
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ինչպէս հայոց պատմութեան վերջին հարիւրամեակի իւրաքանչիւր հանգրուանում, Հայ Օգնութեան Միութիւնն այսօր էլ այնտեղ է, որտեղ հայ ժողովուրդն ամենաշատ աջակցութեան կարիք ունի: ՀՕՄի Արեւմտեան ԱՄՆի Շրջանային վարչութեան ամէնամեայ Գալա-դրամահաւաքը, որ տեղի ունեցաւ Մայիսի 1ին, նուիրուած էր հայ զինուորին:
ՀՕՄին արուած նուիրատուութիւններն ու ձեռնարկի ընթացքում հանգանակուած շուրջ կէս միլիոն դոլարից կը յատկացուի նաեւ արցախեան պատերազմում վիրաւորուած հայրենիքի պաշտպաններին:
«Մտահոգութեամբ ենք հետեւում Հայաստանում եւ Արցախում տիրող ծանր եւ տագնապալի նիւթաբարոյական պայմաններին: Ստեղծուած դժուարին կացութեան մէջ, մեր հայեացքը սեւեռելով դէպի Հայաստան եւ Արցախ` Շրջանային վարչութիւնը որոշեց աջակցել նաեւ Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որտեղ մեծ հոգատարութեամբ բուժում են ստանում բազմաթիւ վիրաւոր եւ հաշմանդամ զինուորներ: Նրանք այսօր աւելի քան երբեւէ մեր կարիքն ունեն», յայտարարեց ՀՕՄի Արեւմտեան ԱՄՆի Շրջանային վարչութեան ատենապետուհի Սիլվա Փոլատեանը:
Ձեռնարկի բացումը Տէրունական աղօթքով ազդարարեց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը, իր գնահատանքի եւ օրհնութեան խօսքում անդրադառնալով ՀՕՄի կենսական դերին ու նշանակութեանը համայն հայութեան կեանքում: ՀՕՄին իր աջակցութիւն էր եկել յայտնելու Մուշեղ արք. Մարտիրոսեանը:
Հիմնադրումից` 1910 թ․ից սկսեալ, Հայ Օգնութեան Միութեան իւրաքանչիւր նախաձեռնութիւն յաջողուել է, ինչի հիմնական գրաւականը գաղափարի շուրջ հաւաքուած ՀՕՄի անդամներն են` անձնուէր հայ կանայք: ՀՕՄուհի լինելն առաքելութիւն է, ինչը, չափազանցութիւն չի լինի ասել, որ կարող են ստանձնել միայն ընտրեալները, նրանք, ովքեր գիտակցուած են զինուորագրւում ու ողջ կեանքում նուիրւում հայրենիքի ու հայի արդար պայքարին, համայն հայութեան, Հայաստանի ու Արցախի զօրացմանն ու զարգացմանը:
Միութեան այս տարուայ ձեռնարկը ՀՕՄի հերթական յաջողութեան պատմութիւնն էր. ներկայ աւելի քան 500 հիւրերը, ընկերներն ու բարերարներն իրենց միանշանակ աջակցութիւնը յայտնեցին ՀՕՄի 2022 թ․ի առաքելութեանը:

Այս մասին 200 հազար դոլարի նուիրատուութեամբ հաստատեցին նաեւ օրուայ մեծարեալները` Ճէք եւ Զարիկ Եուրէճեանները: «Այսօրուայ երեկոն իմ համար շատ իմաստներ ունի` հայ զինուորը, Հայաստանը, Արցախը: Հպարտ եմ եւ ուրախ օժանդակելու ՀՕՄին, որպէսզի շարունակի օգնութիւնը հայրենիքին ու մեր պաշտպաններին: Մեծ պատիւ է այսօր արժանանալ Հայ Օգնութեան Միութեան մեծարանքին, սակայն այսօրուայ պատիւը պէտք է լինեն ՀՕՄուիհիներինը, ովքեր ամէնօրեայ աշխատանքով հասնում են կարիքի մէջ գտնուող իւրաքանչիւրին: Մենք էլ, մեր հնարաւորութիւնների սահմաններում պէտք է թիկունք լինենք իրենց, որովհետեւ նիւթական աջակցութիւնը կենսական է», իր խօսքում նշեց Ճէք Եուրէճեանը, ով կնոջ հետ միասին տարիներ շարունակ ՀՕՄի կողքին է, նաեւ` Զարիկ Եուրէճեանն անմիջական մասնակցութիւն ունի միութեան աշխատանքներին, որպէս անդամ: Եուրէճեան ամուսինները, միաժամանակ, այլ տարբեր ծրագրերի միջոցով տարիներ է, որ մասնակցում են Հայաստանի զարգացման գործին, այդ թւում` ուսման համար կրթաթոշակնէր տրամադրելով հայ ուսանողներին, Գիւմրիում տներ տրամադրելով երկրաշարժից յետոյ անօթեւաններին:

Եուրէճեանները, որպէս մշտական բարերարներ, նաեւ հայ համայնքի կառոյցների կողքին են: Ճէք Եուրէճեանը պատմեց, որ հային ու հայրենիքին օժանդակելու իր համար վառ օրինակ է եղել մայրը, ով քսան տարուց աւելի աշխատել է Գիւմրիում, եւ մշտապէս քաջալերել է իրեն օգնելու մարդկանց: Մասնագիտական յաջողութիւնների համար էլ, նա նշեց, որ երախտագէտ է հայ համայնքի կառոյցներին` Երուսաղէմի Թարգմանչաց վարժարանի բարերարներին, յետագայում էլ` «Կիւլպէնկեան» հիմնարկութեանը, որի տրամադրած կրթաթոշակով հնարաւորութիւն է ստացել բարձարգոյն ուսում ստանալ: «Օրհնուած եմ զգում այսօր, երբ կարող եմ ինքս էլ օգնել այլոց, վճռորոշ նշանակութիւն ունենալ մարդկանց կեանքում`լինեն ուսանողներ, զինուորներ կամ իմ այլ հայրենակիցները: Այս տարիներս ամենաուրախն են, երբ այլոց կեանքում կարող եմ տարբերութիւն առաջացնել», խոստովանեց Ճէք Եուրէճեանը:
Հանգանակուած գումարը հնարաւորութիւն կը տայ ՀՕՄին շարունակել օժանդակութիւնը Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որի կողքին է եղել ստեղծման առաջին օրից: «Սա այն կառոյցն է, որ առաջինն է հաւատացել Կենտրոնի գաղափարին եւ առաջին գումարն է տրամադրել Հայրենիքի Պաշտպանի կենտրոնի ստեղծմանը»` ՀՕՄի տարիներ շարունակուող աջակցութեան մասին պատմող տեսանիւթում նշեց Վերականգնողական Կենտրոնի տնօրէն Հայկուհի Մինասեանը` երախտագիտութիւն յայտնելով մշտական աջակցութեան համար:
Ձեռնարկին ներկայ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանն էլ սրբազան անուանեց ՀՕՄի այս եւ այլ առաքելութիւնները։ «Սա ոչ միայն նիւթական, նաեւ` մեծ բարոյական աջակցութիւն է, որ կ՛ոգեւորի մեր զինուորներին եւ կապացուցի, որ մեր ազգը միասնական է, եւ ոչ ոք ու ոչինչ չի մոռացւում: Շնորհակալ ենք ՀՕՄին եւ Աստուած յաջողութիւն տայ այս միութեան նուիրական նախաձեռնութեանն ի նպաստ մեր զինուորների», յայտնեց սրբազանը:
Հիւրերի թւում էր նաեւ արցախեան 44 օրեայ պատերազմի մասնակից, ծնունդով Արցախից Արման Ասրեանը, ով այս պահին իրաւագիտութիւն է ուսումնասիրում ԱՄՆում: Նա սովորում էր Արցախի պետական համալսարանում, երբ պատերազմը սկսուեց, եւ Արմանը մասնակցեց մարտական գործողութիւններին: Իր խօսքում երիտասարդ իրաւաբանը նշեց, որ շատ է կարեւորում սփիւռքահայութեան դերը Արցախի եւ Հայաստանի ապագայի հարցում։ «Այսօր յայտնուել ենք մի շատ վտանգաւոր աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ պէտք է փորձենք այդ ամէնից յաղթած դուրս գալ: Այս հարցում չափազանց կարեւորում եմ ՀՕՄի եւ սփիւռքեան կազմակերպութիւնների դերը, եւ միասին պէտք է լինենք նաեւ մեր վիրաւոր զինուորների կողքին, որ ոչ մի բանի կարիք չունենան, եւ որպէս լիարժէք քաղաքացի շարունակեն ապրել իրենց երկրում», նշեց Արմանը:

Ի պատասխան, ՀՕՄի երակարամեայ անդամ Հելէն Քէոսեանի խոստումը յուզիչ էր, միաժամանակ` համոզիչ։ «Յիսուն տարուց աւելի է, որ ՀՕՄուհի եմ: Մեր սիրտը, որ մեր նշանն է` մշտապէս կապուած է Հայաստանի հետ: Արցախի վերջին շրջանի դժուարութիւններին դիմակայելու եւ դրանք յաղթահարելու համար աշխարհի չորս կողմերից հայերս պիտի հաւաքուենք եւ միասնական ջանքերով զօրավիգ կագնենք հայ զինուորներին ու նրանց ընտանիքներին: Խօսք եմ տալիս իմ ազգին, որ մենք աշխատելու ենք մեծ ուժերով եւ հասնելու ենք մեր նպատակներին, ինչպէս մեր գործունէութեան տարբեր փուլերում», նշեց Քէոսեանը:

ՀՕՄի բարեսիրական գործունէութիւնը Հայաստանի, հայ համայնքի եւ նահանգի ոչ-հայ բնակչութեան կեանքում բարձր գնահատեցին նաեւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի եւ Գլենդելի քաղխորհրդի անդամները: «Այս միութեան հետ սերտօրէն համագործակցել ու աշխատել եմ աւելի քան քսան տարի: Բացառիկ կանանց խումբ, որ աշխատում է ոչ միայն այստեղ, այլ ամբողջ աշխարհում` օգնելու այն հայերին, ովքեր կարիք ունեն: Այժմ էլ հաւաքուել ենք ՀՕՄի ձեռնարկի շրջանակներում աջակցելու հայրենիքի համար պայքարում ամենաթանկը` իրենց կեանքն ու առողջութիւնը նուիրաբերած զինուորին: Ոչինչ աւելի արժէքաւոր չէ, քան հայրենիքին նուիրաբերելը, եւ ես հիանում եմ ՀՕՄի աշխատանքներով», նշեց Գլենդելի քաղխորհրդի անդամ Փոլա Դիւայնը:
Հայ Օգնութեան Միութեան ձեռնարկն անցաւ մեծ հանդիսաւորութեամբ. պաշտօնական յայտագրից յետոյ, երեկոն շարունակեցին սիրուած արուեստագէտներ` հայրենասիրական երգերի կատարումներով:
«Ժողովուրդիս հետ, ժողովրուդիս համար» կարգախօսով տասնամեակներ առաջնորդուող Հայ Օգնութեան Միութեան անդամները յայտարարեցին, որ վճռական են շարունակելու հայրենիքին ու հայրենակիցներին ծառայելու իրենց գործողութիւններում: