս հետեւեալն է. 1919ին, Թիֆլիսի Երեւանսկու հրապարակում Արամ Երկանեանը վրէժխնդիր եղաւ «Մուսաուաթ» կուսակցութեան անդամ, Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովից եւ բուլղարացի գործակալ, գնդապետ Սարաֆովից, իսկ 1920ի Յունիսի 19ին՝ Բաքուի եւ Շուշիի հայկական կոտորածների կազմակերպիչ, Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուց, նրա գործակից Խասմամեդովից եւ նրանց թիկնապահից: Ապա՝ 1920ի Յուլիսի 19ին, Թիֆլիսում վրէժխնդիր եղաւ Շուշիի ջարդերի հիմնական պատասխանատուներից եւ իսլամիզմի յայտնի գաղափարախօսներից մէկից՝ Հասան բեկ Աղաեւից:
1921ի Յուլիսի 18ին, Միսաք Թորլաքեանը իր գործակիցների՝ Երուանդ Ֆունդուքեանի եւ Յարութիւն Յարութիւնեանի հետ վրէժխնդիր եղաւ Ադրբեջանի «Թալէաթ» համարուող Բեհբութ խան Ջիւանշիրից:
1921ի Դեկտեմբերի 5ին, Արշաւիր Շիրակեանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում վրէժխնդիր եղաւ Օսմանեան կայսրութեան վարչապետ Սայիդ Հալիմից, իսկ 1922ի Ապրիլի 17ին, Արամ Երկանեանի հետ, Բեռլինում ահաբեկեց Տրապիզոնի վիլայէթի նախկին նահանգապետ, հայ մանուկներին ծովում խեղդամահ արած Ջեմալ Ազմիին եւ «Թեշքիլաթը Մահսուսէ» կազմակերպութեան հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:
1922ի Յուլիսի 21ին, Թիֆլիսում Պետրոս Տէր Պօղոսեանը, Արտաշէս Գէորգեանը եւ Ստեփան Ծաղիկեանը վրէժխնդիր եղան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալից:
Հայկական վրիժառուական «Նեմեսիս» գործողութեան ամենաաղմկայարոյց ու ամենաոգեւորիչ արարը տեղի ունեցաւ 1921ի Մարտի 15ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում, երբ երիտասարդ դաշնակցական Սողոմոն Թեհլիրեանը գնդակահարեց հայութեան գլխաւոր դահիճ Թալէաթ փաշային: «Թեհլիրեանը ձերբակալուեց սպանութեան վայրում եւ տարուեց ոստիկանութիւն, որտեղ սկսուեց հարցաքննութիւնը: Քանի որ նա հարցաքննութեան պահին գրեթէ չէր տիրապետում գերմաներէնին, իբրեւ թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննուել թուրքերէնով: Սակայն Թեհլիրեանի պահանջով հարցաքննութիւնը կատարուեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալէաթին սպանել է վրէժից դրդուած, գործել է միայնակ եւ յանցակիցներ չի ունեցել»: Թեհլիրեանի դատավարութիւնը սկսուեց 1921ի Յունիսի 2ին, սակայն այն վերածուեց Թալէաթի դատավարութեան: Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը «Յատուկ գործ»ի ամենահնչեղ էջն էր, ունէր քաղաքական նշանակութիւն. «Դժուար է խորաչափել քաղաքական կշիռը այն գնդակին, որ Թեհլիրեանի ձեռքով պարպուեցաւ Թալէաթի վրայ: …Հսկայ մայրաքաղաքը զգում էր կարծես, որ դատասրահում դատւում էր ոչ թէ մի պարզ հայ, այլ դատւում էր համայն մարդկութիւնը, որ անպատիժ ձգեց մի անմեղ ժողովրդի նկատմամբ գործադրուած ապրիլեան անօրինակ Եղեռնը»: