
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Ընթերցողը կը յիշէ, թէ ինչպէս Արգամ Մանասեան անքուն գիշեր մը անցընելէ ետք, հեռաձայն մը ստացած էր իր նախկին տեղակալէն՝ Վռամ Մաշուրեանէն:
Այսօրուան ընթերցումով մեզի պիտի ներկայանան Վ. Մաշուրեանին հակապատկեր հանդիսացող երկու անկեղծ ու հաւատարիմ անձեր. մէկը Մինասեանի կինն է՝ Յասմիկը, իսկ միւսը՝ վարորդ Աշոտը:
***
«Առաւօտեան ուղիղ ժամը ութին հնչեց դռան զանգը: Յասմիկն ու երեխաները հաւանաբար դեռ քնած էին, եւ միջանցք դուրս գալով, դուռը բացեց Արգամ Մանասեանը: Դռան առջեւ կանգնած էր Աշոտը.
– Բարի լոյս, Արգամ Պետրովիչ, – ընդգծուած առոյգ ձայնով ողջունեց նա: – Ես ներքեւում սպասում եմ:
Արգամը նախ ուրախացաւ, բայց անմիջապէս էլ ինչ-որ բան յիշեց ու տհաճութիւն զգաց:
– Աշո՞տ, – ասաց նա երեխայավարի, հեգնանքով, – բա ասում էիր, թէ այդ մեքենան այլեւս չես նստի:
– Ձեր «Վոլկայով» եմ, Արգամ Պետրովիչ: Բանալիները իմ ձեռքին էին, չէ՞…
– Հա՞, կեցցես, – ուրախացաւ եւ միաժամանակ անյարմար զգաց Արգամ Մանասեանը: – Դէ ուրեմն՝ գնացինք:
Բայց անմիջապէս պարզուեց, որ նա անարդարացի էր ոչ միայն Աշոտի, այլեւ Յասմիկի նկատմամբ: Որովհետեւ նոր էր կրկին բացել իր սենեակի դուռը, երբ միջանցքում յայտնուեց Յասմիկը:
– Արգա՞մ, – ձայնեց նա, – մինչեւ ձուածեղ չուտես, ոչ մի տեղ չես գնայ:
Արգամն ակամայ ծիծաղեց.
– Ա՛յ կնիկ, հօ ամէն ինչ բառացիօրէն չեն հասկանայ: Հիմա ես ոչ մի ախորժակ չունեմ:
Յասմիկը բռնեց նրա թեւն ու գլխով արեց Աշոտին:
– Անմիջապէս անցէք խոհանոց: Հետաքրքիր մարդ ես, – ամուսնու ձեռքը շարունակելով ձգել (քաշել), ասաց նա: – Ամբողջ գիշեր չեմ քնել, վախեցել եմ, թէ առաւօտեան քնած կը մնամ ու ձուածեղը չեմ հասցնի:
– Եւ ամբողջ գիշերը չե՞ս քնել, – ապշեց Արգամ Մանասեանը՝ վիրաւորուածութիւնը վերապրելով: – Դու չե՞ս քնել…
– Չէ, Արգամ ջան, – ժպտալով ասաց Յասմիկը: – Հայրիկի մակնիթոֆոնը (ձայնագրութեան մեքենայ) դրել էի կողքիս, ականջակալները հագցրել գլուխս ու լսում էի ինձ համար…
Արգամը քրքջաց: Նա չէր կարողանում պահել իրեն, ծիծաղում ու ծիծաղում էր շարունակ, նոյնիսկ աչքերում արցունքներ յայտնուեցին: Աշոտն ու Յասմիկը զարմացած նրան էին նայում:
– Քեզ ի՞նչ պատահեց, այ մարդ, – ոչինչ չհասկանալով, հարցրեց Յասմիկը: – Իմ ասածի մէջ ի՞նչ ծիծաղելի բան կար:
– Ուրիշ բան յիշեցի, – արցունքները սրբելով շարունակեց ծիծաղել Արգամը, գտնելով, որ ոչ մի միտք չունի կնոջը խօսելու թեմա (նիւթ) տալ, պատմել իր սրտխառնուքի եւ խեղճ Յասմիկի հասցէին ուղղուած մեղադրանքների մասին:
Աշոտի հետ արագօրէն նախաճաշելուց եւ սուրճ խմելուց յետոյ, Արգամ Մանասեանը անմիջապէս դուրս չեկաւ տնից: Տատանուեց, տատանուեց եւ այնուամենայնիւ վճռեց զանգահարել իր ընկերոջ՝ գիւղատնտեսութեան բաժնի վարիչին: Հեռախօսը կինը վերցրեց.
– Բարի լոյս, Վարսիկ, – Ասաց Արգամը: – Վազգէն Միհրանիչը տա՞նն է:
– Ո՞վ, – հարցրեց կինը: – Վազգէնն էդ ե՞րբ քեզ համար Միհրանիչ դարձաւ (…)
Արգամը չպատասխանեց. Չգիտէր ինչ ասել:
– Տանը չի՞, – նորից հարցրեց նա:
– Չէ, Արգամ ջան, – ասաց Վարսիկը: – Շուտ դուրս եկաւ, արդէն երեւի տեղում կը լինի: Էդ ինչի՞ չէք երեւում, ա՛յ տղայ: Շատ չէք զարգացե՞լ…
Արգամ Մանասեանն զգաց, որ կոկորդը քոր է գալիս ու ներսից, ինչ որ տեղից բարձրանում է ցաւը: Վարսիկի խօսքերը նրան ետ տարան տարիներ-տարիներ, հասցրին այն ժամանակները, երբ կիսաքաղց էին ու երջանիկ: Արգամը, Վազգէնն ու Վարսիկը նոյն կուրսում (դասարան) էին սովորում, իրար հետ: Իսկ Վազգէնն ու Վարսիկը ինչպէս առաջին դասախօսութեանը պատահականօրէն յայտնուեցին նոյն նստարանին, նոյն նստարանին էլ աւարտեցին ինստիտուտն (հիմնարկ) ու ամուսնացան: Նրանց արանքով հինգ երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի սեւ կատու չանցաւ եւ ոչ մի խնդիր չծագեց նրանց միջեւ: Ոչ տանջեցին իրար, ոչ խանդեցին, ոչ ցաւ պատճառեցին մէկմէկու: Նրանք երեւի այդպէս էլ մինչեւ վերջ սէր չխոստովանեցին միմիանց կամ հաւատարմութեան երդում չտուեցին: Դրա կարիքը չկար: Նրանք առանց այդ էլ ծնուել էին իրար համար եւ լրացնում էին իրար:
– Ինչի՞ չես խօսում, Արգամ տղայ, – զարմացած, որ պատասխան չի լսում, հարցրեց Վարսիկը:
– Վազգէնն ինձ պէտք է, Վարս, – ասաց Արգամը:
– Որեւէ բա՞ն է պատահել: Եթէ հիմա չգտնես, երեկոյեան տուն արի: Դու գիտես, որ ուր էլ գնայ, երեկոները խելօք-խելօք տուն է գալիս:
– Շնորհակալութի՛ւն, Վարսիկ ջան:
– Պահ-պահ-պահ, շնորհակալութի՞ւնս որն է, թիթիզ…
Արգամն ակամայ ժպտաց: Նոյն պայծառ աղջիկն է, ոչինչ, ոչինչ չի փոխուել, թէեւ տատ է արդէն:
– Կը գամ, կը գամ, Թարսիկ-Վարսիկ…»:
***
Գալ անգամ պիտի տեսնենք թէ ինչպէս «յարգանք», «արտօնութիւն» կամ «իրաւունք» բառերը վաղամեռիկ յղացքներու կ՛առնչուին: Մարդ կը յարգուի, երբ պաշտօն ունի. դարպասները իր առջեւ կը բացուին, երբ յարգարժան տնօրէն է. իսկ երբ մէկ օրէն միւսը կը դադրի այդ տիտղոսը կրելէ՝ երէկուան հլու-հնազանդ պաշտօնեաները կը դառնան կոշտ եւ անհոգի անձեր: Քիչեր կ՛ընդունին տնօրէն մը որպէս յարգանքի արժանի մարդ արարած եւ իր հետ կը վարուին որպէս այդ: