ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Շաբաթավերջը յագեցած էր համագաղութային ծրագրերով. Ապրիլ ամիսն էր, եւ հայութիւնը իր հոգեւոր տուրքն էր մատուցում արդէն մէկ դարուց աւելի մեզ հետապնդող, լուծում չստացած եւ մեր սրտերի վրայ ծանրացած ապրիլեան Ցեղասպանութեան իրողութեանը։ Համաճարակային երկար շրջափակումից յետոյ ասպարէզը բացուել էր հանրային հանդիսութիւնների համար։
«Լարք» երաժշտական ընկերակցութիւնը եւս ունենում է իր ապրիլեան միջոցառումները։ Այս անգամ՝ 24 Ապրիլ 2022ին, ընկերութեանը պատիւ էր տրուել ամբողջական գեղարուեստական յայտագրով մասնակցելու Գլենդել քաղաքի կողմից արդէն 21րդ անգամ նշուող Հայոց Ցեղասպանութեան յիշատակման երեկոյին «Ալեքս» թատրոնում, Կիրակի երեկոյեան ժամը 7ին։
«Ձեռնարկը ոգեկոչում է 1 եւ կէս միլիոն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, ովքեր չարչարուեցին եւ զոհուեցին 107 տարիներ առաջ, եւ այն ծառայում է որպէս յուշանամակ տարբեր ազգերի ժողովուրդներին, որ այդպիսի վայրագութիւնները կարելի է կանխարգիլել, եթէ մենք աշխատենք միասին՝ հարթելու մշակութային տարբերութիւնները եւ գտնենք համաձայնութիւն», ասւում էր երեկոյի գրքոյկում։
Գլեդելի նորընտիր քաղաքապետ Արտաշէս «Արտի» Քասախեանը, որ ձեռնարկի կազմակերպիչ յանձնաժողովի ատենապետն էր, իր թիմակիցների հետ միասին ջանք չէր խնայել պատշաճ կերպով ներկայացնելու ծրագիրը։ Ծրագրի խնամատարն էր Հայկուհի Թորոսեանը։
Պաշտօնական ելոյթներով եւ սրտի խօսքերով հանդէս եկան Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, քաղաքապետ Արտի Քասախեանը, Քալիֆորնիայի Օրէնսդիր խորհրդի ներկայացուցիչ Լօրա Ֆրիդմանը, Անթոնի Փորթանթինօն, անդամներ՝ Ատրին Նազարեանը, Ուենդի Քարիլլօն, Հայաստանի հիւպատոսութեան պատուիրակ Նելլի Սարոյեանը։
Սկսուել էր երաժշտական բաժինը։ Այստեղ մենք կրկին անգամ ներկայ եղանք «Լարք» երաժշտական ընկերակցութեան իւրայատուկ, երբեք ինքն իրեն չկրկնող ծրագրին, որ սկզբից մինչեւ վերջ մտքի թռիչքն էր այն ստեղծող եւ կառուցող Վաչէ Պարսումեանի. ու զարմանում ես մարդկային երեւակայութեան անսահմանութեան, նորարարութիներ ստեղծելու այսքան կարողութեան վրայ։
Հնչելու էր միայն Կոմիտասեան երաժշտութիւն. ինչո՞ւ։ Դրա պատասխանը տալիս է Վաչէ Պարսումեանը գրքոյկում զետեղած Կոմիտասի մասին գրած իր յօդուածում. «Հայ երաժիշտների եւ երաժշտագէտների շարքում Կոմիտասը վեր խոյացող կերպար է, արուեստագէտ, ով իր կեանքի 20 տարուայ ստեղծագործական ժամանակամիջոցում միջազգային անցագիր տուեց վաղ ժամանակներից մեզ պատկանող երաժշտական մշակոյթին, դուրս հանեց դրա բիւրեղութիւնը, հիմքը, կառուցուածքը, ազգային ոգին։ Կոմիտասը ստեղծեց հայկական երաժշտութեան յարացոյցը, նմոյշը նրանց համար, ովքեր հետաքրքրուած են ուսումնասիրելու եւ հասկանալու այս մշակութային ժառանգութիւնը։ Նրա կերպարը, արդարեւ՝ կեանքը, իր աղաղակող ողբերգութեամբ, եւ տոկուն ստեղծագործական կորովը անձնաւորում են իր ազգի ինքնագիտակցութիւնը։ Այս բոլորը ապահովում են Կոմիտասի հաստատ տեղը հայ ժողովրդի ստեղծագործ հանճարների պանթէոնում»։
Կոմիտասը ներկայանում էր մեզ տարբեր կերպարներով՝ երեք բաժինների մէջ դասաւորուած 11 ելոյթներով, որոնք սկսւում էին քաղաքապետ Արտի Քասախեանի կողմից անգլերէնով կարդացուած, ծրագրին մաս կազմող ասքով։
Առաջին Բաժին – «Մշտնջենական Հայաստան»
1.- «Երկինքն ամպել ա», «Ալ այլուղս» երգերի Ս. Ասլամազեանի մշակումները կատարեց լարային համոյթը։
Ասք. – Կոմիտասի խղճամիտ, թանկարժէք գործի մէջ մենք լսում ենք ոգին եւ էութիւնը մի հնագոյն ժողովրդի։ Մշտնջենական ժողովուրդ՝ ժառանգած մշտնջենական երկիր։
Այնտեղ, հայ երաժշտութեան հայր՝ Կոմիտասի հրիտակի մէջ է գտնւում հայկական ոգու վաղագոյն որոշ արտայայտչաձեւերին հասնելու դարպասի բանալին։
Սիրոյ երկու երգերով մտնում ենք հայաշխարհ։ Հայկական աշխարհի բարձրաւանդակի ծոցում ապրող սիրահարները պատմում են իրենց պատմութիւնները, եւ դրանց մէջ մենք կարող ենք լսել կապը հողի, բնութեան եւ միջավայրի հետ, որտեղից սերուել ենք։
2.- «Լոռուայ հորովել»ը հզօր արտայայտչականութեամբ մեներգեց Կարինէ Աւագեանը։
Ասք. – Հայաստանի հիւսիս-արեւելքում է գտնւում Լոռի գաւառը։ Կոմիտասի երաժշտագիտական նշանակալից գործերից մէկում, ուր նա վերլուծել է գիւղացիների շրթներից քաղուած Լոռու գութաներգը, հեղինակը ներկայացնում է նրանց աշխատանքի ընթացքում կատարած բազմատեսակ խօսքերն ու ձայնարկումները, մինչ նրանք հերկում են հողը հարազատ եզների հետ։
3.- «Երեւանի պար» եւ «Հաբրբան» եղանակները՝ մշակուած եւ ղեկավարուած Արտաշէս Քարթալեանի կողմից, ներկայացրեց փողային գործիքների անսամբլը։
Ասք. – Փողային նուագախմբի համար եղած այս մշակման մէջ 12 նուագողները ցոլացնում են հայկական հաւաքոյթի զուարճալի եւ տօնական ոգին։ Առաջինը՝ պարի երգ է, որ քաշում է լսողին հաւաքուածների տօնակատարութեան շրջանի մէջ, եւ երկրորդը՝ սիրոյ երգ է, երկու երիտասարդ, բոցավառուած սիրահարների միջեւ։
4. – «Անձրեւն եկաւ» եւ «Եար ջան, արի» գեղջկական պատկերների երգերով հանդէս եկաւ «Լարք»ի երգչախումբը (ղեկ. Կ. Աւագեան)։
Ասք. – Զուարթ, խաղասէր ձի է հեծել տղան՝ մոլեգնած երիտասարդական ցնծութեամբ, որովետեւ այցի է գալիս իրեն սպասող սիրած աղջկան։ Յաջորդ երգում, տղան պաղատում է երիտասարդ աղջկան, որ չառնի ուրիշին եւ կրկին վերադառնայ իր մօտ։ Այս երկու երգերում, որ պատկերում են մի գեղջկական պատկեր, մենք լսում ենք Կոմիտասի խմբերգային մշակումները։ Կոմիտասը որսում է երգասացութեան ամենահարազատ արտայայտութիւնները հէնց շինականներից, որ ապրում էին իրենց հարազատ հողում եւ ժամանակում։
Երկրորդ Բաժին – «Ապրիլը՝ Դաժանագոյն Ամիս…»
5.- «Անտունի» երգը կատարեց երիտասարդ երգչուհի Դալար Արսլանեանը (դաշնամուրի նուագակցութեամբ Վիկտորիա Սիմոնեանի)։
Ասք. – Հայը իր հողի պահապանն է եղել հնագոյն ժամանակներից, այդ երկիրը Աստուծոյ կողմից պարգեւուած է եղել հային – այս է պատմութիւնը, որ պատմել ենք հազարամեակներից ի վեր։ Սակայն մի հարիւր տարի առաջ, Մեծ Աղէտը քշեց մեզ այդ հողից դէպի աշխարհի ծայրերը, դէպի Սփիւռք, եւ բացուեց մի խաւար նոր էջ մեր պատմութեան մէջ։ Մեր անտունի լինելու սկիզբն էր այդ, որ նշում ենք այսօր, ինչպէս ներկայացրել է Կոմիտասը այս մեներգում՝ «Անտունի»։
6.- Դաշնամուրային ստեղծագործութիւններ, Սվետլանա Նաւասարդեան, դաշնամուր
«Երանգի» (մենապար)
«Գարուն ա» (մշ. Ռ.Անդրեասեանի)
Ասք. – Վշտահար սիրտ. սառած, ամուլ հող։ Կոմիտասը ներկայացնում է մեզ աւերակուած եւ աւարառուած տան դիմաց տառապող հոգու վշտալից կերպարը – սկզբում՝ մեծաշուք մենապարի եղանակով, ապա երկրորդում՝ սառցակալած սրտի երգած՝ «Գարուն ա, ձիւն ա արել» երգի դաշնամուրային վերծանութեամբ։
***
Այս երեկոյում, մեծ առանձնաշնորհ էր մեզ համար այդ դաշնամուրային մշակումների մեկնաբանութիւնները՝ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ Պատուոյ շքանշանակիր եւ Ս. Մեսրոպ շքանշանակիր, բազմաթիւ տիտղոսների դափնեկիր Սվետլանա Նավասարդեանի կողմից, ով ունկնդրին տեղափոխեց մի այլ, իմացական բարձունք։
Երրորդ Բաժին – «Վերածնուած Հայաստան»
7.- «Գարուն ա» եւ «Շողեր ջան» երգերի Ս. Ասլամազեանի մշակումները կատարեցին «Վեմ» լարային քառեակի պատուակալ անդամները (ղեկ. Մովսէս Պօղոսեան)։
Ասք. – Դարձեալ ծագում է հարց. ի՞նչ պիտի լինի յետոյ։ Մեր ապագայում ընկած է մեր նկարագիրը։ Ինչպէ՞ս կառուցել գալիքը՝ հակառակ անցածին։ Մենք դրան պատասխանում ենք հիմա՝ ապրելով մեր դրացիների հետ, ուր էլ որ լինեն նրանք, ինչ լեզուով էլ որ խօսեն, շփւում ենք նրանց հետ եւ հաղորդակցում՝ նրանց լեզուով եւ նրանց մշակութային ձեւակերպումներով։ Կոմիտասի երկու երգերի լարային քառեակի մշակումներում, որ արեւմտեան արտայատչաձեւերի բիւրեղացած մարմնաւորումներ են, չորս մենակատարները գալիս են համաձայնութեան՝ հաւաքուելու, քննարկելու եւ հասկանալու իրար։
8.- «Կռունկ»-«Դլէ եաման»ի երաժշտութեամբ եւ «Ծիսական պար»ով բեմ բարձրացաւ «Լարք»ի նորափթիթ պարմանուհիների պարախումբը (պարուսոյց՝ Լուիզա Խաչատրեան)։
Ասք. – Մատղաշ սերունդը պարում է։ Պարի մէջ գտնում ենք արտայայտչաձեւերի մեր վաղագոյն աւանդութիւնները, կեանքը հասկանալու կերպը։ Ահա, առաջին պարի մէջ պարում են սիրով լցուած աղջիկները, քանի որ ապրելու համար պէտք է սիրել։ Առաջին պարին յաջորդում է կանանց ծիսական պարը, նուրբ, հանդիսաւոր, ընդ որում՝ պարողները հաշտ են դառնում տիեզերքի հետ։
9.- «Շուշիի պար» եւ «Ամպել ա» մեղեդիները հրամցուեցին Քարթալեան ջազային քառեակի կողմից՝ դուդուկ, շուի, բկու, բաս կիթառ, թմբուկ, դաշնամուր, Ա. Քարթալեանի մշակումներով։
Ասք. – Մենք խօսում ենք ժամանակակից լեզուներով, ժամանակակից ձեւերով, բայց եւ այնպէս միշտ պատմում ենք վաղեմի պատմութիւն։ Ջազային քառեակի այս մշակումները ներկայացնում են ժամանակակից արուեստագէտների կապը իրենց մշտնջենական արմատների հետ։ Մենք սովորում եւ յարմարւում ենք, եւ, միշտ յիշում ենք։
10.- «Ով մեծասքանչ» եւ «Երազ» երգերը մեկնաբանեց «Ծիածան» մանկական երգչախումբը (ղեկ. Կ. Աւագեան), հայերէն ասմունք՝ Ուիլիամ Թաշեան, Լիոնա Թորոսեան։
Ասք. – Մանուկների ձայներում կարելի է լսել մեր յարակայութեան յոյսը, զօրութիւնը, որ թողել ենք ետեւում։ Նրանց շուրթերից առաջինը լսում ենք մի գեղօն նուիրուած հայ լեզուին. երկրորդում՝ լսում ենք կարօտ դէպի մայրը՝ որ զոհաբերող եւ խարսխող անձնաւորութիւնն է իւրաքանչիւր հայի կեանքում։
Եզրափակւում էր համերգը.
11.- «Հով արէք, սարեր ջան». («Լարք»ի երգչախումբ՝ ղեկ. Կ. Աւագեան, մշակումները՝ Ա. Քարթալեանի)։
Ասք. – Նայում ենք առաջ, ձգտելով մէկ ականջում միշտ լսել անցեալի ձայնը։ Այժմ, մենք լսում ենք նոյն ինքը Կոմիտասին, նրա ձայնը, որ հարիւրտաս տարի առաջ արձանագրուել է Փարիզում։ Նա երգում է մի գեղջուկ երգ, որ զարմանալիօրէն համամարդկային երաժշտական ձեւի կառուցուածք ունի (կանչ եւ պատասխան սկզբունքով)։ Կոմիտասը կանչում է, եւ երգչախմբի ձայներով, մենք պատասխանում ենք։
«Հով արէք» երգի հիմնական թեման հնչում էր Կոմիտասի ձայնով։ Առաջին էպիզոդը (անցողիկ մասը) ներկայացնում է արական խումբը երաժշտական ժամանակակից մշակումով, ապա վերադառնում է Կոմիտասի ձայնը։ Երկրորդ էպիզոդը երգում է կանանց խումբը՝ հայկական ազգային իւրատեսակ տարազներով, զուսպ, սակայն հայեցի մի փառաւորութեան մէջ, ու աւարտւում է համերգը՝ կրկին Կոմիտասի ձայնով։
Այս էր երեկոն, որ «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը պատրաստել էր բեմական, սակայն ոչ աշխատանքային եւ ստեղծագործական, դադարից յետոյ։
Վերածնուած ժողովրդի զաւակները արժանին մատուցել էին իրենց նախնիներին՝ միշտ նպատակակէտ ունենալով հայ մշակոյթի, հայի ինքնութեան պահպանումը, տարածումը եւ փոխանցումը յաջորդ սերունդներին։