Փրակայի համալսարանի ցուցասրահում Սեպտեմբերի 8ից բացուած է »Ուըրլտ փրէս ֆոթօ« միջազգային լուսանկարչական ամէնամեայ մրցոյթի 2006 թուականի մրցանակակիրների լուսանկարների ցուցադրութիւնը: Այս տարուայ ցուցահանդէսը մեզ համար յատկանշական է այն իրողութեամբ, որ Փրակա քաղաքի աւանդական մրցանակն առաջին անգամ շնորհուեց լոնտոնաբնակ մեր հայրենակից, յայտնի լուսանկարիչ Էտմոն Տէր Յակոբեանին:
Նրա լուսանկարներից մէկը՝ որում պատկերուած է Լոնտոնի մեթրոյում տեղի ունեցած պայթիւնից վէրքեր ստացած արիւնոտ վիրակապով մի քաղաքացի, մրցոյթում »Կարեւոր լուրեր« անուանակարգում ստացել էր 3րդ մրցանակը, միաժամանակ ստանալով Փրակա քաղաքի շնորհած մրցանակին:
Ի դէպ, 2005 թուականի յուլիսեան այդ օրերին Էտմոն Տէր Յակոբեանի այդ լուսանկարն իրենց առաջին էջերում տպագրել են անգլիական եւ միջազգային 10 պարբերականներ: Փրակայի մրցանակի կապակցութեամբ Էտմոն Տէր Յակոբեանին հնարաւորութիւն էր տրուել առանձին ներկայացնել նաեւ իր 12 աշխատանքները, որոնք բոլորն էլ նուիրուած էին 2005 թուականի Յուլիսի 7ին Լոնտոնում տեղի ունեցած ահաբեկչութիւնների հետեւանքներին:
Նշենք նաեւ, որ սա Էտմոնի 8րդ միջազգային մրցանակն էր: Այս տարի Էտմոն Տէր Յակոբեանը արդէն իսկ բրիտանական մամուլի ամէնամեայ մրցանակաբաշխութեան ընթացքում ճանաչուել էր տարուայ լաւագոյն լուսանկարիչ: Իսկ 2006ի Մարտ ամսին նա նաեւ ստացել էր բրիտանական լուսանկարիչ-խմբագիրների յատուկ մրցանակը տարուայ »Լրատուական լուսանկարիչ« անուանակարգում:
Աւելացնենք, որ »Ուըրլտ փրէս ֆոթօ«ի մրցանակաբաշխութեանը այս տարի մասնակցել են աշխարհի 122 երկրների 4448 արհեստավարժ լուսանկարիչներ՝ ներկայացնելով աւելի քան 83 հազար լուսանկար: Գլխաւոր մրցանակը ստացաւ »Ռոյթըրզ« գործակալութեան քանատացի լուսանկարիչ Ֆինպար Օրիէլին: