ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի կեանքի ծանօթ ու անծանօթ էջերը թերթուեցին ԱՄՆի Հայ գրողների եւ լրագրողների միութեան (ՀԳԼՄ) կազմակերպած գրական-գեղարուեստական երեկոյի ժամանակ: «Իւրաքանչիւր մարդ ունի իր մէջ Թումանեան, եւ հարկաւոր էր ներկայացնել մեծն բանաստեղծի այն կողմերը, որ երբեւէ չեն ասուել, պահուել են, քանզի խորհրդային համայնավարական կարգերին ձեռնտու չէր դրանք հանրայնացնել», ձեռնարկի առանձնայատկութեան մասին խօսելիս նշեց Միութեան նախագահ, բանաստեղծ Վազգէն Վանատուրը:
Յունիսի 26ին, Գլենդելի Երիտասարդական կենտրոնում հայի ու հայկականութեան եւ ազգային մտածողութեան ամենավառ խտացումը մարմնաւորող «Տիեզերքի աստուածային ճամբորդի» ոգին էր թեւածում: Այս խորագրով էլ Վազգէն Վանատուրը սկսեց իր բանախօսութիւնը, որ ուղեկցւում էր Թումանեանի կեանքի մասին վաւերագրական ժապաւէնով ու բացառիկ տեղեկութիւնների մատուցմամբ:
«1869 թուին…
Մայր Հայաստանի արգանդը եղաւ սրբօրէն բեղուն,
Մի մանուկ ծնուեց Լոռուայ Դսեղում…
Նա յետոյ պիտի դառնայ պատանի,
Եւ երիտասարդ, եւ այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
Մրմուռից դաղուած նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրայ զօրքի հետ Դաւիթը խօսի,
Գիքորը կանչի, «էստի՛ համեցեք…»:
Նա պիտի երգի` ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակէզ հոգին
Եւ` որքան տրտում-նոյնքան կենսագին`
Տարիներ յետոյ նա պիտի դառնայ
Մի ժողովրդի ազնիւ կենսագիր…»:
Պարուր Սեւակի այս խօսքերն ամբողջական պատկերացում են տալիս հայ մեծագոյն գրողի ու բանաստեղծի, հասարակական, ազգային գործչի դերի մասին հայ ժողովրդի կեանքում` մեր պատմութեան ճակատագրական փուլերից մէկում:
Վազգէն Վանատուրը, ներկայացնելով Յովհաննէս Թումանեանի կենսագրութիւնը, անդրադարձաւ նրա ծնողներին, միջավայրին, որտեղ ձեւաւորուել էր մտաւորականը` ընդգծելով ազդեցութիւնը, որ նրա հոգեւորական հայրն ունեցել է որդու կեանքում: Տէր Թադէոսը, Դսեղ գիւղի քահանան էր`ազնիւ, մարդասէր, առատաձեռն ու առակախօս: Նա ձգտել է որդու համար ապահովել լաւագոյն կրթութիւն: Հօր հետ անտեսանելի կապն ուղեկցել է Յովհաննէս Թումանեանին ողջ կեանքի ընթացքում: Խօսելով Թումանեանի արմատներից, բանախօսը նշեց, որ բանաստեղծն էլ յայտարարել է, որ սերում է հայոց պատմութեան ընթացքում բազում սխրագործութիւններով հռչակուած Մամիկոնեան նախարարական տոհմից եւ նրա նամակների մի մասը կրում է «Յովհաննէս Թումանեան-Մամիկոնեան» կնքադրոշմը:
Լինելով իրական մտաւորական, Թումանեանը ներգրաւուած է եղել ազգային նշանակութեան տարբեր հարցերում, այդ թւում` ազգային ազատագրական շարժման շարքերում: Երբ ընկերները նրան զգուշացրել են քաղաքական, ազգային գործունէութեամբ զբաղուելու վտանգաւորութեան մասին, նա պատասխանել է` «…Ես սիրում եմ զինուորի պաշտօնը»: Վազգէն Վանատուրը նշեց, որ Թումանեանը սերտ կապեր է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ եւ կիսել կուսակցութեան հայրենասիրական գաղափարները, ինչի մասին քչերին է յայտնի: Թումանեանը մտերիմ է եղել նաեւ ազատագրական շարժման գործիչներից Ալեքսանդր Գոլօշեանի հետ, ում հետ միասին եղել է Արեւմտեան Հայաստանում: Իր ազգային գործունէութեան պատճառով, Յովհաննէս Թումանեանը մշտապէս իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում է եղել, անունը յայտնուել է «ահաբեկիչ յեղափոխականների» ցուցակում: Արդիւնքում, տարբեր ժամանակաշրջաններում նա երեք անգամ ձերբակալուել է` մէկ անգամ շուրջ մի ամիս անցկացնելով Պետերբուրգի բանտում:
Թումանեանն ունեցել է տարբեր ոլորտներից ընկերական մեծ շրջանակ, այդ շրջանի ականաւոր հայ գրողներ, արուեստագէտներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Նրանց հանդիպումները 1899 թուականից սկսած հիմնականում անցկացուել են բանաստեղծի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի շրջանակներում: Վազգէն Վանատուրը մի ուշագրաւ փաստ ներկայացրեց, ըստ որի, Վերնատունը գործում էր մի կառոյցի վերին յարկում, ուր հասնելու համար, այցելուները պէտք է բարձրանային ուղիղ հարիւր աստիճան:
Անդրադառնալով Յովհաննէս Թումանեանի անձնական կեանքի դրուագների, ձեռնարկի գլխաւոր բանախօսը ներկայացրեց քիչ յայտնի մանրամասներ գրողի կեանքում դեր ունեցած կանանց մասին: Այդ մասին բանաստեղծի ընկալումները բազմիցս դրսեւորուել են նրա ստեղծագործութիւններում: Առաջին սիրային` «Հոգուս Հատոր» բանաստեղծութիւնը, պատանի Յովհաննէսը գրել է, երբ սիրահարուած էր իր դպրոցի տեսուչի աւագ դստերը` Վերգինէին:
Վազգէն Վանատուրն, ամփոփելով խօսքը, մէջբերեց Յովհաննէս Թումանեանի` ազգային խնդիրների լուծման բանաձեւերից մէկը, որ այնքան արդիական է նաեւ այսօր. «Ուրիշ ճանապարհ չկայ. ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետեւ ներսից ենք փչացած»:
ԱՄՆի Հայ գրողների եւ լրագրողների միութեան նախագահի բանախօսութիւնը պարբերաբար ընդհատւում էր տարբեր ժանրերի արուեստագէտների կողմից Թումանեանի ստեղծագործութիւնների ներկայացմամբ: Երգիչ, կիթառահար Ժիրայր Բարսամեանի երաժշտական դադարը` Թումանեանի եւ Տիգրանեանի «Անուշ»ից «Ամպի տակից ջուր է գալիս» երգի կատարումով էր, որին սիրով ձայնակցեցին ներկաները:
«էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը` խորունկ նօթերը կիտած`
Դէմ ու դէմ կանգնած, յամառ ու անթարթ
Հայեացքով իրար նայում են հանդարտ:
Նրանց ոտքերում` գազազած գալի`
Գալարւում է գիժ Դեւ-Բեդը մոլի,
Խելագար թռչում քարերի գլխով,
Փրփուր է թքում անզուսպ երախով,
Թքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փնտռում է ծաղկած ափերը հին-հին»…
Լոռեցի Սաքոյի խելագարութեան տեսարանները Լոռուայ լեռների խորքերից կարծես բխող ձայնով եւ ողջ պատկերաւորութեամբ ներկայացրեց Հայաստանի վաստակաւոր արտիստ Յովհաննէս Բաբախանեանը: Նա ներկայացրեց նաեւ բացառիկ հատուածներ ռեժիսոր Ռուբեէ Քոչարի «Խաչուող Ուղիներ» անուանումով, Թումանեանի եւ Կոմիտասի մասին ֆիլմից, որտեղ ինքն է մարմնաւորել երկու մեծ հայերի կերպարները: «Երբ ռեժիսորին հարցրեցի, թէ ինչու է երկուսի դերում էլ ինձ ընտրել, ասաց, որ Թումանեանի եւ Կոմիտասի աչքերն այնքան նման են եղել, որ դժուար էր գտնել գրեթէ միանման աչքեր ունեցող երկու տարբեր դերասանների», նշեց Բաբախանեանը:
Վազգէն Վանատուրի խօսքն առաւել առարկայական դարձրեց «Գիքոր» ու «Տէրն Ու Ծառան» ֆիլմերից հատուածների ցուցադրումը: Ասմունքող Նունէ Աւետիսեանն էլ ներկայացրեց «Իմ Ընկեր Նեսոն» պատմուածքը:
«Անզուգական», այսպէս բնորոշեց Թումանեանին արձակագիր Մարգարիտ Դերանցը` ընդհանուր գծերով ներկայացնելով բանաստեղծին: «Թւում է, թէ Թումանեանին բնորոշ է առաւել գրող անունը, սակայն նա սոսկ բանաստեղծ չէ: Ամէն ազգ ունի իր կենսագրութիւնը: Հայ ժողովրդի կենսագրութեան` կեանքի, կենցաղի, նիստ ու կացի, հոգեբանութեան, հոգեկերտուածքի մասին մենք տեղեկանում ենք Թումանեանի ստեղծագործութիւններից աւելի շատ, քան այդ շրջանի բոլոր մասնագէտներից` պատմաբաններից, հայագէտներից, բանասէրներից միասին վերցրած: Ես Թումանեանին կոչում եմ անզուգական, եւ պատահական չէ, որ ժողովուրդն ամենայն հայոց բանաստեղծ տիտղոսով է մեծարել նրան», իր խօսքում նշեց Դերանցը`մէջբերելով Եղիշէ Չարենցի խօսքերը: «Կայ Մեծարենց, կայ Տէրեան, եւ բազում ուրիշ պօէտներ կան, բայց Թումանեանն է անհաս Արարատը մեր նոր քերթութեան… »:
ԱՄՆի Հայ գրողների եւ լրագրողների միութեան կազմակերպած երեկոն առանձնայատուկ էր մի շարք առումներով: «Ընտրել էինք այնպիսի ձեւաչափ, որը կը լինէր ներկայացման ժամանակակից չափանիշներին համապատասխան, եւ ընկալելի նաեւ երիտասարդ սերնդի համար», նշեց Վազգէն Վանատուրը: Նա յայտնեց, որ ձեռնարկի իրականացումը հնարաւոր է դարձել Գլենդելի Երիտասարդական կենտրոնի աջակցութեամբ: Ամէն ամսուայ վերջին Կիրակի օրը կենտրոնի միջոցառումների սրահն անվճար կը տրամադրուի ՀԳԼՄին` տարատեսակ ձեռնարկների անցկացման համար: Վանատուրի խօսքով, երկու կառոյցների համագործակցութիւնը նոր լիցքեր կը հաղորդի միութեան հանրային գործունէութեանը:
If Hovaness Toumanian was born as U.S.A., U.K. or French writer,
surely would become Internationally known, world famous poet,
winner candidate of Nobel Literature, classified one of the most
famous.. Not imprisoned by bolshevik K.G.B. agents for his nation’s
lived, Representative Writings. God Bless His Memory as AN
IMMORTAL ARMENIAN.