Այսօր, թերեւս այդ օրն է, երբ ձեր ընկալուչները ոչ միայն բաց են, այլ միացրած ձեր խղճին ու լսելու պատրաստ: Ուրեմն, պիտի ուզէի ձեր ուշադրութեանը յանձնել մի շարք հարցեր:
Աշխարհը պէտք է հասկանայ որեւէ ցեղասպանութեան աննկարագրելի սխալը, լինի դա հայկական, հրէական, ռուանտական, քամպոտիական, կամ որեւէ ուրիշը: Բայց առաւել ֆիզիքական ոչնչացման, պէտք է նկատի առնենք նաեւ զգացական եւ հոգեբանական փլուզումը, քանի որ հոգին չի կարող նուազ կարեւոր լինել քան մարմինը: Ամբողջ սերունդներ ծնւում են տրաւմաներով եւ հոգեկան վէրքերով այդ ոճիրներից: Ես գիտեմ: Ես ինքս մի զոհ եմ: Աճել եմ սպիներով, ժառանգուած բջիջային մակարդակով:
Վստահ եմ, համաձայն կը լինէք, թէ պատերազմները եւ բնաջնջումները նախնական են եւ անգութ. նրանք ծնունդ են առնում ամբարտաւանութիւնից, զայրոյթից եւ ատելութիւնից, եւ այդ պատճառով հաւասար են հոգեկան ձախողութեան. նրանք զրկում են մեզ արժէքաւոր կեանքերից եւ յաջորդ սերունդների տաղանդներից. նրանք մեզնից գողանում են հոգին հարստացնող ապագայի մի արուեստի կամ գրականութեան կտորից, կամ երջանկութիւնը վերանորոգող հոգեբանական մի հասկացողութիւնից, կամ մահը յետաձգող մի հրաշք դեղի յայտնաբերումից…
Ի՞նչը կարող է արդարացնել այդ կորուստը. կալուածնե՞րը, ուժի ցուցադրութի՞ւնը, դրա՞մը, սնափառութի՞ւնը: Մենք յարձակւում ենք իրար մաշկի գոյնի տարբերութեա՞ն համար կամ այլ հաւատքի՞: Ինչպէ՞ս կարող ենք մենք մեզ քաղաքակիրթ կոչել, երբ մեր հոգիները չեն աճած:
Մեր սերնդի դերը ճակատագրական է: Անհրաժեշտ է մեր DNA-ն շեղել՝ դէպի գիտակից եղափոխութիւն, որ կարողանանք ցանել մեր ապագան, առողջ մի գոյութեամբ, որ յայտնաբերենք մեր խորունկ նպատակը եւ կատարենք մեր աստուածային առաքելութիւնը:
Պատմական փաստեր կան, թէ Հայկական Ցեղասպանութիւնը օրինակ ու կաղապար է եղել ուրիշ ողջակիզումների: Եւ ճշմարտութիւնը այն է, թէ տիեզերքը վարակիչ գիտակցութիւն ունի, թէ ապրող մի տարր է, անվերջ աճումի մէջ, եւ մեր ներդրումը միայն դրական պէտք է լինի: Հարկ է, որ մարդիկ իրար գուրգուրան:
Անհրաժեշտ է ընդունել, թէ մէկ ենք տիեզերքի հետ: Մենք միանում ենք հաւաքական մտքում եւ պէտք է հասկանանք կեանքի անխուսափելի հաւասարակշռութեան ուժը. ինչ որ ուրիշին ենք անում, մեզ ենք անում: Ինչ որ ցանես, այն կը հնձես: Քարմա: Պատճառ եւ արդիւնք յարաբերութիւն… Նոյնիսկ քուանտային գիտութիւնը յայտնում է մեզ, թէ դիտուողը չի կարող բաժանուել դիտողից: Ամէն ինչ իրար է կապուած:
Մարդկային համայնքը պէտք է սովորի միացեալ կերպով գործել ու լինել բարոյական լուսապատկերի ամենաբարձր մակարդակում, անբարոյագիտական քաղաքականութիւնից վեր եւ սրտի ճիշդ կենտրոնում: Հարկ է սիրով լցնել տարբեր մշակոյթների բացած ճեղքերը, ստեղծելու համար մի հզօր ցանց ամէն բնագաւառներում, որոնք մտահոգում են մարդկութեան:
Այս կարող է միայն բանաստեղծի երազ լինել, բայց միակ միջոցն է կանգնելու մարդկային ցեղի արժանապատիւ բարձրութեան վրայ. միակ միջոցը աշխարհի սխալ յաճախականութիւնը արմատային կերպով փոխելու:
Ես մերժում եմ ընդունել այն հասկացողութիւնը, որ անկարելի է մարդոց համար ճանաչել իրենց մէկութիւնը եւ իրար հանդէպ գութ շարժել: Մենք կարիքն ունենք այդ գութին՝ աշխարհի խաղաղութիւնը ապահովելու համար, որը անկիսելի է, քանի որ «ոչ ոք կարող է խաղաղ լինել, եթէ բոլորը խաղաղ չեն»: Ուրեմն հարկաւոր է, որ մարմնացնենք այս գաղափարը եւ մեր բարոյական օժանդակութիւնը բերենք՝ դարբնելու համար այդ համայն խաղաղութիւնը: Այս մեզ վերածելու է յառաջդիմական, տիեզերական մարդ արարածների, միաւորուած այս արգանդի մէջ, որ մոլորակ է կոչւում:
Ես վստահ եմ, որ դուք հասկանում էք, թէ ատելութիւնը մահուան աղբիւրն է, հակառակ սիրոյ, որ կեանքի աղբիւրն է: Ես պիտի ուզէի աւելացնել, որ սիրոյ կողքին, մարդ արարածին կամ որեւէ ազգի վերապրելու բանալին իր բարոյագիտութեան հասակն է: Այդ հասակին հասնելու ուրիշ ընտրութիւն չկայ ձեզ համար՝ բացի ճանաչել 1915ի Թուրքիայի կառավարութեան որոշումով կայացած Հայկական Ցեղասպանութիւնը:
Ես տեսնում եմ այդ ճանաչումը արձանագրուած մեծ մարդկային ու բարոյական պատմութեան տոմարներում, գերութեան ոչնչացման կողքին կամ՝ Պերլինի պատի վերացման, կամ Երրորդ ռայխի՝ հրէական Ողջակիզման գերմանական ճանաչման:
Պատմութիւնը հպարտութեամբ է յիշում, երբ Արեւմտեան Գերմանիոյ վարչապետ Ուիլի Պրանտը Դեկտեմբեր 1970ին Վարշաւա այցելեց, եւ ծնկերի վրայ ընկաւ հրէական թաղամասում տեղադրուած եղեռնի յուշարձանի առջեւ: «Որեւէ մէկը, որ իր աչքերը փակում է դէպի անցեալը», յայտարարեց նա, «կո՛յր է մնում դէպի ներկան: Ով որ մերժում է յիշել անմարդկութիւնը՝ հակամէտ է նոր վարակումի վտանգներին»:
Իրօք, չընդունուած մի սխալ՝ կրկնուող մի սխալ է:
Անկասկած, Գերմանիան միջազգային յարգանք ու վստահութիւն շահեց այդ իր ներողութեամբ եւ հատուցումներով՝ Նացիզմի զոհերի հանդէպ:
Նախորդ կառավարութիւնների գործած ոճիրների ճանաչումը ներկայ Թուրքիայի կառավարութեան կողմից, չի նշանակում ուղղակի յանցանք, այլ՝ պատասխանատութեան ստանձնում: Այս ճանաչումը կարող է յետաձգուել… բայց երբեք չի կարելի փախչել նրանից: Ոչ ոք փափաքում է, որ ցեղասպանութիւնը եւ ստորութիւնը իր ազգային ինքնութեան մաս կազմեն:
Ըստ օրէնքի, ոճիր քօղարկելը համազօր է այդ ոճրի մեղսակիցը լինելուն: Այդ պատճառով, մի քանի օր առաջ, Ժաք Շիրաքը, Ֆրանսայի նախագահը, յայտարարեց, որ Հայկական Ցեղասպանութեան մերժումը՝ ոճիր է:
Երբեմն ենթադրում ենք, որ սխալները, եւ նոյնիսկ ոճիրները, ժամանակի ընթացքում կը մոռացուեն: Թերեւս, բայց ո՛չ այս մէկը: Արդէն իր ճանապարհին խորապէս ազդել է չափից աւելի կեանքերի, սերունդների միջով, գրեթէ մի դարի ընթացքին:
Ոչ մի խնդիր անհետանում է նրան անտեսելով: Նրան հերքելով կարելի չէ պատասխանատուութիւնները ջնջել: Ընդհակառակը, մերժումը նոր վէրքեր է բացում մարդկային հոգու մէջ: Այս 91 տարիների ընթացքին, ամէն յուշատօնի ժամանակ, ձեր հերքումը մի նոր մահ եղաւ: Ամէն մի ափ հայ հողի, որ այդ տարիներում լքուեց ու թողնուեց, որ չորանայ, ամէն մի հայ եկեղեցի, որ քանդուեց՝ մի նոր մահ եղաւ:
Ուշ կամ շուտ՝ սխալների ծանր բեռը պէտք է վերացուի ձեր խղճերից, որ ապագայ թուրք սերունդները դարերով չժառանգեն երբեք այդ բեռը:
Ուշ կամ շուտ, պիտի գիտակցէք, որ բոլոր այն պատրուակները, որ յօրինեցիք՝ չընդունելու համար պատմութեան իրողութիւնները, նմանում են հորիզոնին. մի տեսողական պատրանք են: Մի հսկայ տարածութիւն կայ երկրի ու երկնքի միջեւ, մի տարածութիւն՝ լեցուն ճշմարտութեամբ ու ծայրագոյն արդարութեամբ:
Հայրս, Ցեղասպանութեան մի վերապրող, անմխիթարօրէն հեկեկում էր, երբ յիշում էր իր ողբերգութիւնը: Նա երեխայ էր, երբ կորցրեց իր տունը, ընտանիքին եւ ընկերներին, եւ ծախուեց իբր գերի, ինչպէս հազարներ, որ մնացին որբ՝ գաղթերի ժամանակ: Ես նրանցից շատերի հետ խօսել եմ եւ յաճախ լսել եմ. «Դու չես ճանաչում թուրքերին… Նրանք սիրտ չունեն»:
Ես չեմ կարող հաւատալ այդ խօսքերին: Թերեւս աւելի արդար կը լինէր յանցանքը վերագրել նրանց, որոնք ծրագրեցին ու գործադրեցին Հայկական Ցեղասպանութիւնը, փոխանակ համայն թուրք ժողովրդին… Եւ այդ պատճառով, ես համաձայն չեմ վրէժխնդրութեան: Երբե՛ք արիւնը արիւնով չի մաքրուի:
Չարդերը ոչնչացրել են մէկ ու կէս միլիոն հայեր… Բայց ժամանակն է ներելու: Մոռանալը ընտրութիւն չէ. ներելը՝ այո՛:
Ժամանակները փոխուել են, ու բոլորս սպասում ենք արդի Թուրքիայի կառավարութիւնից, որ որդեգրի բարձր կեցուածք եւ ընդունի պատահածը, ի պատիւ իր ժողովրդին եւ ի յիշատակ զոհերին:
Մի շարք երկրներ ճանաչել են արդէն հայերի ցեղասպանութիւնը, բայց յարգած լինելու համար արդարութիւնն ու ճշմարտութիւնը՝ բոլոր աշխարհի պետութիւնները պէտք է ընդունեն այն, ներառեալ Ամերիկայի Միացեալ Նահանգները, որ դրժել է իր խոստումները:
Այսօր, ճիշդ այս պահին, ջարդերի զոհերը փոխ են առնում իմ ձայնը ձեզ հետ խօսելու. «Մեզ արժանապատուութիւն տուէք, որ ձերը վերստանաք: Մեզ հանգիստ տուէք, որ հանգիստ լինէք»:
Մարդկութեան դէմ ոճիր գործելը մի բեռ է, մի մութ ամպ՝ որեւէ ազգի համար, որ շալակում է իր բոլոր գոյութեան ընթացքին: Ձեր քաղաքացիները եւ ձեր երկրի հեղինակութիւնը պահանջում են այդ ամպի փարատումը: Արար աշխարհը այդ է սպասում ձեզանից:
Այո՛, մեծ քաջութիւն է հարկաւոր սխալը սրբագրելու համար: Բայց ազգի պատիւը արդեօք արժանի չէ՞ այդ քաջութեան: Արդեօք չի՞ արժում փառքի մի անկիւնադարձ ստեղծել հիմա պատմութեան մէջ՝ ընդմիշտ ազգային հպարտութիւն ձեռք բերելու ձեր ժողովրդին… Հպարտութեան այն տեսակը, որ կարելի չէ գնել կամ ծախել:
Ճիշդ կեցուածքը օրկանական մի պահանջ է: Մինչեւ այդ պահը չիրականանայ՝ իրօք քաղաքակիրթ չէք կարող համարուել: Պարտաւոր էք առնել ճիշդ քայլը՝ ոչ միայն ձեր ազգի համար, այլ՝ արար մարդկութեան անունից:
Կասկած չունեմ, որ եթէ դուք դեռ պատրաստ չէք, աւելի յառաջադէմ սերնդի թուրք կառավարութիւնը անպայման կը լինի: Դա լինելու է ձեր ազգի ներդրումը քաղաքակրթութեան զարգացման, եւ համաշխարհային պատմութիւնը պիտի ընձիւղուի իր ամենամութ էջերից դէպի իր ամենալուսաւոր բարձունքները:
Թէպէտ հայերը վերապրել են, հասկանում են, որ ոչ մի վերապրում կարող է ամբողջական լինել՝ առանց վնասուած ոգեկան կտաւի վերանորոգման:
Հայ ժողովուրդը ուժեղ միացել է պայքար մղելու, որ հասնի այդ վերանորոգման իղձին, առանց նկատելու, թէ որքան երկար կամ դժուար կարող է լինել ճանապարհը: Եւ այդ պահը, երբ ճակատամարտը աւարտուի, կը լինի ոչ միայն հայերի իրականացած երազ՝ այլ թուրք պատմութեան փայլուն պահը:
Չգիտեմ երբեւէ մենաշնորհը կÿունենամ այդ տեսնելու, բայց գիտեմ, որ պատահելու է: Ուրիշ ազատում չկայ ձեզ համար, ձեր ազգի համար, մինչեւ յաւերժութեան խորքերը՝ բացի անցեալի սխալները ընդունելը, որովհետեւ տիեզերքը ուշադիր է հէնց այս րոպէին:
Պատմութիւնը անընդհատ մեր վկան է:
Նոյեմբեր, 2006