Դատավարութիւնն աւարտուեց նրանով, որ գերմանական դատարանը Սողոմոն Թեհլիրեանին անպարտ ճանաչեց եւ ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Էնվերին, ոչնչացրեց խորհրդային բանակի հրամանատար Յակոբ Մելքումովը: Ըստ խորհրդային նախկին չեկիստ Աղաբէկովի յուշերի՝ Էնվերի սպանութիւնը իրականացուել է չեկայի որոշմամբ: Նշենք որ բոլշեւիկների եւ նրանց առաջնորդ Լենինի գործակիցը դարձած երիտթուրքերի այս ներկայացուցիչը դաւաճանել էր իր դաշնակիցներին եւ յայտնուելով Միջին Ասիայում, գլխաւորում էր հակախորհրդային բասմաչական ապստամբական շարժումը:
Հարկ ենք համարում յատուկ նշել, որ հայկական վրէժխնդրութիւնից չեն խուսափել նաեւ հայ դաւաճաններն ու մատնիչները, մասնաւորապէս «Նեմեսիս» գործողութեան տարիներին ոչնչացուել են Հայոց Ցեղասպանութեանը մասնակցած մի շարք հայ դաւաճաններ: Այսպէս. «Ինչպէս գիտենք, 1915ի Ապրիլի 24ին Կ. Պոլսում ձերբակալուեցին եւ սպաննուեցին հայ մտաւորականներ, որոնց ցուցակը թուրքերի համար կազմել էր Վահէ Եսայեանը (Իհսան): 1920ի Մարտի 27ին, 20ամեայ Արշաւիր Շիրակեանը Կ. Պոլսում գնդակահարեց դաւաճան Իհսանին:
Օսմանեան կայսրութեան քաղաքական ղեկավար, Թալէաթի գործակալ Յարութիւն Մկրտչեանի հրամանով՝ 1915ի Ապրիլի 24ին ձերբակալուել էին հայ մտաւորականութեան աւելի քան 600 ներկայացուցիչներ: 1919ին, Սողոմոն Թեհլիրեանը Կ. Պոլսում, աւելի վաղ քան «Նեմեսիս» ծրագիրը կեանքի կը կոչուէր՝ ամենայն հաւանականութեամբ Պոլսի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի որոշմամբ, գնդակահարեց դաւաճանին:
1913ի Աեպտեմբերի 7ին, Ռումինիայում գումարւում է ՍԴՀԿ 7րդ պատգամաւորական ժողովը, որտեղ գաղտնի որոշում է կայացւում ահաբեկել Թալէաթին: Այդ ժողովին մասնակցում էր Եգիպտոսի ՍԴՀԿ կառոյցից պատգամաւոր ընտրուած Արթուր (Արշաւիր) Հասեանը, որը թուրքական գաղտնի ոստիկանութեան անդամ էր, եւ նրանց յայտնում է Ռումինիայի ժողովի գաղտնի որոշման մասին, դրա հետեւանքով ձերբակալւում են հնչակեան մի շարք գործիչներ, այդ թւում նաեւ Թալէաթին ահաբեկելու նպատակով Կ. Պոլիս անցած Փարամազը եւ նրա խումբը՝ թուով 20 հոգի, 1915ի Յունիսի 15ին, Կ. Պոլսի սուլթան Բայազիդ հրապարակում Փարամազը եւ իր ընկերները կախաղան են բարձրացւում:
Արթուր Հասեանը եւս, ինչպէս միւս բոլոր դաւաճանները, անպատիժ չմնաց, «Նեմեսիս»ի շրջանակներում 1920ին Կ. Պոլսում նրա հետ հաշուեյարդար տեսաւ Արշակ Մուշեղեանը (Եզիդի Արշակ)»:
Հայոց Ցեղասպանութեան շուրջ առաջացած մոռացութեան պատը քանդելու, հայոց պահանջատիրական պայքարին միջազգային հնչեղութիւն հաղորդելու համար զինեալ գործողութիւններ ձեռնարկուեցին նաեւ հետագայ տարիներին հայկական սփիւռքում: Այդ գործողութիւնների մեկնարկը տրուեց 1975 թուականի Հոկտեմբերի 22ին, երբ ահաբեկուեց Վիեննայի թուրք դեսպանը, իսկ երկու օր անց, Հոկտեմբերի 24ին, ահաբեկուեց Փարիզի թուրք դեսպանը: Զոյգ գործողութիւնների պատասխանատուութիւնը ստանձնեց «Հայկական Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութիւնը:
Այդ շրջանի առաւել հնչեղ զինեալ գործողութիւններից է Հայ Յեղափոխական բանակի մարտիկների իրականացրած «ահաբեկչական» գործողութիւնը: 1983ի Յուլիսի 27ին, ՀՅԲի 5 անդամները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճէմեանը, Սիմոն Եահնէեանը, Սարգիս Աբրահամեանը եւ Արա Քըրճլեանը, գրոհում են Լիզպոնի թուրքական դեսպանատան վրայ: Դեսպանատուն ներխուժելու ժամանակ, ոստիկանների հետ սկսուած փոխհրաձգութեան հետեւանքով, զոհւում է Սիմոն Եահնէեանը՝ չկարողանալով մտնել դեսպանատուն: Տղաները գրաւում են դրան կից թուրքիայի փոխդեսպանի բնակարանը: Պորտուգալական ոստիակնութիւնն ու յատուկ ջոկատայինները շրջափակում են շէնքը եւ սկսւում է փոխհրաձգութիւն: Հայ վրիժառուները գերիներին (փոխդեսպանի կնոջն ու երեխային) բաց թողնելուց յետոյ պայթեցնում են շէնքը եւ մնում դրա փլատակների տակ: Մինչ պայթիւնը ՀՅԲի մարտիկները աշխարհին ու նաեւ աշխարհասփիւռ հայութեանը յղում են իրենց կոչը. «Բոլոր կառավարութիւններին, համաշխարհային հանրային կարծիքին եւ մամուլին: Սա անձնասպանութիւն չէ, ոչ էլ խելագարութիւն, այլ գերագոյն զոհաբերում ազատութեան բագինին: Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինեալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեւանքն է թուրք պետութեան եւ նրա պաշտպան պետութիւնների մերժումի՝ գոհացում տալու Հայ ժողովրդի արդար ու խաղաղասէր իրաւունքներին: Հայերի իրաւունքն է ապրել ու բարգաւաճել իրենց նախահայրերի հայրենիքում՝ ազատ ու անկախ…»:
Ամփոփելով կարող ենք ասել, որ պատմութեան տարբեր ժամանակահատուածներում վրէժխնդրութիւնը եղել է հայութեան պայքարի անբաժան մասը՝ թէ՛ ազգային-ազատագրական պայքարում, թէ՛ թշնամուն ու հայ դաւաճաններին պատժելու եւ թէ՛ արդարութիւնը վերականգնելու գործում:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ
Ա) Գրականութիւն
1. «Զօրավար Սմբատի Յուշերը. 1900-1914», Ա. հատոր, Փարիզ, 1936:
2. «Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» (քառահատոր շարք), նուիրուած ՀՅԴ 111 ամեակին, հատոր Բ.:
Բ) Մամուլ
1. Խանումեան Գ., «Սողոմոն Թեհլիրեան. Ծննդեան 125ամեակի Առթիւ, «Դրօշակ», 2021, թիւ 4 (1650):
Գ) Համացանցային նիւթեր
1. Եղիազարեան Կ., Եղիազարեան Ք., «Աղբիւր Սերոբ (Կեանքն Ու Գործունէութիւնը):, http://ysu.am/fi les/Aghbyur-Serob.pdf:
2. «Հերոս Հայուհու Մահափորձը՝ Սուլթան Աբդուլ Համիդի Դէմ», https://alikonline.ir/news/national/item/29156:
3. Մելքոնեան Ա., «Դաւաճանները Հայոց Պատմութեան Մէջ», https://bit.ly/3p9omtL:
4. Յովհաննէսեան Կ., «Սողոմոն Թեհլիրեան (1896-1960)», www.aztagdaily.com/archives/353898: