«Խելք» անվճար արհեստագիտական դպրոցը, որ աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական հաւատարմագրուած ծրագրով, աւարտեց իր առաջին խմբի ծրագիրը` պատրաստելով համացանցային կայքերի ծրագրաւորման 15 նոր մասնագէտներ: Աւարտական միջոցառման եւ քննութեան համար Երեւան էին ժամանել ոչ միայն դպրոցի հիմնադիրները Ֆրանսիայից եւ Ամերիկայից, այլ նաեւ SIMPLON-ի համահիմնադիր Ֆրեդ Բաղդոն:
Անցած 6 ամիսների ընթացքում դպրոցի առաջին խմբի ուսանողներն ամբողջօրեայ առցանց դասերի ընթացքում սովորել են ծրագրաւորում, որը հնարաւորութիւն է տալիս գործնականում զուգահեռաբար կիրառել ստացուած գիտելիքներն ու զարգացնել ծրագրաւորման համար անհրաժեշտ հմտութիւններ: Այժմ նրանք պատրաստ են անցնել փորձարկութեան փուլին, որի շրջանակում իրենց գիտելիքներն ու հմտութիւնները կիրառութեան մէջ կը դնեն հայկական ընկերութիւններում:
Միաժամանակ դպրոցն աւարտել է երկրորդ խմբի մասնակիցների ընտրութիւնը: Մրցակցութիւնը բաւական մեծ է եղել. ստացուած 500 յայտերից ընտրուել են 25 մասնակիցներ, ովքեր Յունիսից կը սկսեն երկրորդ անվճար դասընթացը: Փորձելով լինել առաւել հասանելի` դպրոցը որպէս հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44օրեայ պատերազմի մասնակիցներին եւ պատերազմից տուժած ընտանիքների անդամներին, ինչպէս նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանուած անձանց:
«Խելք» դպրոցը նաեւ շարունակում է համագործակցութիւնը տեղեկատուական արհեստագիտութեանց ոլորտի ընկերութիւնների հետ, որոնք համաձայնում են դասընթացի աւարտից անմիջապէս յետոյ սովորողներին առնուազն մէկ ամսով ընդունել որպէս փորձնակ` աշխատանքի ընդունելու հնարաւորութեամբ:
«Մասնակիցներից մէկը ընդունուեց հայկական ընկերութեան մը կողմից, որպէս կրտսեր մասնագէտ: Սա փաստ է, որն ինքնին խօսում է մեր կատարած աշխատանքի մասին», նշում է Հայաստանում «Խելք» դպրոցի գործադիր տնօրէն Սեդա Պապոյեանը:
Դպրոցը հիմնելու գաղափարն առաջացել է 2020ի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլեանի մօտ: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար գումարների հայթայթումն ու կայուն աշխատանքի կազմակերպումը: